Հրանուշ Հակոբյանը հայրենիքի վիրուսը ներարկեց

Հրանուշ Հակոբյանը հայրենիքի վիրուսը ներարկեց
Երեկ իր հերթական ազգանվեր առաքելությունն իրականացրեց սփյուռքի նախարարությունը: Հրանուշ Հակոբյանը հայրենքի տեսած ու չտեսած զավակներուն երկու շաբաթով առավ իր «լայնարձակ» թեւերի տակ: Հիշեցնենք, որ այս գործընթացը, որը երեք տարի է, ինչ աղմուկ-աղաղակով իրականացնում են, կոչվում է «Արի տուն»:



Այն նախատեսված է Սփյուռքի մատաղ սերնդին  երկու շաբաթով հայրենիք բերելու՝ այն ճանաչել տալու եւ հող ու ջրի հանդեպ սեր սերմանելու համար: Ինչպես նախատեսված է ծրագրով,  մեր եղբայրներն ու քույրերը գալիս են, երկու շաբաթ հյուրընկալվում տարբեր ընտանիքներում:



Եվ քանի որ ավիատոմսերը մեզանում շատ թանկ են, մարդիկ գոնե կեցության վրա այս ճանապարհով գումար են տնտեսում, արանքում էլ բարեկամություն հաստատում:  800 այցելուի համար այս տարի նախատեսված է բյուջեից ծախսել 75 միլիոն դրամ: Ընդ որում՝  ճանապարհածախսը եկողների հաշվին է, այս 75 միլիոնն ընդամենը հայաստանյան գեղատեսիլ վայրերին ծանոթացնելու ու մեկ շաբաթով ճամբարում պահելու գումարն է:



Նշենք, որ հայրենական էքսկուրսն իրականանալու է մի քանի փուլով: Երեկ մեկնարկեց առաջինը, որի մասնակիցները եկել էին  Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Ավստրալիայից: Երիտասարդ սփյուռքահայերով լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց ծանոթության արարողությունը, այնուհետեւ Սփյուռքի երեքամյա սիմվոլ տիկին Հակոբյանն այն փակեց յուրօրինակ հայտարարությամբ. «Մենք  այս պահին ձեր մեջ դրեցինք Հայաստանի վիրուսը, եւ այդ վիրուսից երբեք չեք բուժվելու»:



Հոգատար ժպիտով հայերեն հասկացող սփյուռքահայերին  սարսափեցրեց տիկինը, ապա անհույս «ապագա» գուշակեց. «Անընդհատ հիվանդ եք մնալու Հայաստանով, հայրենիքով  եւ գալու եք անընդհատ, որպեսզի բուժվեք-վերականգնվեք, ուրախանաք»:



Ակնհայտ էր, որ Հրանուշ Հակոբյանի այս  ալեգորիկ բարեմաղթանքը շատ բնիկ սփյուռքահայերի հոգուն չդիպավ՝ հայերեն չիմանալու պատճառով: Միգուցե նրանց ընկերները նաեւ թարգմանեցին, բայց դե նման մտքերը պետք է «բնագրով» լսել՝ հայրենիքի սիրով «բորոտվելու» համար, այլապես ջուրն է ընկնելու վիրուսներարկման պրոցեսը:



Միջոցառման ավարտից հետո մենք մոտեցանք, Հրանուշ Հակոբյանի բնորոշմամբ՝ «վիրուսակիրներին», պարզելու, թե  ում վրա որքանով է այն ազդել, կամ արդյո՞ք նախապես կրել են այն՝ ասենք, բարեկամներից կամ տան անդամներից լսելով հայրենիքի մասին:



Ջավախահայերը, աշխարհագրական դիրքի առումով, այն բախտավորներից են, որոնց համար Հայաստանն անհաս բարձունք չի եղել, նույնը  եւ Ռուսաստանի դեպքում: Սրանք քիչ թե շատ գիտեին հայրենիքի մասին: Մոսկվայից եկած «սփյուռքահայ» մեր զրուցակիցը նույնիսկ ասաց, որ ընտանիքով տարիներ առաջ են մեկնել  Հայաստանից, ինքն էլ ամեն ամառ հանգստանում է այստեղ՝ ազգականների մոտ:



«Ծանր էր» ռումինահայերի ու այլոց վիճակը, որոնք ոչ միայն առաջին անգամ էին Հայաստանում, այլեւ շատերը հայերեն բացարձակ չգիտեին ու այնքան չգիտեին այս երկրի մասին, որ Հրանուշ Հակոբյանի «վիրուսները» դժվար թե որեւէ ազդեցություն ունենան նրանց վրա: Մի խոսքով, պաշտոնական արարողությունից հետո հյուրերն ուղեւորվեցին Օշական: Ինչ վերաբերում է հյուրընկալողներին, նշենք, որ այս տարի ոչ պատգամավորներ, ոչ թաղապետեր, ոչ էլ այլ չինովնիկներ չկան: Սակայն ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագիրը նոր է մեկնարկել, ու շատերն են գալու:



Հիշեցնենք, որ նախորդ երկու տարվա ընթացքում նրանց ոգեւորված հյուրընկալում էին բարձրաստիճան չինովնիկներ: Այն անմիջապես էկրանավորում էին ու ի լուր աշխարհի ցուցադրում: Նույնիսկ անցած տարի ծրագրի փակման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց, որ հայաստանաբնակներն օտար ափերում ապաստանած հայրենակիցներին հյուրընկալեն իրենց օջախներում:



Նշենք, որ հյուրընկալ ընտանիքները չեն ֆինանսավորվում նախարարության կողմից: Ծրագիրը հայրենասիրական էնտուզիազմի վրա է կառուցված: