Եւս մեկ քաղբանտարկյալ

Եւս մեկ քաղբանտարկյալ
Հայաստանի քաղբանտարկյալների թիվը երեկ ավելացավ եւս մեկով. Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը 2 ամսվա կալանք սահմանեց ՀԱԿ ներկայացուցիչ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի նկատմամբ: Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է մարտի 1-ի հանրահավաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:



Ընդ որում՝ Սամսոն Խաչատրյանը ոստիկանությունում հրաժարվել է ցուցմունքներ տալ, սակայն ոստիկանությունն իր տարածած հաղորդագրության մեջ հայտարարում է, որ բաժնում Սամսոն Խաչատրյանն ասել է, թե հրմշտոց եղել է, ուղղակի ինքը չի հիշում ում է հրմշտել: Նշենք նաեւ, որ հրմշտոցի մասնակից ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Երեկ դատարանում Սամսոն Խաչատրյանը, փաստաբանի փոխանցմամբ, հայտարարել է, որ ինքը որեւէ ոստիկանի չի հարվածել, այնտեղ եղել են ինչ-որ անձնավորություններ, որոնք կանանց ու երեխաներին հարվածներ են հասցրել, վիրավորել են, իսկ ինքը փորձել է կանխել այդ գործողությունները:



Ուշագրավն այն է, որ նոր քաղբանտարկյալը փաստացի բանտարկվեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի՝ Հայաստան այցի հենց նախաշեմին: Այսօր Հայաստան են ժամանում համազեկուցողները՝ հանդիպումներ ունենալու եւ հերթական մոնիտորինգ անցկացնելու ԵԽԽՎ պահանջների կատարման առթիվ: Ի դեպ, սա կլինի Ակսել Ֆիշերի` որպես համազեկուցողի, առաջին այցը Հայաստան, ով փոխարինում է նախկին համազեկուցող Գորան Լինբլանդին: Բացի դա՝ մարտի 17-18-ին տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանում նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ,  Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսը, ով հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։



Երեկ, իմանալով բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի կալանքի միջնորդության մասին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի էին հավաքվել նրա ընկերներն ու ՀԱԿ համակիրները: Դռնփակ դատական նիստում դատավորը որոշեց Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը՝ հիմնավորելով, թե նա, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի նախաքննությանը: Ընդդիմության ներկայացուցչի փաստաբան Արա Զաքարյանը «թատրոն» որակեց դատական նիստը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նիստը հետաձգելու միջնորդությունը, թեեւ խափանման միջոցը որոշելու համար սահմանված 72 ժամը լրանում էր վաղը երեկոյան, եւ իրեն բավարար ժամանակ ու հնարավորություն չի տրվել՝ նյութերին պատշաճ ձեւով ծանոթանալու եւ առարկությունները ներկայացնելու:



Երեկ դատարանի դիմաց էր նաեւ հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Վերջինս, սակայն, մի փոքր հեռու էր կանգնել: Մեզ հետ զրույցում ասաց, թե Սամսոն Խաչատրյանին ճանաչում է փոքրուց, բայց չի ուզում մասնակցել ակցիային: «Ես իրան ճանաչում եմ որպես հայազգի հանճարեղ բռնցքամարտիկի: Իսկ անձնական կյանքում ինքն իրա մտքերն ունի, ես՝ իմ: Ես ակցիայի հետ հեչ կապ չունեմ»,- ասաց Հակոբկոխյանը, ով կրկին անգամ արգելեց իրեն «պարոնով» դիմել, ասաց՝ դիմեք ռամիկ Հակոբկոխյան:



«Ինձ թվում է՝ Հայաստանում էն մարդիկ, որ դեռ չեն կորցրել իրենց ազնվությունն ու բարոյականությունը, պետք է շարունակեն պայքարը, մինչեւ վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Սամսոն Խաչատրյանին, Սամսոնն էն մարդն է, որ թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ, թե Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում բարձրացնելու առումով շատ ավելին է արել, քան ՀՀ ներկա իշխանությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԳՆ նախկին աշխատակից Առաքել Սեմիրջյանը՝ հավելելով. «Մենք հույս ունեինք, որ իշխանություններն այնքան բարոյականություն կունենան, որ մեր ազգի անունը բարձր պահած մարդուն չէին կալանավորի»: Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք կարծում էին, որ Սամսոն Խաչատրյանին հանրահավաքից մոտ կես ամիս անց ձերբակալել են «Թունիսիլ տենք» արտահայտության համար, ինչն ասել էր իր վերջին հարցազրույցում: «Ես ներկա եմ եղել, էդ ոստիկան ներկայացողներն էնտեղ եղել են քաղաքացիական հագուստով, այնպես որ, Սամսոնը չէր կարող իմանալ՝ իշխանության ներկայացուցիչ էին, թե խուլիգան: Սամսոնի գործողությունները եղել ա ինքնապաշտպանություն»,- հայտարարեց Վարդան անունով մի քաղաքացի: «Եկել եմ, որ անօրինականության դեմն առնեմ:



Սամսոնը մեր ընկերն ա, մեր ախպերն ա: Կարող ա մի օր էլ իմ համար կանգնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ընդդիմության համակիր Լեւոն Վարդանյանը՝ շարունակելով. «Մարդիկ էսօր կանգնում-ասում են՝ սոված ենք, չեն թողնում աշխատենք, դրա համար դառնում ես ընդդիմություն: Ինչի՞ եմ ընդդիմություն՝ վատ ապրող մարդ եմ, Երեւանի տղա եմ, ինձ Երեւանում լավ չեմ զգում»: «Նո՞ր են հիշել, որ բռնություն է գործադրել»,- հարց ուղղեց մեկ այլ ցուցարար՝ շարունակելով. «Հրմշտոցին ես էնտեղ եմ եղել, իրանք էին հրմշտում, դաժե Սամսոնին տեսա՝ քիթը քերծված: Էնքան պահեցին, որ վերքը լավացավ»:



Մարտի 17-ի հանրահավաքից Կոնգրեսի համակիրները մեծ ակնկալիքներ ունեն: «Բազմահազարանոց ա լինելու, մարդիկ խեղդված են սոցիալական պրոբլեմների տակ, շատ մարդիկ են ուզում գան շրջաններից, բայց չեն թողնում»,-ասաց քաղաքացի Գագիկ Մուշեղյանը: Վերջինս գործազուրկ է. «Ընդդիմություն ենք, մեզ աշխատանք չեն տալիս»: «Մեծ ակնկալիքներ ունենք: Մենք արդեն դիմել ենք նաեւ մարտի 18-ին, 19-ին եւ այլ հանրահավաքներ անելու համար»,-վստահեցրեց Կոնգրեսի համակիր մի կին՝ չցանկանալով ներկայանալ: