Ինչ նպատակով են տեղեկանք պահանջում

Ինչ նպատակով են տեղեկանք պահանջում
Վերջին շրջանում պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթացի բուռն ակտիվացումը եւ հապճեպ, սեղմ ժամկետներում այն իրականացնելու փաստը բնակչության շրջանում բավականին կասկածներ են առաջացրել եւ տեղի տվել բուռն դժգոհությունների:



Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարությունը 2006թ-ին սկիզբ առած գործընթացն ամբողջապես եւ «կազմակերպված» իրականացնելու համար այս ուսումնական տարեսկզբից խնդիրը դրել է  դպրոցների եւ մանկապարտեզների վրա: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից մարզպետներին տարեսկզբին հանձնարարվել է  համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ`  նախադպրոցական եւ կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը պետռեգիստրում կազմակերպելու համար: Ի դեպ, նման հանձնարարականի նպատակը, ըստ ՏԿՆ-ի, բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների (օրինակ` զորակոչի հաշվառման) արդյունավետ կազմակերպման համար:



Նշենք սակայն, որ երեխաներին ծննդյան վկայագրեր տրամադրելիս արդեն նրանք հաշվառվում են, եւ կրկնակի հաշվառման կարիք չկա, սակայն ՏԿՆ-ն սրա հիմավորումն էլ ունի. «Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին ու մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի, մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ»: Օրենքի համաձայն գործընթացի վերջնաժամկետ է սահմանված այս տարվա մայիսի 30-ը:



Սակայն չգիտես ինչու եւ ում կողմից, այդ ժամկետը կրճատվել է՝ հրահանգվել է ռեգիստրում հաշվառման տեղեկանքները դպրոցներ եւ մանկապարտեզներ ներկայացնել մինչեւ մարտի 9-ը: Երեկ մեր խմբագրություն էր զանգահարել Մալաթիա վարչական շրջանի մի բնակիչ, տեղեկացնելով, որ ընդամենը երկու օր առաջ տարածքի դպրոցների տնօրենները խիստ հրահանգել են մինչեւ ուրբաթ օրը դպրոց ներկայացնել պետռեգիստրում հաշվառման տեղեկանքներ, որոնք տրամադրում է տվյալ համայնքի անձնագրային վարչությունը: Երեկ Մալաթիա- Սեբաստիա համայնքի անձնագրային վարչության շենքի դիմաց երկու տասնյակից ավելի մարդ էր հավաքվել, հավաքվածները դժգոհում էին իրենց խոսքով անորոշ պարտադրանքներից: «Արդեն երկու օր է աշխատանքի չեմ գնում, այստեղ հերթի եմ կանգնած, որ այդ տեղեկանքը ստանամ եւ ներկայացնեմ դպրոց: Չեմ հասկանում, ինչի են պարտադրում ընդամենը մի քանի օրում էդ ամեն ինչը հանել, ինչի են շտապում, ոչինչ չենք հասկանում»,-մեզ հետ զրույցում ասաց համայնքի թիվ 121 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը:



Ավելին՝ հավաքվածներից շատերը խուճապային տրամադրության մեջ էին, նրանք չգիտեին անգամ, թե դպրոցներից եւ մանկապարտեզներից ինչի են նման տեղեկանք պահանջել.«Ասում են, շուտով դպրոցներում եւ մանկապարտեզներում անվճար սնունդ են տալու: Երեւի հաշվառում են, որ ստույգ թվեր իմանան...»,-ասաց թիվ 105 դպրոցի աշակերտի ծնողը: Տնօրենները չգիտես ինչու չէին պարզաբանել, թե  ինչու են պահանջում այդ տեղեկանքը, ավելին հավաքվածները գրեթե միաբերան պնդում էին, որ տնօրեններն էլ տեղյակ չեն, իրենց ասել են,թե հրահանգ են կատարում: Ի դեպ համայնքի դպրոցների տնօրեններից շատերը խուսափեցին մեզ հետ զրուցել, միայն թիվ 121 դպրոցի տնօրենի հետ մեզ հաջողվեց խոսել, ով ասաց. «Դա տարածքային կառավարման մարմինների պահանջն է, մենք տեղյակ չենք, թե ինչի են այդ տեղեկանքները պետք, դպրոցներին նման տեղեկանքներ պետք չեն»:



Ի դեպ տնօրենը փոխանցեց, որ հենց իրենց է հրահանգվել՝ մինչեւ մարտի 9-ը բոլոր աշակերտների հաշվառման տեղեկանքները հավաքել: «Թող դպրոցի տնօրենները սխալ ինֆորմացիա չտան քաղաքացիներին, այդպես չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Մալաթիա վարչական շրջանի անձնագրային եւ վիզային վարչության պետ Մարինե Վարդանյանը: Նրա խոսքով գործնականում անգամ հնարավոր չէ «երեք-չորս օրվա ընթացքում ստուգել-հաշվառել ավելի քան 20 հազար երեխայի եւ տեղեկանք տրամադրել»:«Ղեկավարությունն արդեն տեղյակ է, կարծեմ Կամո Արեյանն էլ պետք է հրահանգավորի բոլոր դպրոցներին, որ գրաֆիկ գծեն, բացատրեն, թե որ դպրոցը, երբ է սպասարկվում»,-ասաց Վարդանյանը: Ի դեպ վերջինս ասաց, ոչ միայն Մալաթիայում, այլեւ բոլոր վարչական շրջաններում է նման «իրարանցում սկսվել»: Սա թերեւս կասկածի տակ է առնում. բոլո՞ր տնօրեններն են ինքնագլուխ հրահանգ տվել եւ հետո ինչով է պայմանավորված ավելորդ շտապողականությունը:



Մի ամբողջ օր փորձում էինք հասկանալ, թե ի վերջո որ կառույցը եւ ինչ նպատակով  է սեղմել հաշվառման ժամկետները, սակայն հայտնի «փչացած հեռախոսի» նման խնդրին առնչվողները «գնդակը սահուն կերպով տեղափոխում էին հակառակ դաշտ». տնօրեններն ասում էին, որ իրենք հրահանգ են կատարում, տարածքային կառավարման նախարարությունից պնդում էին, որ ժամկետները չեն փոխվել, իսկ Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից էլ տեղեկացանք, որ իրենք տեղյակ չեն դպրոցներում բարձրացած այդ աղմուկի եւ վերջնաժամկետի մասին: