Իշխանությունները նոր գազային արկածախնդրությա՞ն են գնում

Իշխանությունները նոր գազային արկածախնդրությա՞ն են գնում
Անցած շաբաթ մենք քննության էինք առել գազի գների սակագինը, հարցի վերաբերյալ Դաշնակցության ջանքերով խորհրդարանում անցկացված լսումները եւ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի այն պնդումը, թե գազը թանկ է, որովհետեւ Հայաստանը գազիֆիկացման տեմպերով միայն Նիդերլանդներին է զիջում, իսկ դա գին արժե: Այլ խոսքով` պատճառն իբր «ՀայՌուսգազարդի» կողմից արված ներդրումներն են:



Մենք, իհարկե, դույզն-ինչ հավատ չընծայեցինք հանձնաժողովի նախագահի, նաեւ` ՀՀ բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարի, վերջապես` «ՀայՌուսգազարդի» տնօրինության որեւէ փաստարկին, որովհետեւ, կրկնում ենք, աշխարհում չկա նման մի այլ կազմակերպություն, որը, անկախ ներդրումների ծավալից, հաջողի իր ապրանքը ձեռք բերել 180 դոլարով (իսկ ՌԴ-ից ներկրվող գազի 1000 խմ-ն հենց այդքան արժե) եւ վաճառի 360-ով: Ընդ որում, ասես հատուկ, առաջ մղի այնպիսի քաղաքականություն, որով «ներդրումներ» կոչվածի ողջ ծանրությունն ընկնի հատկապես ամենաքիչ գազ սպառողի, այսինքն` հասարակ սպառողների վրա:



Հետաքրքիր զուգադիպությամբ` անցած շաբաթվա վերջում, այսինքն` խորհրդարանական լսումներից ընդամենը մի քանի օր անց, տեղի ունեցավ ՀԱԿ-ի հանրահավաքը,  որում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես եկավ ուշագրավ մի ելույթով, անդրադառնալով հենց վերոնշյալ հարցերին: Եվ քանի որ գազի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել նաեւ հայ-իրանական «ծիրում», Բագրատյանի այդ ելույթը, որ չասենք ստվերվեց, բայց քաղաքական ելույթների չափ ուշադրության չարժանացավ մամուլի կողմից, կարող է անգնահատելի ծառայություն մատուցել բոլորիս` խնդիրն ավելի լավ պատկերացնելու համար:



Եվ այսպես` ի՞նչ է ասում Բագրատյանը: Ելակետ ընդունելով 1000 խմ-ի համար վճարվող 180 դոլարը, նախկին վարչապետը, փաստորեն, համաձայն չէ 360-ով վաճառելու մեր հաշվարկին եւ ներկայացնում է իր թիվը` 488 դոլար: «Մենք գազը Ռուսաստանից գնում ենք 180 դոլարով, որը  132 հազար դրամ է կազմում: Սա բաժանեք դոլարի` 367 կուրսով, գումարեք նաեւ այն 500 դրամը, որ սպասարկման վարձ ենք վճարում: Եղա՞վ վեց հազար դրամ, այսինքն 138 հազար դրամ: Դա էլ բազմապատկեք 1.29 հարյուրերորդական   գործակցով, որովհետեւ գազը մեզանում այդքան էլ կալորիականություն չունի, եւ կստանաք 488 դոլար` եվրոպական գներով ու մի բան էլ թանկ»,-հայտարարում է ՀՀ նախկին վարչապետը: Ստացվում է, որ ներդրումների անվան տակ մարդիկ քնած-նստած 301 դոլա՞ր են աշխատում իրենց իսկ հայրենակիցներին կլպելով: «Ներդրումներն էլ ներդրումներ լինեն. պահեստներ են ընդլայնում, փող են դուրս գրում, որ երկու անգամ խողովակներ են ներկել... եւ էդ մարդը ոչ թե պատժվում է, այլ գնում-դառնում է քաղաքապետ»,- ի պատասխան` վրդովվում է բանախոսը:



Հիմա: Այս խորապատկերին, անշուշտ, հասկանալի են դառնում այն լարված հարաբերությունները, որ առկա են հայ-ռուսական կողմերի միջեւ: Ճիշտ է` դրա մասին հրապարակավ չի խոսվում, բայց այս կամ այն կարճառոտ միտքը, թեկուզ միայն փաստը, որ ապրիլի մեկից այս կողմ «Գազպրոմն» այդպես էլ չի հստակեցնում մեզ համար սահմանվելիք գազի սակագները, խոսում են իսկապես լարված հարաբերությունների եւ այն մասին, որ Բագրատյանն այստեղ էլ ճիշտ է: «Ամեն բան դուրս է եկել ջրի երես. անցած տարի, երբ ՀԱԿ-ը դատական գործ սկսեց այս առիթով, բոլոր փաստաթղթերն ուղարկեց նաեւ ռուսական կողմին... Էս անգամ մեր իշխանությունները նորից հույս ունեին, որ Մոսկվայում էլի գազը կթանկացնեն, իրենք հանգիստ նորից մեղքը կգցեն ռուսների վրա, բայց չստացվեց. ռուսներն էլ են իրենց ամոթանք տալիս... Ասում են` էդպես լինո՞ւմ է. 20-30%-ով գազ ենք թանկացնում, սպառումը միանգամից ընկնում է 50%-ով: Գոնե մի քիչ պակասեցրեք ձեր գները` էդ ժողովուրդը կարողանա երկու կոպեկ փող տալ: Մեր կազմակերպությունը վնասաբեր է արդեն»,-բացատրում է Բագրատյանը` այսպիսով լույս սփռելով իրավիճակի վրա եւ, ցավոք, որեւէ ելք չարձանագրելով: «Ես ուրախ եմ, որ էս հարցը բարձրացվում է, ուրախ եմ, որ որոշ կուսակցություններ պառլամենտում են խոսում այդ մասին` գնալով մեր ճանապարհով, բայց նաեւ ուզում եմ ասել, որ այս իշխանությունների օրոք ոչինչ անել հնարավոր չի...»: Ստացվում է, որ ելքը քաղաքական է` իշխանափոխություն: Բայց քանի որ դա վաղը-մյուս օրը լինելու բան չէ, ստիպված ենք այս պայմաններում լրագրողական մեր գործն անել` հետեւելով հարցին առնչվող մնացած գործընթացներին:



Օրինակ այս ելույթից անմիջապես հետո, ասես իբրեւ պատասխան, «ՀայՌուսգազարդը» հանդես է գալիս մամլո հաղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացնում է իր կողմից արված ներդրումները: Ասել կուզի` մարդիկ այսպիսով ուզում են ապացուցել, թե «խողովակ ներկելով չեն զբաղված»՝ լուրջ գործ են անում: Ըստ այդմ` 2010-ին իրականացվել են 10.4 մլրդ դրամի ներդրումներ, որից  2.2 մլրդ-ն ուղղվել է գազափոխադրման համակարգի վերականգնմանն ու վերանորոգմանը,  8.2 միլիարդը` գազաբաշխման համակարգի վերականգնմանը եւ վերանորոգմանը:  Մանրամա՞սն եք ուզում՝ խնդրեմ. 10.7 կմ գազատար է վերանորոգվել, կառուցվել է գազի ճնշման նվազեցման  4 հանգույց, 2 գազաբաշխիչ կայան, 2 չափիչ հանգույց,  22 գազաբաշխիչ կայաններում փոխարինվել են տարբեր սարքավորումներ, Աբովյանի ԳՍՊԿ-ում 0.6 մլրդ դրամ է ծախսվել, որով գազի պոտենցիալ պահեստավորման ծավալը հասցվել է  140 մլն խմ-ի: Կառուցվել են 39.4 կմ երկարությամբ, վերակառուցվել 26.1 կմ գազատարներ, ինքնաշխատ վթարային կափույրներ, 255.960 ազդանշանային սարքեր եւ այլն:



Հիմա թե ինչքանով են այս թվերն իրական, ինչու դրանք «չեն մխիթարում» ռուսական կողմին, սրա՛ն ինչ կպատասխաներ Բագրատյանը, թողնենք: Այս պահին ամրագրենք միայն, որ հայկական կողմը կարծես թե որոշել է անցնել հերթական արկածախնդրության, այլ խոսքով` իրանական կողմի միջոցով «մանրից քցել նաեւ ռուսներին», հուսալով, թե ռուսներին առանձնապես չսիրող Եվրոպան ու ԱՄՆ-ն եթե չսատարեն էլ, գոնե չեզոքություն կպահպանեն իրանցիների հետ հնարավոր համագործակցության ընդլայնման հարցում: Մանավանդ որ` իրենք էլ են նույն խնդրի առաջ կանգնել:



Բանն այն է, որ հնարավոր է շատ շուտով իրանական գազը մրցակցի ռուսական գազի հետ անգամ եվրոպական շուկայում, քանի որ մեկուկես տարի անց գործարկվելու է 1.850 կմ երկարությամբ, 40 մլրդ խմ տարեկան թողունակությամբ իրանական գազատարը, որն անցնելու է Թուրքիայի տարածքով եւ 15-20%-ով ավելի էժան գազ է մատակարարելու Եվրոպային: Դե եթե այդպես է, ի՞նչն է խանգարում, որ նույն բանն արվի նաեւ Հայաստանի պարագայում, մանավանդ` գազատարը կա, Իրանն էլ ավելի քան պատրաստակամ է` մտածում են մեր իշխանությունները:



Չէ, մենք, իհարկե, չենք ասում, թե սա մեզ ձեռնտու չի լինի. իհարկե ձեռնտու կլինի, եւ դա էր պատճառը, որ ժամանակին այդքան մեղադրում էինք Քոչարյանին` Իրան-Հայաստան գազամուղն իրականում փոքր թողունակությամբ երկու խողովակի վերածելու եւ դրանցից մեկը ռուսներին նվիրելու համար... Պարզապես ուզում ենք փաստել, որ հայկական կողմը կարծես թե իսկապես անմաքուր խաղ է սկսել ռուսների հետ, ովքեր, ճիշտ է, առանձնապես ազնվությամբ չեն փայլում մեր նկատմամբ եւ գուցե հենց այս պատճառով ստիպված լինեն մարսել կատարվելիքը: Իսկ դրանում պարզություն է մտցնում իրանական «Mehr»  գործակալությունը, որի շատ կարեւոր լուրը երեկ «Iran.ru»-ում կարդացինք:



Այսպես` իրանական նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ջավադ Օջին հայտարարել է, թե իրենք ռեկորդ են սահմանել անցած տարի բնական գազի արտահանման ոլորտում` 8.500 մլրդ խմ, նաեւ նշել է, թե «այս պահին բանակցություններ են ընթանում հայկական կողմի հետ, եւ հաջողության պարագայում վեց անգամ կավելացվի գազի արտահանումը Հայաստան` ծավալը հասցնելով տարեկան 2.3 մլրդ խմ-ի...»: Ընդ որում, նշվում է, թե իրանական կողմը Հայաստանի հետ 20 տարվա պայմանագիր ունի, որով ՀՀ-ն իրանական գազը փոխանակում է էլեկտրաէներգիայի հետ:



Ստացվում է, որ մանավանդ էլեկտրաէներգիայի գերարտադրության մեր պայմաններում հայկական կողմը շահող է դուրս գալիս եւ գազի սակագնի, եւ վճարման ձեւի հարցերում, քանի որ իրանական կողմը կարծես թե ակնարկում է, որ հետագայում էլ կարելի է գազի դիմաց էլեկտրաէներգայով վճարել: Բայց: Արդյո՞ք ռուսները կթողնեն, որ հայկական կողմը հեշտ ու հանգիստ իրականացնի իր այս նախագիծը: Մանավանդ որ` այս իշխանություններն էլեկտրաէներգիա արտադրող հիմնական հզորություններն էլ են նվիրել ռուսներին: Հեշտ չի լինի, եթե չասենք` անհնար:



Վախենանք, թե միակ ելքն իսկապես էլ Բագրատյանի ասած իշխանափոխությունը լինի: Եվ ոչ թե որովհետեւ դա նաեւ մեր քաղաքական նախասիրությունն է, այլ այն պարզ պատճառով, որ հարցին մեր շահերից բխող լուծում կարող են տալ միայն նրանք, ովքեր որեւէ կապ չեն ունեցել գազային որեւէ  գործարքի հետ, ովքեր կաշկանդված չեն այս կամ այն խոստմամբ եւ ովքեր իսկապես նաեւ քաղաքական լեգիտիմությամբ են օժտված: Թե չէ ոնց  նայում ենք` Հայաստանին կարծես թե պատժելու են, իսկ պատժվողը, ինչպես միշտ, սովորական քաղաքացին է լինելու...