Փորձաքննությունն ի վնաս մոր է

Փորձաքննությունն ի վնաս մոր է
Հունվարի 7-ին Վանաձորում կատարված ահասարսուռ դեպքին «Հրապարակն» անդրադարձել է։ Վանաձորում 6 երեխաների մայր Զիրավարդ Ստեփանյանը տան լոգարանում իր 7-րդ երեխային էր ունեցել, ում ոստիկանները գտել էին սանհանգույցում, պոլիէթիլենային տոպրակի մեջ անշնչացած։



Մեզ հետ զրույցում 6 երեխաների մայրը պատմել էր, որ իր հղիության ու ծննդաբերելու մասին ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել։ Նա ասում էր, որ երեխան ծնվել է մահացած. «Ես դեղեր էի ընդունել, որ վիժեի, սակայն չվիժեցի, բայց երեխու վրա ազդել էր, ինքը կենդանի չի ծնվել»: «Որ անկենդան էր, փաթաթեցի-պահեցի»,-պատմում էր նա։ Հետո արյունահոսել էր, տարել էին հիվանդանոց, որտեղ էլ պարզվել էր, որ նա ծննդաբերել է, եւ բժիշկները հայտնել էին ոստիկաններին։ Հետագայում դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց, որը պետք է պարզեր՝ արդյո՞ք երեխան մահացած է ծնվել, թե՞ մայրն է նրան խեղդամահ արել: Երեկ տեղեկացանք, որ փորձաքննության արդյունքներն արդեն կան, ըստ որի՝ երեխան ծնվել է լիովին առողջ, եւ նրան սպանել է հարազատ մայրը։ Մեզ հետ զրույցում քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը նշեց, որ պտուղը զարգացման ֆիզիկական արատներ եւ կյանքի հետ անհամատեղելի բնածին անոմալիաներ չի ունեցել։ Եվ մահվան պատճառ է հանդիսացել «շնչուղիների արտաքին բացվածքների փափուկ, այսինքն՝ պոլիէթիլենային թաղանթով առաջացրած մեխանիկական շնչահեղձությունը»:



Քննիչը հավելեց, որ կնոջ նկատմամբ եւս նշանակված է դատահոգեբանական փորձաքննություն, ինչի պատասխանը դեռեւս չի ստացվել։ Դեպքի առթիվ դեռ այն ժամանակ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրօր. 106 հոդվածի (մոր կողմից ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չբացակայելը: Նախաքննությունը շարունակվում է։ Նշենք, որ Զիրավարդ Ստեփանյանի 6 երեխաներից 4-ն անչափահաս են, եւ նա ընդունել է իր մեղքը։