Ինչպես ուռին ու բարդին

Ինչպես ուռին ու բարդին
Մինչ մայրաքաղաքում քննարկում են ԲՀԿ-ՀՀԿ հակասությունները եւ կանխատեսում են՝ Ծառուկյանը կստորագրի՞ հուշագիրը, թե՞ բացահայտ առճակատման կգնա, մարզերը բողոքի ցույցեր են անում: Հայտնի ասացվածքի նման՝ ինչպես ուռին ու բարդին, ամեն մեկն իր դարդին: Երեկ հերթը վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերինն էր: Գյումրիում ու Նոյեմբերյանում այս խնդիրն առավել սուր է. մարդիկ, մեծ մաքսատուրքեր վճարելու փոխարեն, վրացական համարանիշներով տարիներ շարունակ մեքենա են վարել, երբ ժամկետը լրացել է, անցել են սահմանը, հետ եկել: Հիմա նոր կարգ է սահմանվել՝ էլ ոչ մի վրացական համարանիշ, բոլորդ պետք է մուծվեք: Եվ բողոքի ալիքը ցնցել է մեր հյուսիսային տարածքները: Մեկ ամսում մարդիկ պետք է մի քանի հազար դոլար ճարեն, որպեսզի մաքսազերծեն մեքենաները: Այն մարդիկ, որ օրական մի քանի հազար դրամ չեն հայթայթում, պետք է մի քանի հազար դոլար գտնեն: Անգամ ժամկետի հարցում չեն ուզում զիջման գնալ: Նոյեմբերյանցի վարորդներն օրինակ՝ վստահ են, որ մեքենաների 90 տոկոսը չի մաքսազերծվելու, այլ` նորից գնալու է Վրաստան: «Ադրբեջանցիները պատրաստ, փողերը հաշված՝ սպասում են. ջրի գնով 3 հազար դոլարանոց մեքենան 1000 դոլարով առնելու են մեզնից»,- ասում են նրանք: Եվ եզրակացնում. «Մեզ աղքատացնելով՝ նպաստառու են դարձնում: Մենք սա պետության օգտին ենք անում, որ հասկացնենք` սխալ որոշում ես կայացրել»,-բողոքի ակցիա անելու պատճառներն են բացատրում մարդիկ: Եվ վերջապես՝ ո՞վ կարող է բացատրել, թե ինչու է Վրաստանում նույն մեքենայի մաքսազերծման գինը հազար դոլար, Հայաստանում՝ 3 հազար: Նոյեմբերյանցիների կարծիքն ամփոփել է մի վարորդ. «Հույս ունենք, որ մեր զրույցը կգնա-տեղ կհասնի, բայց հույս չունենք, թե մեր կարծիքը վերեւում հաշվի կառնեն»: