Չուտել, չխոսել, միայն լռել

Չուտել, չխոսել, միայն լռել
Այսօր Ազատության հրապարակում շարունակվելու է մտավորականների՝ ապրիլի 2-ին սկսած բողոքի ակցիան: «Լռության ուխտ» վերնագրված բողոքի ակցիան յուրաքանչյուր օր սկսվում է երեկոյան ժամը 17-ին եւ տեւում մինչեւ 22:00-ն:



Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող մտավորականները վերջինիս հացադուլը դադարեցնելուց հետո որոշել են իրենք եւս «տագնապ հնչեցնել երկրում վտանգված բարոյական արժեզրկման համար»: Մտավորականների նախաձեռնությունը կյանքի է կոչել «Ժառանգություն» կուսակցությունը, որն առաջարկում եւ համակարգում է ակցիան: Թեեւ կանխավ այս ակցիան հացադուլի շարունակություն էր ենթադրում, սակայն հավանաբար մարդիկ գիտակցեցին, որ սոված մնալն այնքան էլ հեշտ չէ եւ առավել եւս ծիծաղելի է 12-ժամյա հացադուլ անելը, ուստի ակցիան վերանվանվեց «Լռության ուխտի», որի մասնակիցները մարդկանց հետ չեն հաղորդակցվում՝ ոչ խոսում, ոչ շփվում, այլ միայն լուռ ողջունում են: Երեկ Ազատության հրապարակում «լուռ» բողոքում էին «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը, քաղաքագետ, Սլավոնական համալսարանի դասախոս Նիկիտա Զարուբյանը  եւ «Խաչակիր» հասարակական կազմակերպության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:



Անձրեւանոցի տակ նստած՝ նրանք նայում էին հրապարակի անցորդներին, երբեմն էլ զրուցում իրար հետ, սակայն անհաղորդ մնում լրագրողների եւ հատուկենտ հարցուփորձ անողների հարցերին: Փոխարենը՝ մի քանի մետր հեռու կանգնած էին «Ժառանգություն» կուսակցության վարչության երկու անդամներ, ովքեր պատասխանում էին հարցերին: «Քանի որ մարդկանց եւ մտավորականների ձայնը տեղ չի հասնում, ապա նրանք որոշել են լուռ ակցիայով, այս աղմկոտ լռությամբ իրենց բողոքի ձայնն արտահայտել»,-ակցիայի խորհուրդն այսպես մեկնաբանեց վարչության անդամ Դավիթ Սանասարյանը: Ի տարբերություն մյուս օրերի՝ երեկվա մասնակիցները «Ոչ կուսակցապետությանը» կարգախոս-պաստառով էին ներկայացել:



«Փաստն այն է, որ նախագահականում կուսակցապետության հիմքեր են դնում ստորագրված հուշագրերով, որ այսօր Հայաստանում պետական պաշտոնյաներն իրենց պաշտոնը շփոթում են կուսակցական գործունեության հետ»,-պարզաբանեց Դավիթ Սանասարյանը: Վարչության ներկայացուցիչների հավաստմամբ՝ նախորդ օրերին բազմաթիկ քաղաքացիներ են հայտնվել Ազատության հրապարակում, իրենց զորակցությունը հայտնել, շատերն անգամ ցանկություն եւ պատրաստակամություն են հայտնել մասնակցել ակցիային: Մինչդեռ երեկ մոտ մեկ ժամվա ընթացքում հատուկենտ մարդիկ էին մոտենում ակցիայի մասնակիցներին: «Գուցե անձրեւային եղանակով է պայմանավորված մարդկանց քանակը»,-բացատրեց Սանասարյանը: Անուններ չնշելով՝ «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ բազմաթիվ մտավորականներ են հերթագրվել ակցիային մասնակցելու համար: Թե որքան այն կշարունակվի, պայմանավորված է նրանով, թե ինչքան մարդ ցանկություն կհայտնի: Ըստ Սանասարյանի՝ հաջորդ մասնակիցները լինելու են բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Սիլվա Ադամյանը, իսկ երրորդ անունն այդպես էլ չհիշեց:



Հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկաններն այս օրերին չեն խոչընդոտել ակցիայի իրականացմանը: Նրանք պարզապես ամեն օր մոտեցել եւ հարցրել են մասնակիցների անուններն ու հեռացել: Հիշեցնենք, որ «Լռության ուխտի» առաջին օրվա մասնակիցները եղել են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը, իսկ երկրորդ օրը՝ աստվածաբան Ավետիք Խաչատրյանը, լրագրող Գագիկ Արծրունին եւ տնտեսագետ Խլղաթյանը: