Մի քանի նկատառումներ կրթական համակարգի եւ նոր դասագրքերի մասին

Մի քանի նկատառումներ կրթական համակարգի եւ նոր դասագրքերի մասին
Ուսուցումը դպրոցում ամենից առաջ մայրենի լեզվի ուսուցումն է, նրանով են բացվում մյուս գիտությունների դռները: Անընդհատ փոխվում են հայոց լեզվի եւ գրականության ծրագրերն ու դասագրքերը: Դեռեւս թարմ են հիշողությունները հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունից հետո Փառանձեմ Մեյթիխանյանի հեռուստատեսային ելույթներից, երբ հպարտությամբ ասում էր, որ ինքը քննական երկու տարբերակ է կազմել, ուրեմն սխալներն էլ ավելի շատ պետք է  լինեն: Զարմանալի է, չէ՞ …Թեստի երկու տարբերակում այդքան սխալներ թույլ տված մասնագետն ինչպե՞ս կարող է դասագիրք գրել:



Տարիներ առաջ  ուսուցիչների հետ մի հանդիպման  ժամանակ  անվանի գիտնական, բարձր  մտավորական Ս. Աբրահամյանը, ով բազմաթիվ գիտական եւ բուհական ձեռնարկների հեղինակ է, ասել էր, որ իր ոչ մի գիտական գիրք, բուհական ձեռնարկ այդքան դժվարությամբ չի գրել, ինչպես 7-8-րդ դասարանների շարահյուսության դասագիրքը, որն առաջինը ճեղքեց Գ. Սեւակի շարահյուսության դասագրքի կաղապարը եւ շնչառություն տվեց ուսուցչին նորովի մտածելու, աշխատելու եւ ստեղծագործելու:



Անկախության տարիներին այս դասագիրքը ժամանակից շուտ փոխարինվեց բլեյանական, ապա Խլղաթյանի դասագրքերով. վերջիններս լրացվել եւ բարեփոխվել են: Բայց մրցույթում հաղթել է Փ. Մեյթիխանյանի «Հայոց լեզու» 7-րդ դասարանի դասագիրքը, որը քննարկման է դրվել մրցույթից հետո: Դասագիրքը տարբերվում է առկա դասագրքից, բայց ոչ դրական առումով:



Ուսուցիչներն ինչքան էլ փորձեն այս դասագրքի մասին կարծիքներ հայտնել, դասագիրքը հնարավոր չէ շտկել: Վրիպումների կամ թերությունների մասին չէ խոսքը (դրանք շատ են), հեղինակը չգիտի այսօրվա դպրոցը, չի ճանաչում աշակերտին, նրա հոգեբանությունը, նախասիրությունները: Բոլոր էջերում կան անճշտություններ, քերականական, շարադասական, կետադրական սխալներ, միջառարկայական զավեշտալի օրինակներ, բարձրագոչ եւ ծավալուն պահանջներ` հրամայական ենթատեքստով: Այսօր աշակերտին չես կարող պահանջելով եւ հրամայելով աշխատեցնել: Այսօրվա դասի պահանջները պետք է ազատվեն սխեմաների կապանքներից, իսկ դասագրքերի վարժությունների մեծ մասն իրեն չի արդարացնում:



Գրքի առաջին էջում Պ. Սեւակից մեջբերում է, չի նշվել հեղինակը:



...Ապա նա (Նա) ինքն է այն մեծատառը…



Նյարդայնացնող  է հատվածի ձեւավորումը:



Էջ 8. «Լավություն արա ու ջուրը նետիր» Ս. Կապուտիկյանի բանաստեղծությունը մեջբերված է ամբողջությամբ, իսկ ո՞ւր է բնաբանը՝ «Լավություն արա ու ջուրը գցի»: Ժողովրդական ասացվածք:



«Լավ վերաբերվենք բարբառներին» (ոչ թե ըստ Լ. Հախվերդյանի, այլ Լ. Հախվերդյան)



Կարդա եւ վերարտադրիր թե քո, թե տեքստային բնորոշ բառերով:



Էջ 11. Մենիմաստ բառերն ավելի շատ են...



«Մենիմաստ բառերի թիվն առհասարակ շատ քիչ է, բառերը մեծ մասամբ բազմիմաստ են»



Հ. Հարությունյան



«Ի տարբերություն մենիմաստ բառերի` բազմիմաստ բառերը մեկից ավելի (երկուսից մինչեւ վաթսուն) իմաստներ են արտահայտում»: Լ. Եզեկյան, 2007թ., էջ 94



Էջ 12. Ս. Կապուտիկյանի «Տղայիս» բանաստեղծությունից բաց են թողնված 2.3.4 քառատողերը.



Տրված բառերով  եւ բառակապակցություններով փորձիր վերականգնել բաց թողնված քառատողերի բովանդակությունը:



Էջ 22. Տրված է քառատող.



Մեր պատմությունն  է այս գրերի մեջ...



Հարց. Ինչ գրերի  մասին է խոսքը...



(պարզունակ հարց)



Էջ 26. Քո տետրում գրիր հինգական`



- պետության անվանում,



- լեռնանուն,



- սրբավայր տեղանուն,



Գրական մականուն:



Սա ինչ կետադրություն  է, իսկ սրբավայր տեղանուն բառակապակցությունը…



Էջ 33. Փ. Մեյթիխանյանը «ապահովել է» միջառարկայական կապերը.



Սովորիր եւ հիշիր



Բույսերի  խմբեր                               թռչուններ                                   կենդանիներ



Այծատերեւազգիներ                              արոր                                                 ինձ



Գորտակյունազգիներ                           հավալուսն                                      քարբ



ձարխոտազգիներ                                    խորդ                                                հեպարդ



ներխուրազգիներ                                     շահեն                                              կոզռակ



ցորենազգիներ                                          փասիան                                         մուֆրոն



վարդազգիներ                                            կեռնեխ                                           քարայծ



կաթնախոտազգիներ                                մրտին                                             ռահվար 



11-12 տարեկան աշակերտն ինչո՞ւ պետք է հիշի այս անունները:



Էջ 34. Արամն  ու Սուրենը Գ. Սեւակի շարահյուսության հետ «հեռացել էին» աշակերտի բառապաշարից, Արամը նոր դասագրքում վերադարձել է…



Հիշիր



Ճիշտ                                                        Սխալ



Արամը գնաց:                                         Արամն գնաց:



Էջ 35. Համո Սահյանի «Հայերեն» բանաստեղծությունը եռատող կառուցվածք ունի. մեջբերված են առաջին եւ երրորդ եռատողերը որպես վեցնյակ.



Հայերեն  են հորդում (ոչ թե երգում ) ջրերդ:



Ծանրաբեռնված եւ ծանրաշունչ է «Թվական» թեման.



Խրթին են բացատրությունները:



Փոփոխություն կա թվականների տեսակների մեջ: Կարծում եմ՝ տեսակների մասին պետք է լեզվաբանները վիճեն, իսկ  դպրոցում պետք է միօրինակություն լինի:



Ծանր ու երկարաշունչ վարժություններ, ծավալուն առաջադրանքներ եւ պահանջներ...



62. Տրված է ծավալուն շարադրանք, վերամբարձ պահանջների կատարում.



Կազմիր գունանուն բարդ բառեր տրված բառերի բաղադրմամբ: Ոչ մի բառ էլ տրված չէ...



Տեքստում գտիր նախադասություններ կամ կապակցություններ, որոնք վերլուծական միտք են պարունակում:



Էջ 63. Ուշադրություն դարձրեք բառերին եւ նրանց բացատրությանը.



Բառերի շտեմարան



Սովորիր եւ հիշիր



Անէ – անիրական



Անգո – անիրական, գոյություն չունեցող



Ակաղձյուն – հոծ, խիտ, լեցուն



Դժնդակ – դժոխային



Զգլխիչ – արբեցնող, հմայիչ



Պարզկա – պարզ` անամպ եւ ցուրտ



Մարգարտահուռ – մարգարիտներով զարդարուն



Լուսնկա – լուսնյակ



Մթնկա – մութ, խավար



Էջ 85. «Երեխաները նստել են մի ծառի ստվերում» նախադասության մեջ «ծառ» գոյականը գործածվել է անորոշ առումով`«մի» գոյականի հետ:



Անիմաստ բացատրություն. մի լինի, թե չլինի, «ծառ» գոյականը սեռական հոլով է, բնականաբար առում չունի...



Առանց բացառության  գրքի բոլոր էջերում կան սխալներ, գիրքը դասագիրք չէ: Հաճախ են ասում, թե ուսուցիչները դժգոհում են դժվարություններից, սա այդ տարբերակը չէ, պարզապես գիրքն այսօրվա համար ժամանակավրեպ է. չկարծեք միայն թերությունների մասին է խոսքը՝ պակասում է ոգին:



Թող չստացվի, որ ամեն ինչից դժգոհ են ուսուցիչները...Լավ դասագրքեր այսօր էլ ունենք: Դավիթ Գասպարյանի «Հայ գրականություն» Xl դասարան (հումանիտար խոսք), դասագիրք, որ բարձրացնում է ուսուցչի գիտական մակարդակը: Ափսոս, որ հիմնական դպրոցների Xl դասարաններում անցնում են բնագիտական հոսքի դասագրքերով: Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերը բոլոր հոսքերի համար պարտադիր պետք է լինեն . դա իմ` երկարամյա ուսուցչիս համոզմունքն է:   Լավ դասագիրք է Դավիթ Գյուրջինյանի 10-րդ դասարանի «Հայոց լեզու»-ն (հումանիտար հոսք): Այն օրինակելի, հետաքրքիր պահանջներով, անմիջական երկխոսություններով, գրավիչ եւ ճանաչողական զրույցներով, պարզ, ոչ պարզունակ, գեղեցիկ ձեւավորմամբ դասագիրք է: Սպասված դասագիրք է, այն կդառնա ոչ միայն աշակերտի, այլեւ ծնողի համար սեղանի գիրք:



Առիթը եկել է, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դասավանդման այն հաճելի պահերի համար, որ պարապել եմ «Մայրենի» 5-6-րդ դասարանների դասագրքերով: Աշակերտները սիրել են այս դասագրքերը, իրենց դուր եկած թեմաներով ձեւավորել են գեղեցիկ գրքեր (2007, 2010 թթ.) եւ շնորհակալական նամակներ գրել դասագրքի հեղինակներին:



Միշտ հիշենք` դասագիրքը, ինչպես չվող թռչունը,  ավելորդ փետուր չպետք է ունենա:



ՀԳ - Պ. Սեւակի հոդվածից՝ ուղղված պրոֆ. Գ. Սեւակին, մնացել է «Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ վարսավիրություն սովորես» թեւավոր խոսքը:



Ժաննա  Պետրոսյան, Երեւանի թիվ 145 դպրոց, «Տարվա լավագույն ուսուցիչ»  մրցույթի մրցանակակիր