Ինտերնետի արձանը հրապարակում

Ինտերնետի արձանը հրապարակում
Երեկ օրվա ամենաքննարկվող թեման «Ժառանգություն» կուսակցության եւ ոստիկանների բախումն էր: Միջադեպից րոպեներ անց ինտերնետը ողողվեց տեսանյութերով, որը շատ արագ՝ անասելի մեծ քանակությամբ մարդիկ դիտեցին:



Եվ երբ «Հայլուրը» միակողմանի կադրեր դրեց, բոլորը ծիծաղում էին: Մեր կառավարությունը մի քիչ հետ է մնացել` հաշվի չի առնում, որ արդեն 21-րդ դարն է` ինտերնետի դարը, երբ «անցանկալի» ինֆորմացիան կայծակնային արագությամբ տարածվում է աշխարհի բոլոր ծայրերում: Եվ եթե ի վիճակի չեն սահմանափակել «YouTube»-ի եւ մնացած ինֆորմացիոն կայքերի հասանելիությունը, ապա պետք է սկսեն ճշմարիտ տեղեկատվություն տալ: Կադրերն այնքան էին ազդել մեզ վրա, որ հետո երկար չէինք կարողանում ուշքի գալ, եւ քննարկումները բերեցին եզրակացության, որ այս ամենը կարելի է բնութագրել այսպես՝ «ոստիկանները «Ժառանգությանը» հրում են Լեւոնի գիրկը»:  Քիչ ավելի ուշ տարածվեց եւս մի տեսանյութ, որտեղ Բաղրամյան փողոցի վրա կանայք եւ երեխաները շղթա էին կազմել եւ կանգնեցրել երթեւեկությունը: Մի քանի տարի առաջ ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի «Այլընտրանք»-ից, այնուհետեւ ավելի մեծ ծավալով ալիքը շարունակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներով: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ հիմա ժողովուրդն ավելի համարձակ է դարձել եւ իր բողոքներով փողոց է ելնում, փորձում փոքրիշատե պաշտպանել իր իրավունքները: Այս պայմաններում է ձեւավորվում ապագա կիրթ քաղաքացիական հասարակությունը: Ես կարծում եմ, որ տարիներ հետո Հանրապետության հրապարակում արժե ինտերնետին կամ «Facebook»-ին նվիրված արձան կանգնեցնել: Կեցցե ինտերնետը, որ կփրկի Հայաստանը:



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ