Ժամանակակից բացատրական բառարան

Ժամանակակից բացատրական բառարան
Վերջին տարիներին շատերս վերանայել ենք մեր մեջ արմատացած կարծրատիպերը` վերաիմաստավորել նախկին արժեքները: Եւ նոր տերմինաբանություն է երեւան եկել:



 



Եվ այսպես.



Մեջք - Այս բառը վաղուց է արդեն, ինչ որպես մարմնի մաս կիրառվում է միայն առողջության պահպանման (վերականգնման) հաստատություններում: Իրականում մեջքը այն իրական ուժն է, որը նպաստում է հասարակության մեջ առաջ գնալուն, ընտրություններում հաղթելուն, բանակից ազատվելուն (կամ գոնե լավ տեղ ընկնելուն), մի խոսքով` կյանքի դաժան մրցակցությանը դիմանալուն: Մեջքը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ, այն է` պատգամավոր, նախարար, թափով դեմք ՊՆ-ում, որեւէ կարգի նախագահ, այնպես էլ իրավաբանական` ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի, կրոնական կազմակերպության, Արեւմտյան կասկածելի բարեգործական հիմնադրամի եւ այլ տեսքով:



Գիծ - Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական հասկացության հետ, որը երկու կետերի միջեւ ամենակարճ ուղին էր: Մեր դեպքում գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղեւորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը:



«Գիծ» տերմինն իրենից ենթադրում է այնպիսի նոր ենթատերմիններ, ինչպիսիք են.



- Գիծ մտնել -  ասել է թե` «անցնել աշխատանքի», կամ որ նույնն է` սկսել պայքարը գոյատեւման համար:



- Գծից դուրս գալ -  գրեթե նույնն է, ինչ «դադարեցնել աշխատանքը»: Սա կարող է լինել ինչպես կամավոր հիմունքներով, այնպես էլ` ստիպողաբար: Երկրորդ դեպքը սովորաբար ավելի հաճախ է հանդիպում:



- Գծի տեր -  մարդ, որը յանկիական ընկալմամբ կարող էր նույնացվել մենեջերի հետ, իսկ մեր դեպքում դա ուղղակի անձ է, որը կարգավորում է իր իսկ կողմից սահմանած հարկահավաքությունը: Նա է նաեւ որոշում վերը նշված երկու ենթատերմինները, այսինքն` թե ով դուրս գա, կամ մտնի գիծ:



- Եւ վերջապես՝ գիծ պահել- դեռ խորհրդային տարիներից հայտնի երեւույթ, որ նաեւ նշանակում է կուսառաջնորդին քծնել, ելույթներում ու սեղանի շուրջ շուտ-շուտ նրա անունը տալ, տարբերել թշնամիներին բարեկամներից եւ լրագրողների հետ շփվելիս զգույշ լինել: