20 տարի նստելուց հետո էլ ազատ չեն արձակում

20 տարի նստելուց հետո էլ ազատ չեն արձակում
Հայաստանում ցանկացած տիպի հանցագործության դեպքում, որպես խափանման միջոց, կալանք է կիրառվում: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում, բացի ազատազրկումից, գործում են նաեւ այլընտրանքային պատժատեսակներ՝ տնային կալանք, հանրային աշխատանք, դրամական տուգանքներ եւ այլն:



Արդյունքում մենք ունենք քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածություն: «Ես խնդիրներ եմ տեսնում մեր քրեական օրենսգրքում: Ես տեսնում եմ երեւույթ, որ նախատեսված պատժատեսակները երբեմն պիտանի, համաչափ չեն հետապնդվող նպատակներին հասնելու համար: Ոչ միշտ է լավագույն միջոցը, հատկապես ոչ ծանր հանցագործությունների դեպքում, երբ դու նրան ազատազրկման ձեւով ես դատապարտում:



Աշխարհում՝ եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհներով, մասնավորապես՝ տնային կալանք, հանրային աշխատանք: Դրանք ավելի արդյունավետ են ծառայում իրենց նպատակին»,- երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Քննարկումը, որին մասնակցում էին նաեւ միջազգային փորձագետներ, նվիրված էր ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցներին: Ըստ Թովմասյանի, ազատազրկման ձեւով պատիժ կրողն իր եւ հասարակության համար խնդիրներ է առաջացնում: Նա մի քանի տարի հետո դուրս է գալիս՝ կորցրած իր մասնագիտական ունակությունները, դրան գումարվում են մի շարք սոցիալական խնդիրներ, ինչպես նաեւ «նստած-ելածի» պիտակը, ինչն էլ նպաստում է, որ, չհարմարվելով իրականությանը, նորից հայտնվի ազատազրկման վայրում: «Սա ես չեմ կարող նորմալ համարել, եւ այստեղ է, որ փոփոխությունների մի ամբողջ շղթա է նախատեսվում»,-հավելեց նախարարը: Նրա կարծիքով, այլընտրանքային պատժատեսակները չեն կիրառվում, քանի որ մեր երկրում որոշակի վախ կա, թե դրանք չեն գործի: Բայց դա չի նշանակում, թե օրենսդրական փոփոխություններից հետո ազատազրկման ձեւով պատիժ կրողների կեսին ազատ են արձակելու: «Դրանք այն մարդիկ են, որ դրսում գտնվելով՝ հանրության համար վտանգ չեն ներկայացնելու»,-ասաց նախարարն ու ավելացրեց, որ այսօր մոտ 5 հազար 100 կալանավոր կա, որոնցից 1200-ը՝ նախնական կալանքի տակ, եւ կալանքի այլընտրանքային տարբերակները նրանց վրա չեն կարող տարածվել: Իսկ մնացած 3 հազար 900-ից 30 տոկոսի վրա կարող է տարածվել:



Հայաստանում շատ բարդ է նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվելու հարցը: Դրա վառ օրինակն են քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանը, Ռոման Մնացականյանը, որոնց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը վաղուց լրացել է, բայց շարունակում են անազատության մեջ մնալ: Երեկ էլ Հայաստանում առաջին ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանն է հացադուլ հայտարարել՝ ի նշան բողոքի: Համաձայն օրենքի, ցմահ դատապարտյալները պատժի 20 տարին կրելուց հետո կարող են դիմել՝ վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից օգտվելու համար: Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին լրացել է 2011 թվականի փետրվարի 2-ին, սակայն նրան չեն ներկայացրել վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին։ Մարտի 10-ին Սեմերջյանին բանավոր փոխանցվել է, որ 56 դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։



Երբ դատապարտյալը բողոքել է, նրա նկատմամբ կիրառվել է պատժիչ միջոց՝ խցի լուսամուտի վրա տեղադրվել է խցի օդափոխումը խափանող ճաղավանդակ։ Մանուկ Սեմերջյանը, նրա հետ եւս 3 հոգի հացադուլ են հայտարարել՝ նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկի պայմաններից: Մանուկի փաստաբան Նարինե Ռշտունին մեզ ասաց, որ նա անժամկետ հացադուլ է հայտարարել եւ դիմել է արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս այցելի ՔԿՀ, եւ նրան ներկայացնեն իրենց պահանջները: Իսկ այդ չարաբաստիկ 56 դրամը տուժողի պարտքն է դեռեւս 1993 թվականից մնացած՝ 10 հազար ռուբլի, որը դրամի վերածած՝ կազմում է 56 դրամ: Նարինե Ռշտունին եւ իր պաշտպանյալը պատրաստվում են դատական գործ հարուցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինախախտ պետի՝ Տիգրան Նավասարդյանի դեմ:



ՀԳ - Երեկ ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում բերանները կարած՝ անժամկետ հացադուլ են հայտարարել կալանավորներ Արթուր Գեւորգյանը եւ Արմեն Ենգոյանը: Նրանք այդ ձեւով բողոքում են «Արթիկ» ՔԿՀ-ում գոյություն ունեցող ապօրինությունների դեմ: Ավելի ուշ ՔԿ վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը հաղորդագրություն տարածեց, թե «Արթիկ» ՔԿՀ-ում ոչ ոք հացադուլ չի հայտարարել: