Ոստիկանական արշավը շարունակվում է

Ոստիկանական արշավը շարունակվում է
ՀՀ ոստիկանության  գարնանային ակտիվացումը  նորանոր դրսեւորումներ է ունենում: Շաբաթ օրը բերման են ենթարկել ընդդիմության ներկայացուցիչ, հայտնի  բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին:



Հիշեցնենք, որ օրենքի պահապաններն ակտիվացել են փետրվարի 28-ից, ապա դրսեւորվել մարտի 1-ի հանրահավաքին, իսկ կուլմինացիան Հանրապետության հրապարակում էր` օրենսդիրների ու իրավապահների տուրուդմփոցով:  Իսկ օրեր առաջ կառավարության առջեւ ոստիկանապետը հավատացնում էր, որ առանց հաշվի առնելու մանդատ ու անձեռնմխելիություն` պաշտպանելու են ոստիկանների մունդիրի պատիվը: Նման հայտարարությունների ֆոնին բնական էր, որ շաբաթ օրը բերման ենթարկվեց աշխարհի գավաթակիրը: Վերջինիս հետ  են եղել եւս երկու հոգի՝ Պողոս Կրմզյանը եւ Միսաք Հովակիմյանը: Նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել:



Ս. Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանի տեղեկացմամբ, ՀԱԿ ներկայացուցիչը կասկածվում է քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու մեջ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել»: Պողոս Կրմզյանը եւ Միսաք Հովակիմյանը հարցաքննվել են որպես վկաներ, ապա ազատ արձակվել: Իսկ Խաչատրյանը ձերբակալվել է: Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում ենթադրեց, որ ոստիկանների ու Խաչատրյանի միջեւ առերեսումներ, ինչպես նաեւ քննչական  գործողություններ  կկատարվեն այսօր: Իսկ թե ինչու են որոշել մարտի 1-ից երկու շաբաթ անց բերման ենթարկել ՀԱԿ ներկայացուցչին, Զաքարյանն ասաց. «Այս պահի դրությամբ չենք տիրապետում այդ տեղեկատվությանը:



Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը` քննչական մարմինը մեզ չի ասում: Բայց ես ենթադրում եմ` այս պահին նրան ձերբակալելը պայմանավորված էր «Չորրորդ իշխանությանը» տված հարցազրույցով, որտեղ հայտարարություն է արել, որ իր նկատմամբ  քրեական հետապնդում է իրականացվում իր քաղաքական հայացքների համար, եւ հրաժարվել է այս առթիվ որեւէ ցուցմունք տալ»: Ի դեպ, հարցազրույցը եղել է մարտի 1-ից հետո: «Իր կեցվածքը բոլորին հայտնի է, հայտնի է, որ նա ընդդիմության ակտիվ մասնակիցներից մեկն է, դա էլ պատճառ է դարձել, որ  մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ բերման ենթարկվի»,-ավելացրեց փաստաբանը:



Երեկ կեսօրին Խաչատրյանի ձերբակալությունը դատապարտող  հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն: «Նրան մեղադրում են  2011թ. մարտի 1-ին ՀԱԿ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի պահանջներին չենթարկվելու եւ նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Այնինչ նշված ոստիկանը հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, ցուցաբերել է սադրիչին վայել վարքագիծ՝ փորձելով հանրահավաքի մասնակիցների հետ, բազմաթիվ վկաների ներկայությամբ ընդհարում հրահրել: Հենց նրա գործողությունների արդյունքում էլ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչին, ի թիվս շատերի, մասնակցել է նաեւ Սամսոն Խաչատրյանը:



Դեպքն այնքան աննշան է եղել, որ անգամ ոստիկանության՝ այդ օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի»,- ասված է հայտարարության մեջ:  Ոստիկանությունը նույնպես կեսօրին տարածեց  հաղորդագրություն: Հայտարարություն արեց նաեւ Կոնգրեսը. «Մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առեւանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին։ Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որեւէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկ ջոկատայինները։ Գործողությանը ներկա է եղել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը։ …Կատարվածն այլ բան չէ, քան Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է եւ ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը եւ պահանջում անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին»։