Հասմիկ Պողոսյանը գիշերն էլ է աշխատում

Հասմիկ Պողոսյանը  գիշերն էլ է աշխատում
Ուրբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքը մարդաշատ էր՝ ազգային երգ-պար, լարախաղաց, յալանչի: Առիթը Նկարիչների միությունում «Արտ-էքսպո 2011» արվեստների ցուցահանդեսի բացումն էր, եւ այդ միջոցառումների շարքը շարունակվելու է նաեւ այսօր՝ 12:00-20:00-ն:



Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահը, կազմակերպիչը ՀՀ մշակույթի նախարարությունն էր, որն արդեն 3-րդ տարին է անցկացնում «Արտ-էքսպոն»: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են 50-ից ավելի կազմակերպություններ արվեստի տարբեր ոլորտներից՝ թատրոն, կինո, պարարվեստ, գրքեր, փոստային բացիկներ, երգ, երաժշտություն, պատմամշակութային ժառանգություն, ինչպես նաեւ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են անցած տարվա փառատոնների շրջանակներում:



Ներսում նույնպես ամեն ինչ տոնական էր՝ տաղավարներից մինչեւ մասնակիցների արտաքին տեսքը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսը անցած տարվա կատարած աշխատանքներն իմի բերելու առիթ է:  Նախարարը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները շատ են եղել, բայց ընտրվել են այն մշակութային օջախները, որոնք պատրաստ են եղել այս կարգի ցուցահանդեսին. «Շատ հաճախ կազմակերպություններին թվում է, թե իրենք պատրաստ են, բայց շատ տարրական հարցերի հետ կապված խնդիրներ են ունենում՝ ձեւավորման որակի, բավանդակությունը լցնելու:



Հետո՝ տարածքն էլ փոքր է. մյուս տարի կանենք ավելի մեծ տարածքում եւ շատ ավելի ընդլայնված կներկայանանք, որովհետեւ գրատպության 500-ամյակն է, եւ Երեւանը որպես գրքի մայրաքաղաք հռչակելու տարին՝ մենք պետք է հաստատենք, որ կարդացող եւ գրականությանը հավատարիմ ժողովուրդ ենք»:  Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ինքը սովորաբար կազմակերպչական աշխատանքներից դժգոհ է լինում. «Գիշերը մինչեւ 1:30-ն այստեղ եմ եղել եւ մանրակրկիտ հետեւել եմ, թե ինչպես էին աշխատում բոլոր տաղավարի աշխատակիցները, բայց, այնուամենայնիվ, այսօր նայում եմ ու մտածում, որ շատ բաներ այլ կերպ կանեի:



Այստեղ եւ մեր թերություններն են շատ պարզ երեւում, եւ մշակութային արտադրանքը ներկայացնողներինը: Մի բան ակնհայտ է՝ որ տարեցտարի որակական փոփոխություն կա»: