«Գույք պարտքի դիմաց» գործարքը իշխանությունն ամրապնդելու նպատակ ուներ

«Գույք պարտքի դիմաց» գործարքը իշխանությունն ամրապնդելու նպատակ ուներ
2002թ. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով ռուսական գազից կուտակված պարտքի դիմաց հայկական կողմը ռուսական կողմին հանձնեց մի շարք ձեռնարկություններ, եւ այդ գործարքը ստացավ «Գույք պարտքի դիմաց» անվանումը: 9 տարի է անցել այս խիստ վիճահարույց գործարքի իրականացումից, եւ թերեւս շատ քչերին է հայտնի (եթե ընդհանրապես որեւէ մեկին հայտնի է) այդ ձեռնարկությունների ճակատագիրը:



Օրերս մեկ այլ, ավելի աղմկահարույց գործարք կնքվեց` ռուսական կողմին հանձնվեց Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, որը որոշ լրատվամիջոցներ հասցրին անգամ «Գույք պարտքի դիմաց 2» կնքել, եւ սա էլ կարծես լրացուցիչ առիթ հանդիսացավ հիշելու բուն գործարքն իր բոլոր պատասխան չստացած հարցականներով: Խնդրո առարկայի շուրջ մեր հարցերին պատասխանում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:



- Պրն Բագրատյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում «Գույք պարտքի դիմաց» գործարքը. մեր իշխանությունների ապաշնորհությո՞ւն, այդ տարիներին ստեղծված իրավիճակի համար լավագույն լուծո՞ւմ, թե՞ կա երրորդ տարբերակը:



- «Գույք պարտքի դիմաց» գործարքում պետք չէ ապաշնորհություն կամ որեւիցե տնտեսական ճկունության դրսեւորումներ փնտրել. այն միայն Ռոբերտ Քոչարյանի համար եղել է իր իշխանությունն ամրապնդելու խնդիր: Գրեթե վստահ եմ, որ գործարքի իրական պատճառը հետագայում Հրազդան-Սեւան հիդրոկասկադն իր ընդհանուր 560 Մվտ հզորությամբ Ռուսաստանին հանձնելն է եղել: Հենց այս գործարքն էլ, որն իմ գնահատմամբ արժե մոտ 3 մլրդ դոլար (հաշվի առնելով վերոնշյալ հզորությունը), խնդրահարույց հարցի առանցքն է: Ընդ որում, հայկական կողմը ռուսականին այն տրամադրում է անվճար, իսկ ահա հայերից «նվեր» ստացած ռուսական ընկերությունն այն բավական պատկառելի գումարով վաճառել է մեկ այլ ռուսական ընկերության, ինչից դժվար չէ կռահել, որ Ռուսաստանում գնահատել են մեր հիդրոկասկադի իրական արժեքը, ինչը մենք, չգիտես ինչու, չենք արել: Ինչ վերաբերում է բուն գործարքով տրված ձեռնարկություններին, ապա դրանք, այն է` «Մարս» ՓԲԸ-ն, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ավտոմատացված ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Երեւանի ղեկավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երեւանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն եւ Հրազդանի ՋԷԿ-ի գույքահամալիրը, մոտ 100-ապատիկ անգամ պակաս արժեք ունեն, քան Սեւան-Հրազդան հիդրոկասկադը:



Եվ հետո, այս գործարքի մասին խոսելիս բոլորը, չգիտես ինչու, մոռանում են ամենակարեւոր հարցը. լավ, ինչպե՞ս եղավ, որ այդ մոտ 100 միլիոն դոլար կազմող պարտքը գոյացավ: Չէ՞ որ Ռուսաստանից գնում էին գազը եւ համապատասխան սակագներով վաճառում մեր ազգաբնակչությանը, իսկ վերջինից էլ գանձում գումարները: Ուղղակի այդ գումարները գանձվելուց հետո չեն ուղղվել ձեռք բերված գույքի (որն իրենից ներկայացնում էր վերը նշված գազը եւ էլեկտրաէներգիայի վերածված միջուկային վառելիքը) արժեքի մարմանը: Փաստորեն, գործ ունենք Քոչարյանի վարչակարգի կողմից իրականացված լայնամասշտաբ կոռուպցիայի հետ: Այդ գանձված գումարները եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի 85 տոկոսի չափով ուղղակիորեն գրպանվել են:



- Ըստ համաձայնագրում նշված կետի՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ընկերությունները պետք է վերակազմավորվեին, ընդգրկվելով մեկ գիտա-արտադրական միավորման մեջ, նաեւ պահպանելով իրենց թեմատիկ ուղղությունները: Մեր այդ գիտա-արտադրական միավորների վերաբերյալ ռուսական կողմը որեւիցե բան նախաձեռնե՞լ է:



- Առանձնապես լավատեղյակ չեմ այս հարցի վերաբերյալ, միայն ուզում եմ հուսալ, որ ռուսական կողմը կփորձի իրատեսորեն գնահատել այդ օբյեկտների օգտակարությունը եւ կծառայեցնի իր ու հայկական կողմի շահերին: Կարծում եմ, որ այդ ձեռնարկություններում ռուս ներդրողների համար գայթակղիչ կարող է լինել եթե ոչ ամբողջովին «Մարս» գործարանը, ապա գոնե դրա որոշ արտադրամասեր՝ հատկապես գալվանականն ու շաղափների արտադրությանը, որոշ հետաքրքրություն կարող է իրենից ներկայացնել նաեւ Նյութագիտության ինստիտուտը:



- Ընդհանուր առմամբ, այս գործարքով մեր տնտեսությունն ինչ-որ չափով աշխուժանալու հավակնություններ կունենա՞, թե՞ ոչ:



- Ինչպես տեսնում ենք, արդեն 9 տարի է, ինչ գործարքը կատարված է, եւ ոչինչ տեղից չի շարժվել: Պետք է միայն հուսալ, որ հետագա տարիներին ինչ-որ քայլեր ռուսական կողմը կձեռնարկի, ինչի արդյունքում էլ միգուցե որոշակի աշխուժություն նկատվի:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ