Քյալյանը կերպարանափոխվել էր՝ հրաժե՞շտն էր պատճառը

Քյալյանը կերպարանափոխվել էր՝ հրաժե՞շտն էր պատճառը
«Ես ուզում եմ հիմա ասել, որովհետեւ հետո էլ չեմ ասի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ այն Գոհար Քյալյանը, որը հինգ տարի առաջ դարձավ բժշկականի ռեկտոր, լրիվ ուրիշ մարդ էր, եւ այս հինգ տարին ձեզ հետ աշխատելով՝ ես ինձ լավ եմ զգում եւ ինձ շատ լավ եմ զգացել:



Ես շնորհակալ եմ: Ես եկա այստեղ  աշխատելու՝ մի բան ապացուցելու համար, իմ կյանքում երբեք ինքնանպատակ չի եղել աշխատանքը, որտեղ էլ որ աշխատել եմ՝ ես դրել էի այսպիսի նպատակ, ես ուզում էի ձեզ ապացուցել, որ եթե մարդն ուզում է աշխատել կոլեկտիվի, գործի համար, այլ ոչ թե իր գրպանի, ամեն ինչ ստացվում է... Ով կլինի մյուս ռեկտորը եւ մյուս ռեկտորները, որովհետեւ մի ռեկտորով չի լուծվում, դուք միշտ պահանջատեր եղեք…»,-որքան էլ զարմանալի է՝ այս սրտաճմլիկ խոսքերի հեղինակը Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանն է: Երեկ բժշկականի գիտխորհրդի նիստ էր, որն ավելի շատ հիշեցնում էր հրաժեշտի միջոցառում:



Քյալյանի համախոհներն ու իրեն գնահատողները հավաքվել էին Կարմիր դահլիճում՝ ունկնդրելով նրա ղեկավարած տարիների ձեռքբերումների մասին պատմությունը: Լրանում է նրա ղեկավարման «սռոկը», եւ վերջինս գիտխորհրդի անդամներին էր ներկայացնում իր հերոսական աշխատանքային կենսագրությունը: Հաշվետվությունից ցեմենտ-բետոնի հոտ էր գալիս, քանի որ հիմնականում համալսարանի ու համալսարանին պատկանող այլ բժշկական հաստատությունների վերանորոգման մասին էր խոսում: Ձեռքբերումների թվում դասեց նաեւ ուսանողական հանրակացարանն ու «Մանուկ» պոլիկլինիկան, որի մասին մանրամասնեց. ««Մանուկ» պոլիկլինիկան հիմա բժշկականի սեփականությունն է, որովհետեւ մնացած շենքերը մեզ տրված են անհատույց օգտագործման, իսկ այդ շենքն այն շենքն է, որը մեզ թույլ է տալիս վարկեր վերցնելուց՝ հարկ եղած ժամանակ, որպես զալոգ, առաջարկել բանկերին:



Ես կարող եմ ձեզ ասել, որ կառավարության որոշումով մեզ թույլ տվեցին սա առնել 1 միլիոն 200 հազար դոլարով: Բանկը սա ընդունեց որպես 1 միլիոն 7 հարյուր հազար... ստացվում  ա, որ մենք սա առել ենք ավելի էժան, քանց թե այսօր  գնահատել է բանկը»: Մի խոսքով, հաշվետվությունից հետո առաջարկեց ելույթներ ունենալ: Իսկ ելույթները վերածվեցին Քյալյանին ուղղված դիֆերամբների, մի ուսանող նույնիսկ նրան նվիրված բանաստեղծություն էր գրել: Իսկ բուհի հնաբնակներից Գրիզելդա Նավասարդյանը  բոցաշունչ ճառով կոնկրետացավ հատկապես ռեկտոր տիկնոջը հարիր նրա անվան ծագումնաբանության վրա. «Մարդու անունը շատ բանի մասին է հուշում, դա պատահական չի»:



Այս արտահայտությունից հետո սկսեցին ծիծաղել: Ապա  երկարաշունչ գովասանքը եզրափակեց հետեւյալ խորհրդով. «Սիրելի Գոհար, շատ նուրբ եմ ասում, պետք է դու շատ զգույշ լինես քո դրսեւորումներում, քո արտահայտություններում, որովհետեւ, այո, ինչպես Քրիստոս  ասաց՝ դու ասացիր, որ հազար ու մի հակառակորդ ունես: Քեզ կանաչ ճանապարհ»: Մի խոսքով, գիտխորհրդի մի շարք անդամներ հաստատեցին, որ Քյալյանի օրոք բարոյահոգեբանական մթնոլորտն է բարձր մակարդակի հասել, ինչպես նաեւ մարդկային փոխհարաբերություններն ու շենք-շինությունը: Տպավորություն էր, թե բուհը 2006-ից է ղեկավարի երես տեսել, մինչ այդ անտերության է մատնված  եղել: Ոմանք էլ իրենց ելույթները կառուցեցին մամուլի հրապարակումների վրա, որոնք «խեղել են» Գոհար Պետրոսովնայի անբիծ կերպարը: Իրենց մեղավոր համարեցին, որ լուռ լսել են ու չեն պատասխանել, ինչն ընկալվել է որպես համաձայնություն:



«Մենք մեր մեջ ուժ չգտանք հակահարված տալ՝ ներկայացնելով այն աշխատանքները, որոնք կատարվում են այս բուհում... Պետք է ողջունես եւ հպարտանաս, որ քո կողքին կան նման անձնավորություններ, անկախ նրանից՝ քո դուրը գալիս են, թե չէ»:  Թեեւ այս ելույթներին անմիջապես չպատասխանեց Քյալյանը, բայց նիստի վերջում բացվեց. «Մենք երբեք ոչ մի մամուլի՝ եւ տպագիր, եւ հեռուստամամուլի, չենք պատասխանելու: Ասեմ ինչու՝ որովհետեւ յուրաքանչյուր մարդ  Երեւանում, Հայաստանում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենա իր տեսլականը, իր, այսպես ասած, կարծիքը եւ ունի իրավունք այդ կարծիքն արտահայտելու, ինչպես է արտահայտում իր կարծիքը՝ դա էլ է տեղավորվում կոնկրետ մամուլի ստրատեգիայում:



Էստեղ դա իրենց իրավունքն է: Դուք գիտեք, որ մենք էլ ունենք մամուլի հսկայական մի ալիք, Հ2-ի սեփականատերն եմ ես, կարող եմ հանգիստ ասել, ոնց որ ասում ա՝ վաղը ես ազատ, անկախ քաղաքացի եմ, վաղվանից ես ամբիոնի վարիչ եմ, եւ դա շատ լավ է, որովհետեւ ես կարող եմ ավելի հանգիստ եւ ազատ ապրել, ֆինանսական պրոբլեմներ չունեմ, բայց Հ2-ը ինչքան որ կարողացել է, լուսաբանել է: Ժողովուրդը կարող է իմանալ,  մի մոռացեք, որ մամուլը մեր 4-րդ իշխանությունն է: Եվ մենք պետք է հարգենք եւ մամուլը, եւ մնացած իշխանությունները»: Ի դեպ, Քյալյանը, հակառակ սովորությանը, այս անգամ ապշեցրեց իր քաղաքակիրթ պահվածքով, մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում բացառիկ զսպված էր, ելույթն էլ հնարավորինս կոռեկտ էր ու  շատ զգացմունքային:



Թերեւս այս մելանխոլիան պայմանավորված էր ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տալու առաջիկա անհրաժեշտությամբ, ինչը թեեւ իր կամքին հակառակ է, բայցեւ՝ անխուսափելի: