Արցախում ավելի շատ են ծնվում, քան Հայաստանում եւ Ադրբեջանում

Արցախում ավելի շատ են ծնվում, քան Հայաստանում եւ Ադրբեջանում
Արցախի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ին բնակչության թիվը կազմել է 143.574 մարդ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 2.174-ով։



Ըստ նույն ծառայության հաղորդագրության, Արցախ եկողների թիվը շարունակում է գերազանցել մեկնողների թվին։ Այսպես՝ 2010 թվականին Ղարաբաղ է եկել 1011 մարդ, որից 934-ը՝ Հայաստանից, 43-ը՝ Ռուսաստանից, 34-ը՝ այլ երկրներից։ Արցախից նույն թվականին մեկնել է 446 մարդ։ Նրանցից Հայաստան է մեկնել 381, Ռուսաստան՝ 53, այլ երկրներ՝ 12 մարդ։ 2010թ. մեխանիկական աճը կազմել է 565 մարդ (2009-ին՝ 511 մարդ)։



2010 թվականին գրանցվել է 1200 ամուսնություն կամ 26,7 տոկոսով ավելի, քան նախորդ տարում։ 23,6 տոկոսով ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը (131)։ Փաստորեն, Արցախում 100 ամուսնությունից 11-ն ավարտվում է ամուսնալուծությամբ։ Ըստ վիճակագրության, ամուսնացողների միջին տարիքը 26-ն է։



2010 թվականին Արցախում ծնվել է 2.694 երեխա (2009-ին՝ 2.821 երեխա)։ Տեղի ազգային վիճծառայության պետ Մանուշ Մինասյանի խոսքով՝ 1000 բնակչին ընկնող ծնունդների քանակով հետխորհրդային տարածքում Արցախը զիջում է միայն միջինասիական հանրապետություններին։ Այն ավելի բարձր է, քան Հայաստանում (12.7 տոկոսով) եւ Ադրբեջանում (18 տոկոսով)։



Արցախում անցյալ տարի մահացած է ծնվել 13 երեխա (2009-ին՝ 7), իսկ մինչեւ 1 տարեկանը մահացած երեխաների թիվը կազմել է 34 (2009-ին՝ 30 երեխա)։ Վիճծառայության տվյալներով՝ մայրերի մահվան դեպքեր չեն գրանցվել։ 2010 թվականին Արցախում ծնունդների թիվը երկու անգամ գերազանցում է մահացածների թվին (1.341 մարդ)։



Իսկ Արցախում բնակչության թիվը չի աճում, վերջին 10 տարում այն շարունակ տատանվում է 140-145 հազարի միջակայքում։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ