Դիմել են նախագահին եւ...

Դիմել են նախագահին եւ...
«Պետության կարիքների համար» կամ «գերակա շահ» կապակցությունները վերջին տարիներին Երեւանի Կենտրոնի բնակիչների ամենացավոտ արտահայտություններից են դարձել: Օր-օրի անհամաչափ ու անտրամաբանական վեր խոյացող բազմաոճ ու տարաբնույթ շենքերը, որ կառուցվում են բնակիչների տունուտեղն օտարելու հաշվին, որեւէ կերպ չեն աղերսվում քաղաքի բնական տեսքին, էլ չեմ ասում թամանյանական նախագծին:



Արդյունքում ունենում ենք անդեմ Երեւան, զիգզագ ու աններդաշնակ, շնչահեղձ անող բազմահարկեր՝ անշնորհք կառուցված: Պետության կարիքների զոհերը Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչներն են, ովքեր տարիներ շարունակ պայքարում են, անարդյունք բողոքելով տարբեր գրատեսչություններ՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու, «ռեզինի» պես ձգվող անօթեւանության ժամկետի վերջը տեսնելու աղոտ հույսով:



Երեւանի Գլխավոր պողոտան կառուցելու նպատակով ՀՀ կառավարության 17. 06. 2004 թ. թիվ 909-Ն որոշման համաձայն՝ «պետության կարիքների համար» վերցվել է Բուզանդի փողոցի 37 ընտանիքների անշարժ գույքը: 2005թ. Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչների եւ «Վիզկոն» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ 25 ամսվա ընթացքում պետք է բնակարանով ապահովել Արամի 72-80 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքից: Նախ՝ 25 ամիսն արդեն 6-7 տարի է դարձել, եւ հիմա էլ հրաժարվում են կառուցված շենքից 30 ընտանիքի բնակարան հատկացնել:



«Մեզ հետ պայմանագիր են կնքել 40-60 քմ մակերեսով բնակարան հատկացնելու վերաբերյալ եւ հիմա՝ վեցուկես տարի սպասելուց հետո ասում են, թե այդ չափով բնակարան չենք կառուցել, որպեսզի ձեզ հատկացնենք»,- ասում է Էլվինա Բախշինյանը: Սակայն 02.03.2005թ. կնքված պայմանագրում նշված է. «Կառուցապատողը պարտավորվում է հանձնվող գույքի բաժնեմասերի դիմաց համասեփականատերեր Էլվինա Բախշինյանին եւ Լիլի Միքայելյանին հատկացնել Երեան քաղաքի Արամի 72-80 հասցեներում կառուցվող 14 հարկանի բնակելի շենքի 10-րդ հարկից 40 քմ ընդհանուր մակերեսով տարածք»:



Բացի այդ, պայմանագրում նշված է, որ կառուցապատողը շինարարությունը սահմանված ժամկետում չավարտելու դեպքում պարտավոր է ուշացրած յուրաքանչյուր օրվա համար մյուս կողմին վճարել տուգանք՝ հատկացվող տարածքի 0,01 տոկոսի չափով: «Իսկ երբ հարց ենք բարձրացնում, ասում են՝ տույժի մասին հանկարծ չխոսեք: Եվ մենք առաջարկում ենք, որ այդ տույժերի հաշվին տան քառակուսին մեծացնեն, եթե չունեն համապատասխան չափով բնակտարածք: Յոթերորդ տարին է, որ մեր տունը քանդել են ու մեզ փողոց են շպրտել, եւ բնակվարձի համար որեւէ գումար, ուշացնելու համար որեւէ տուգանք առայսօր ինձ չեն վճարել: Ես պահանջում եմ նոր կառուցված շենքից, պայմանագրի համաձայն, ինձ բնակարան տրամադրել»,- շարունակում է Բախշինյանը:



Հույս են տվել, թե վերջապես մինչեւ այս տարվա մարտի 1-ը կառուցվող շենքից բնակարան կստանան, իսկ երբ եկել է մարտի 1-ը, ասել են, որ ընդհանրապես քառակուսի չունեն այդ շենքում, քանի որ բնակարանների քառակուսիները 90-ից են սկսվում: Երեւի «Վիզկոնի» համար էլ է նորություն, որ բնակարանները մեծ են.



«Մեզ առաջարկեցին նորակառույց շենքերում բնակարաններ գտնենք, որպեսզի գնեն եւ տան մեզ: Ես գտել եմ այդպիսի բնակարան, որը գումարային առումով էլ է ձեռնտու: Իրենք էլ խոստովանեցին, բայց դա էլ չեն անում: Պատասխանել են, թե իբր մտածում են՝ վերցնե՞ն այդ բնակարանը մեզ համար, թե՞ ոչ, եւ այդ մտածելուց արդեն երկու ամիս է անցել: Իրենց առաջարկած նոր պայմանին էլ եմ համաձայնվել, բայց էլի ոչ մի կերպ չեն ընդառաջում»,- ասում է Գոհար Զարգարյանը:



Կառուցապատող կողմը շարունակ խախտել է իր գրավոր հայտարարությունները, տված խոստումները՝ բնակարանները հանձնելու նոր սահմանված ժամկետների եւ այն չկատարելու դեպքում տուգանքներ վճարելու առումով: Բնակիչները տարիներ շարունակ դիմել են այն բոլոր գերատեսչություններին, որոնցից պաշտպանության, արդար վճիռ ստանալու ակնկալիք են ունեցել:



Այս տարվա փետրվարի 21-ին դիմել են անգամ հանրապետության նախագահին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Ստիպված, մի վերջին հույսով՝ փորձում են մամուլի միջոցով իրենց մասին աղաղակել: «Առաջին երկու տարվա բնակվարձը տվել են, իհարկե՝ ոչ բոլորին, դրանից հետո ոչ բնակվարձ են տվել, ոչ էլ ուշացրած յուրաքանչյուր օրվա համար նախատեսվող տուգանքը: Դատարաններն էլ կառուցապատողների շահերն են պաշտպանում՝ մեր իրավունքները ոտնահարելու հաշվին: Միջոցներ չեն ձեռնարկում ոչ քաղաքապետարանը, ոչ էլ կառավարությունը՝ մեզ կառուցապատողի քմահաճույքներից, անօրինական գործողություններից ազատելու համար: Մեր բողոքի ձայնը ոչ լսող կա, ոչ մեզանով մտահոգվող, ոչ էլ մեր ոտնահարված իրավունքները պաշտպանող»,- ասում են բնակիչները:



Ֆելիքս Եղիազարյան