Մինչեւ կհնչեն արդարադատության ժամացույցի զանգերը

Մինչեւ կհնչեն արդարադատության ժամացույցի զանգերը
«Ժամանակը եկել է, որ գործող նախագահ պարոն Սարգսյանը, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի եւ ՀՀ հիմնադրումից այս կողմ, քսան տարի անց, երաշխավորի, ապահովի մեր նորագույն պատմության ընթացքում առաջին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները»,-երեկ կայացած «Ժառանգության» բաց համաժողովում հայտարարեց կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց. «Քանի որ ինքը` Սերժ Սարգսյանը, եկավ իշխանության տապալված, ձախողված ընտրությունների բերմամբ եւ ինքը ձգտել է ներկայացնել այն ազգը, որն արժանի է ժողովրդավարության:



Եվ քանի որ ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական եւ հայաստանյան եւ ոչ թե օտարահպատակ մի չափանիշ, ահա այդ հնարավորությունը տրված է, որ ինքը դառնա երաշխավորը Հայաստանի իրական ժողովրդավարության»: Բաց համաժողով անցկացնելու գաղափարը քննարկվել էր կիրակի՝ մարտի 13-ին, «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստում, որից հետո «Ժառանգությունը» տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված էր. ««Ժառանգությունը» հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակելու է պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»: Համաժողովին իր բավական ծավալուն ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին եւ թվարկեց առկա խնդիրները: Նա սկսեց նրանից, որ կրթական ողջ համակարգը կուսակցականացված է, ամենուր ամենաթողություն, անպատժելիություն եւ անհանդուրժողականություն է:



«Այս ամենը, համատարած խախտումները, օրինախախտ հարձակումները ՀՀ քաղաքացիների, «Ժառանգության» եւ այլ քաղաքական ուժերի համակիրների եւ պատգամավորների նկատմամբ ցուցանում են մի բան, որ այս իշխանություններն իրենց վարքով հրաժարվել են իրենց վրա դրված սահմանադրական պարտականությունից»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը: Ըստ նրա՝ մեր իշխանությունները միշտ էլ ունեցել են ներքին հակասություն իրենց անձնական, կուսակցական եւ պետական պարտականությունների ու պատասխանատվության միջեւ: «Շփոթել են, թե որն է իրենց պետական բարձրագույն պարտականությունը, որն է իրենց կուսակցական պարտքը եւ որն է իրենց անձնական շահը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ անկախ Հայաստանի բոլոր նախագահներն էլ պետական եւ կուսակցական պարտականությունները շփոթել են, սակայն փետրվարի 17-ին նախագահականում «երեք կուսակցապետերի» կողմից ստորագրված հուշագիրն ամենաարտառոցն էր. «Գործող նախագահը՝ որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, հավաքեց գործընկերներին եւ հայտ ներկայացրեց՝ Հայաստանի Հանրապետությունը վերածելու Հայաստանի կուսակցապետության: Դրանով ժողովրդին ասելով, որ 7 տարի սա է լինելու, ախպեր ջան, պետությունը ես եմ, բոլոր առումներով»: Համաժողովի անակնկալը թերեւս միայն Րաֆֆի Հովհաննիսյանի նոր իմիջով՝ բեղերը սափրած ներկայանալը չէր: Նա իր ելույթի վերջում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու՝ չմանրամասնելով, թե ինչքան ժամանակով: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Ես գիտեմ, որ հարցերը շատ են: Առաջիկայում ես կպատասխանեմ հնարավոր բոլոր հարցերին, եւ մենք կհանդիպենք շուտով եւ դարձյալ: Բայց կուզենայի հիմա, այս փորձության նախաշեմին, առանձնանալ իմ ընտանիքի հետ»,-եզրափակեց Հովհաննիսյանը եւ բոլորին անորոշության մեջ թողնելով՝ իր ընտանիքի հետ շատ արագ լքեց դահլիճը: Հացադուլի մասին հայտարարությունը նորություն էր նաեւ «Ժառանգության» պատգամավորների համար: Նրանք նույնպես որեւէ մեկնաբանություն չունեին դրա հետ կապված:



 



ՀԳ - Ավելի ուշ պարզ դարձավ, որ համաժողովից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում արդեն սկսել է իր անժամկետ հացադուլը: