Խիստ էր, կոշտ...

Խիստ էր, կոշտ...
Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն...



Գալիս են նրանք անհրաժեշտաբար



Պ. Սեւակ



 



Կոշտ չէր, կարծր էր, խստապահանջ: Եվ առաջին հերթին իր նկատմամբ: Արժեքներ կրող էր, արժեւորող: Ու... գնահատոևղ: Այրվեց կերոնի պես, լույս ու ջերմություն սփռեց… Համ էլ խանձեց… Հա, ում որ պետք էր՝ անարժաններին այրեց:



Ընկերներ չէինք. ինքն «արծիվ» էր (ես էի ասում), ես` «բազե» (ինքն էր ասում): Շատ էի զրուցում իր հետ (նաեւ մտովի), ինքն էլ. «Քեզ շուտ-շուտ եմ հիշում, արի-գնա՛»:  Իսկական օձնեցի էր, «թմազեցի»: Հետը պարոնով չէի խոսում, բայց պարտադիր «Համլետ Սերգեյիչ»-ով էի դիմում, «դու»-ով, բայց լիքը «դուք»-ի իմաստ դնելով: Սուր միտք ուներ. կարդացած ու ինֆորմացված էր: Ոգի էր ամբողջովին: Օհան Օձնեցի ու Կոմիտաս էր պաշտում, Չարենց, Սեւակ, Իսաբեկյան ու Ֆրունզիկ Մկրտչյան սիրում:



«Թումանյան» հայրենակցականի կարեւորագույն հիմնադիրն (Ֆելիքս Կոստանդյանի հետ) ու շարժիչ ուժը, Սբ. Օհան Օձնեցու 1300-ամյակը նշելու հիմնական դերակատարն էր (էդ մենք հետո հետեւեցինք իրեն, իր օրինակին, բայց սկիզբն ինքն էր): Ալավերդին, Լոռին էլ էդպիսի պատգամավոր չի ունենա: Նրա մոտ, այդ դժվար, խրոխտ, խիստ ու բարի մարդու մոտ՝ ով ասես, փոքրից մեծ, ակնածանքով էր մտնում, բայց գիտեին, որ ցանկացած խնդրով, ցանկացած պահի կարող են դիմել: Իրավունքոևվ:



Թեկուզեւ այն իրավունքով, որ հայրենակից է, հայ է, մարդ է: Ընտրագույն վիրաբույժ էր, բայցեւ կազմակերպիչ միաժամանակ: Էն դժվար տարիներին  Ալավերդու գլխավոր բժիշկ Համլետ Թամազյանը հրավիրվեց  Համամիութենական կարդիովիրաբուժության ինստիտուտի Երեւանի մասնաճյուղը ղեկավարելու: Կարճ ժամանակում ոչ միայն վերակենդանացրեց, նոր շունչ տվեց ինստիտուտին (անվանելով իր ուսուցչի` ինստիտուտի հիմնադիր պրոֆ. Միքայելյանի անունով), փոխեց ինստիտուտի բնույթը, ստեղծեց նոր` հանրապետությունում եւ Կովկասում նախադեպն ու  նմանը չունեցող բաժիններ ու բաժանմունքներ, նաեւ՝ մեկ ամիս էլ չանցած, կազմակերպեց Երիտասարդ վիրաբույժների դպրոց, որտեղ Երեւանի պետական բժշկականի ուսանողները սովորում էին, նաեւ` ապրում, սնվում, զբաղվում սպորտով, աշխատում-վաստակում միաժամանակ: Հետեւում էր, որ «իր տղաները» լավ սովորեն, պարկեշտ, մաքրակենցաղ, ձգտող ու ասպետ լինեն՝ շարքի հետեւից գնացող չլինեն: Ինքն էլ շարք ստեղծող անհատականություն էր: Կարող էր սխալվել, բայց սխալ չէր անի:



1993թ. ապրիլին «Հայաստան» թերթի «Հայ բժիշկ» հավելվածում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի եւ վիրաբույժների դպրոցի մասին հոդված էի գրել: Զանգեց. շնորհակալ եղավ, որ փաստել եմ, ավելորդ չեմ գովերգել:



...Վերջին տարիներին Ֆրանսիա, Փարիզ մեկնում էր բուժման նպատակով, բայց կարողացել էր Փարիզի խստապահանջ, դժվարահաճ համայնքին հմայել, «իրենը սարքել»...



Չորս-հինգ ամիս է՝ մերոնք այնտեղ են: Երկու օր առաջ զանգահարեցի. վշտացած էին (իրենց հետ էլ էր վարվել  հարազատորեն` եղբոր, տեգոր նման. ինքն ու իր հրաշալի Անժելան), բայցեւ հիացած-մխիթարված գաղութի վշտահար պահվածքով (Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ էր մատուցվել՝ բոլորի շուրթերին Համլետ Թամազյան անունն էր՝ ասացին): Պատահականությո՞ւն էր արդյոք՝ թաղման օրը երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հարեւան ֆրանսիական ալիքով «Ավեկ տուա, ապղե տուա» էին երգում (Քեզ հետ, քեզնից հետո):



Հրաժեշտի վերջին պահին ձյուն եկավ. մի քանի րոպե, փաթիլներով չէ, կարկտի նման՝ հատու, խրոխտ… Դե եկ… ու մի խենթացիր: Գարուն ա, ձուն ա արել:



Վշտի, ցավակցության, հիշատակի խոսքիս, որպես վերնագիր, Կոմիտասի ամենաէպիկական երգի անունն ընտրեցի, քանի որ Համլետ Սերգեյի Թամազյանն էլ էր էպիկական:



Հազար ափսոս... Մոկաց Միրզեն...



Գագիկ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



բժիշկ այգեհատցի