Դեռ հարց է, թե ով է ում բեմ տրամադրել

Դեռ հարց է, թե ով է ում բեմ տրամադրել
Թատերական ինստիտուտի շուրջ մեր հրապարակումներին արձագանքելով` ընթերցողներից մեկը նկատել էր, որ ռեկտորն իր տեղում չէ. հենց միայն այն փաստը, որ ինստիտուտն իր բեմն անվճար տրամադրում է Համազգային թատրոնին, իսկ ուսանողները փորձելու, խաղալու հնարավորություն չունեն, բավական է:



Այս հարցի շուրջ որոշեցինք պարզաբանումներ լսել ռեկտոր Հրաչյա Գասպարյանից: Նա նախ իր բացասական վերաբերմունքն արտահայտեց ինտերնետում կարծիք արտահայտողների մասին. «Գործ ունեցող մարդիկ չեն մտնում ինտերնետ եւ փնովում, որովհետեւ ժամանակ չունեն»: Ապա խնդիրն այնպես ներկայացրեց՝ կարծես մի բան էլ պետք է շնորհակալություն հայտնեն Համազգայինին՝ իրենց դահլիճն օգտագործելու համար:



Ռեկտորի ասելով՝ Համազգային թատրոնի շնորհիվ է ինստիտուտը բեմ ձեռք բերել. «Ինստիտուտը ներկայիս իր շենքը տեղափոխվել է 1994թ.-ին եւ 4 տարի բեմ չի ունեցել, ուսանողները բեմադրություն չէին անում, մինչեւ 1998թ.-ին Համազգայինն իր վրա վերցրեց այդ հարցը եւ իր ուժերով բեմը սարքեց, իսկ մինչ այդ դա ընդամենը եղել է դահլիճ՝ ժողովներ անցկացնելու համար»:



Ռեկտորի խոսքով՝ Համազգային թատրոնը եւ ինստիտուտն արդեն երկար ժամանակ է՝ պայմանագիր են կնքել իրար հետ, ըստ որի՝ հարկ եղած դեպքում, լինի դա միջոցառում թե դիպլոմային աշխատանք, թատրոնն իր բեմը, ամբողջ տեխնիկայով հանդերձ, տրամադրում է ինստիտուտին. «Համազգայինը ապրիլից մինչեւ մայիս համարյա ներկայացում չի խաղում, որովհետեւ բեմը տրամադրում է ուսանողների նախադիպլոմային, դիպլոմային աշխատանքներին»:



Ինչպիսի մեծահոգություն: Հրաչյա Գասպարյանի կարծիքով՝ շատ ձեռնտու գործարք է. «Մենք տարածք ենք տալիս, իրենք՝ բեմը, տեխնիկայով հանդերձ»: Պարզվում է՝ շենքի հետ կապված բոլոր հարկերը վճարում է ինստիտուտը, «Համազգայինն այստեղ կապ չունի, եթե Համազգայինը վճարում էլ է, ապա պետությանը՝ վարձակալության համար, որովհետեւ դա պետական սեփականություն է»:



Իսկ ինստիտուտը պարզվում է՝ իր իսկ տարածքում տնվորի կարգավիճակում է. բեմը զբաղեցնելու համար պետք է նախապես հայտ ներկայացնի, կոնկրետ ժամկետ նշանակվի: «Եթե ուզում ես միանգամից մտնես ու բեմ ուզես, քեզ ոչ ոք չի տա, հետո` պարտադիր չէ բեմում խաղալ. կան ներկայացումներ, որ ավելի հարմար է սրահում խաղալ: Ամեն դեպքում՝ դեռ չի եղել մի դեպք, որ մարդը գործ անի եւ բեմ չունենա»,-կարծում է ռեկտորը:



Նա անգամ Մոսկվայի ինստիտուտներից մեկի օրինակը բերեց, որտեղ իր ուսանողների հետ եղել էր 2000թ.-ին եւ ապշել, թե մարդիկ ինչպես էին անգամ աստիճանների վրա փորձեր անում: Ապա ավելացրեց՝ եթե ցանկություն կա, ամեն տեղ էլ կարելի է փորձ անել՝ նույնիսկ տանը: