Նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Նամակ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Մեծարգո  պրն. վարչապետ, պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ ու հավատով լցված փետրվարի 25-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպում-ելույթից:



Պրն. վարչապետ, ես ընդվզում եմ կոռումպացված մի չինովնիկի վարքագծի դեմ: Խոսքը իմ հարեւան (Բարբյուսի փողոց, համար 6 տուն) Երեմ Միշայի Հովսեփյանի մասին է, ով այսօր աշխատում է որպես օգնական` ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ռուզան Առաքելյանի մոտ: Ներկայացնեմ նրա վարքագծի մի քանի վառ օրինակ. 1999թ-ի դեկտեմբերին միջադեպ տեղի ունեցավ մեր միջեւ՝ կապված ընդհանուր հողամասի հետ:  Արդյունքում նա տնից բերեց իր ավտոմատը եւ օրը ցերեկով կրակահերթ արձակեց Կիեւյան կամրջի հարեւանությամբ: Ըստ երեւույթին կառավարության շենքը Երեմին լավ դուխ է տալիս:



2009թ-ին մեր ընդհանուր հողամասը իրարից բաժանելու հայցով դիմել եմ Արաբկիրի 1-ին ատյանի դատարան: Դատավորի բռնած դիրքից զգացվում է, որ իմ արդար պահանջը ոտնահարվում է եւ փորձ է արվում Երեմի օգտին վճիռ կայացնել: Ակնհայտ զգացվում է, որ Արաբկիրի դատավոր Սիմա Հովսեփյանը կաշկանդված է ու ճնշված: Կարծում եմ` դաշնակցական ընկերները ճնշում են գործադրել դատավորի վրա կամ էլ Երեմը իր վարքագծին հատուկ ձեւով՝ զենքի ուժով սպառնացել է դատավորի երիտասարդ տղային: Վերոհիշյալ տունը կառուցել է հայրս: 1952թ-ին տան մի մասը եւ հողամասը վաճառել է: Այդ ժամանակ Երեմի տատու եւ պապու հետ միմյանց միջեւ սահմանազատել են հողամասը ՝ գալով գրավոր համաձայնության: Բայց դատավորը ուշադրություն չի դարձնում այդ համաձայնություններին եւ միջոցներ է ձեռք առնում անարդար վճռի հիմքեր ստեղծելու համար:



Հարգարժան վարչապետ, հայրս անվանի դիրիժոր, երգահան, արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական ինստիտուտի դոցենտ, «Ծաղկեփունջ» վոկալ անսամբլի գեղ. ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն է: Ողջ կյանքը նվիրումով մատաղ սերունդ է դաստիարակել, այժմ մի պատգամավորի ավանտյուրիստ օգնական փորձում է օրենքը ծառայեցնել իր օգտին՝ ոտնահարելով արդարությունը, եւ նրան գնում են ընդառաջ, որովհետեւ ամենուր կոռուպցիա է տիրում: Թող դատավարությանը մասնակցեն մի խումբ լավագույն իրավաբաններ, թող այսօրվանից վերին ատյանի մասնագետները հսկեն դատը: Ահավոր ցավալի է, երբ մարդու ձեռքից փորձում են խլել իրեն պատկանող հողը: Մինչեւ ե՞րբ պիտի Երեմի նմանները իրենց վարքով գոյատեւեն մեր հասարակությունում:



Տիգրան ՄԵՍՐՈՊՅԱՆ