Կյանքն ու մահը

Կյանքն ու մահը

Օրերից մի օր կյանքն ու մահը հանդիպում են երկնքում: Զարմացած նայում են իրար, կյանքը հարցնում է մահին.



-Դու ի՞նչ գործ ունես այստեղ, քեզ ամեն տեղ կարելի էր սպասել, բացի այստեղից: Իհարկե, դու ոչ մի քայլ հենց այնպես չես անում, ի՞նչն է քեզ այստեղ բերել: Ու՞մ հետից ես եկել այստեղ: Մինչեւ հիմա չե՞ս հասկացել, որ այստեղ` երկնքում կենդանի մարդիկ չկան:



Մահը շփոթված պատասխանում է.



-Հարգարժան կյանք, դու այնքան անխելք ես, որ ծերունական այս տարիքում անգամ շատ  պարզ մի բան չես հասկացել. ես հիմնական ապրելավայր չունեմ, լինում եմ այնտեղ, որտեղ իմ կարիքը զգացվում է: Ի տարբերություն քեզ, ես կաշկանդված չեմ իմ գործողություններում եւ որոշել եմ որպես հիմնական ապրելավայր ընտրել երկինքը, իսկ երկրի վրա ես կհայտնվեմ ըստ անհրաժեշտության` պարտականություններիս համապատասխան:



Այ հիմա, ճիշտ նույն հարցը ես եմ քեզ տալիս, ասում է մահը..



- Դու ի՞նչ գործ ունես այստեղ, ուզու՞մ ես երկինքն էլ քո մենաշնորհը դարձնել: Մի մաքուր տեղ է մնացել, ցանկանում ես քո անմաքուր արարքներով դա էլ պղծել: Չէ՞ որ, մեր բոլոր խոսակցությունների ժամանակ միշտ հպարտորեն շեշտում ես, որ դու Աստծո ծնունդ ես, իսկ ես` սատանայի եւ ամեն ինչ, այդ թվում նաեւ երկինքը` Աստված է ստեղծել: Այդ դեպքում, ինչու՞ ես փորձում քո Տեր Աստծո ստեղծած մաքրեմաքուր երկինքը եւս քեզնով անել` քաջ գիտակցելով` ուր որ դու ես լինում, այնտեղ միանշանակ թագավորում է անարդարությունն ու կեղծիքը: Հետաքրքիր է, դու մի՞շտ ես այդպես ծառայում քո տեր Աստծուն:



Ի՞նչ ես քեզ միամտի տեղ դրել,-ասում է կյանքը,- եւ ավելացնում. այո, այս կյանքում ամեն ինչ, այդ թվում նաեւ երկինքը Աստծո ստեղծածն է եւ նա այնքան մեծահոգի է, որ բոլորին թույլ է  տալիս առատորեն օգտվել իր ստեղծած բարիքներից: Եվ այդ ամենը լավ իմանալով, օգտվելով դրանից, փորձում ես սրբի կեցվածքով` քո տեղն ամրապնդել նաեւ երկնքում: Իհարկե, ամոթն ինձ ետ կպահեր խոսել այդ մասին, եթե փորձեիր այստեղ լինել միայն անհրաժեշտության դեպքում եւ քեզ պահեիր հյուրի նման: Իսկ դու, մշտապես` գիշեր-ցերեկ այստեղ ես եւ փորձում ես երկինքը եւս դարձնել քո մենաշնորհը: Չե՞ս հասկանում, որ երկրի վրա եւ երկնքում «ապրող» հոգիների քանակներն անհամեմատելի են, այսինքն` նրանց թիվն անհամեմատ շատ է երկնքում: Կարծում եմ, գոնե հիմա հասկացար, թե ինչու է երկինքն իմ հիմնական ապրելավայրը, այլ ոչ թե` քո: Ավելին, եթե դու չմոռանայիր քո միակ եւ հիմնական առաքելության մասին, ապա կհամաձայնեիր, որ երկրից դուրս դու անելիք չունես:



Քանի որ մահը երբեք չի սիրում պարտվել, խորը հոգոց է հանում եւ ասում.



- Էդ դու փորձում ես քեզ սրբի տեղ դնել, հա՞: Ինչպես երկրի վրա ես գիշեր-ցերեկ ինտրիգներ սարքում եւ կանգ չես առնում, այնպես էլ նույն «վարք ու բարքով» փորձում ես նաեւ երկինքը վարակել: Համոզված եմ, որ նման դեպքում շատ արագ կպղծես նաեւ երկինքը եւ այն «կսարքես» երկրի նման մի բան: Ի՞նչ է, չթողնենք, որ այս կյանքում գոնե մի մաքուր բան մնա:



Ի՞նչ ես փորձում ինձ անընդհատ խելոքության դասեր տալ,- ասում է կյանքը եւ ավելացնում.



- Լավ գիտես, որ երկրի վրա դու միայն քո սեւ գործն ես անում` մարդկանց սպանում եւ խլում ես ինձանից, իսկ նրանց հոգիները ես բերում եմ այստեղ: Իբր, դա դեռ քիչ է, այստեղ գալով եւ մնալով` դու փորձում ես նաեւ նրանց հոգիներն սպանե՞լ: Ի՞նչ է, ուզում ես նրանց կրկնակի մահ պարգեւե՞լ: Կարծում եմ դու լրիվ գժվել ես եւ քո ապրելու տեղն ու հիմնական անելիքը շփոթել ես:



- Դե հիմա ինձ լսիր, այ կյանք,-ասում է մահը եւ շարունակում. դու երեւի տեղյակ էլ չե՞ս, որ քո տեր Աստվածը երկիրը հատուկ ստեղծել եւ քեզ այնտեղ իր ներկայացուցիչ է նշանակել, որպեսզի մնաս եւ արարես այնտեղ: Այնպես որ, դու այլընտրանք չունես, քո ապրելու միակ վայրը երկիրը պետք է լինի: Հիշեցնեմ նաեւ, որ դու առանց քո «կեսի», այսինքն` առանց ինձ, չես կարող գոյատեւել եւ ուզած-չուզած պետք է հաշտվես իմ` նաեւ երկրի վրա քո կողքին հաճախակի հայտնվելու մտքի հետ: Իսկ եթե մտածում ես, որ նույն հաջողությամբ դու էլ կարող ես մշտապես տեղ զբաղեցնել նաեւ իմ տիրույթում` երկնքում, ապա չարաչար սխալվում ես, քանզի մեր ծագման եւ գոյության «սիմետրիան» ամենուրեք չէ, որ ենթարկվում է քո պատկերացրած օրինաչափությանը:



Այնպես որ, քո լիազորությունները մի գերազանցիր եւմիշտ հիշիր հետեւյալ պարզ իրողությունը. ժամանակի ցանկացած պահի` որոշակի ոչ հաստատուն և աճող արագացումով դու անընդհատ շարժվում եւ փորձում ես` ամեն կերպ հասնել ինձ, իսկ ես հիմնականում` մեծահոգաբար ընդառաջում եմ քեզ: Եվ հասնելուն պես` այդ ակնթարթից դադարում է քո գոյությունը եւ դու տարալուծվում ես իմ մեջ: Դու իսկապես իմ պոտենցիալ կեսն ես եւ ես մեծահոգաբար` մշտապես ընդունում եմ իմ երկրորդ կեսի միացումն ինձ: Եվ եթե անկեղծ լինենք, ապա ճիշտն ասած` դու ես միշտ ընկած իմ ետեւից, այլ ոչ թե ես` քո: Ուրեմն, բարի եղիր չափդ ճանաչել, թե չէ մեկ էլ ու…, դեպի ինձ մոտենալու ժամանակ` մտքափոխվեմ ու ես էլ սկսեմ նույն ուղղությամբ` ավելի արագ հեռանալ, այդ դեպքում` պակերացնու՞մ ես ինչ կլինի քո վիճակը: Իմացած եղիր. իմ բարությունն էլ սահման ունի: Եվ ուզած թե չուզած, պետք է հաշտվես այն իրողության հետ, որ քո տիրույթն ընդամենը` վերջավոր երկիրն է, իսկ իմը` անվերջ երկինքը: Այդ պատճառով էլ, քո իրավասությունները  վերջավոր են, իսկ ինձ  տրված են անվերջ իրավասություններ, որի պատճառով իմ ցանկությունները սահմանափակված չեն:



Հիմա հասկացա՞ր, որ ես որեւէ խոչընդոտ չունեմ եւ ինձ` ամեն ինչ թույլատրելի է: Իսկ քո` երկնքում լինելու, առավել եւս` այնտեղ ապրելու իրավունքը իմ ձեռքերում է եւ այն ենթակա չէ քննարկման: Եվ եթե, դեմոկրատիայի մասին ինչ-որ բաներ ես լսել եւ կարծում ես դա քեզ կարող է արտոնել` որպես մշտական բնակության վայր ընտրել նաեւ երկինքը, ապա չարաչար սխալվում ես:



Կյանքը մի պահ խորհրդավոր լռում է եւ ավելացնում,- այ մահ, այ իմ` քո ասած, ոչ բարով կես, նախ` դու ես անընհատ իմ ետեւից ընկած եւ հետո էլ, ի՞նչն է քեզ իրավունք տալիս` քո ավագ կեսի հետ այսպես խոսել: Ասեմ, որ քո անլուրջ քայլերով դու ինձ մղում ես լրջորեն մտածել իմ գոյության հավերժացման միջոցառումների մասին եւ եթե դու նման ձեւով շարունակես, ապա պարտադրված կլինեմ դրանք կյանքի կոչել: Թե, դրանից հետո քեզ հետ ինչ կլինի, կարծում եմ դժվար չէ հասկանալ: Այլ խոսքով, դու ինձ մղում ես առաջնորդվել միակ` քեզ ոչնչացնելու ճանապարհով:



Կյանք,- խոսակցությունը գլխիվայր շրջում եւ զարմացած հարցնում է մահը, - միթե՞ եղել է դեպք, երբ ես կանգնեմ քո ճանապարհին, փորձեմ քեզ որեւէ բանով խոչընդոտել:



Այո, դու միշտ էլ անակնկալ կերպով ես հանդես գալիս եւ երբեք չես զգուշացնում քո գալու մասին,- պատասխանում է կյանքը: Իհարկե, գաղտնիք չէ, որ մենք առանց իրար «կյանք» չունենք: Մեկիս վերացումը` նշանակում է մյուսիս վերացում: Մենք պարտադրված ենք հավատարիմ լինել միմյանց: Բայց այդ ամենը չպետք է քեզ արտոնի` քո իրավասություններից դուրս քայլեր կատարել: Եվ փոխանակ ինձնից ճշտելու, թե ինչ հաճախականությամբ այցելես ինձ ու ինչ սկզբունքներից ելնելով ընտրես ու տանես մարդկանց, ընդհակառակը` դու ինձ ոչնչի մասին, այդ թվում, մարդկանց ինձ` հարազատ, թե օտար, ինչպես նա¨ ժամկետների ընտրության առումով` շուտ, թե ուշ, ինձանից ոչինչ չես հարցնում ¨ ինչ ուզում անում ես: Այլ խոսքով, դու ինձ հետ վարվում ես լրիվ անծանոթի նման: Գոնե մի անգամ հարցրած կա՞ս, թե ով իրեն ճիշտ չի պահում ¨ ու՞մ կուզենայի առաջինը հանձնել, որպեսզի դու էլ այսպես ասած` ընդառաջեիր ինձ:



Եթե երբեւէ ինձ գոնե մեկ փոքրիկ լավություն արել ես, ապա խնդրեմ` մտցրու աչքս,- նույն վստահությամբ պատասխանում է մահը: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ մատիցս փուշ հանած լինես: Իհարկե, ոչ:



Արի մի պահ երեւույթների մյուս ծայրից գանք. դու կարո՞ղ ես գոնե մեկ դեպք հիշեցնել, որ որեւէ անգամ քեզ խանգարած լինեմ եւ խոչընդոտեմ քո չար գործին, - ասում է կյանքը: Որ երբեւէ վատություն չեմ արել, դա արդեն մեծ լավություն է եւ այդ ամենը գնահատել է պետք:



Էդ չարն էլ նոր տերմին է, հա՞: Էդ ե՞րբ ես հորինել: Ստացվում է, որ միայն դու ես բարի գործեր անու՞մ, - մի տեսակ իրենից գոհ նետում է մահը եւ ավելացնում. կարո՞ղ ես գեթ մեկ օրինակ բերել, որ ես մարդկանց միեւ տարբերություններ դրած լինեմ: Իսկ դու` նրանց մեջ մշտապես ես տարբերություններ դնում` մեկին անծայրածիր հնարավորություններ ես տալիս, մյուսին` ոչինչ եւ առանց ամոթի մշտապես խոսում ես արդարությունից:



Մեր շփման դաշտը մարկանց հետ լիովին տարբեր է,- ասում է կյանքը եւ շարունակում. դու նրանց հետ շփվում ես մեկ ակնթարթ, իսկ ես` ծնունդից մինչեւ քեզ: Բնական չէ՞, որ ակնթարթը տարբերություններ չի ենթադրում, իսկ իմ պարագայում` տարբերություններն անխուսափելի են:



Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող համաձայնել, - ասում է մահը, - այստեղ միայն տեսակի խնդիր կա, այլ ոչ թե` ժամանակի:



Ի՞նչ տեսակի մասին է խոսքը, - զայրացած պատասխանում է կյանքը. ուզու՞մ ես ասել, որ դու միշտ քո տեսակի մեջ ես, իսկ ես անընդհատ փոխու՞մ եմ իմ տեսակը: Այո, իսկապես` ես այնքանով եմ փոխում իմ տեսակը, որ քեզ անընդհատ թույլ եմ տալիս լինել իմ կողքին: Բավական է հավերժացնեմ իմ գոյության ժամանակահատվածը, որպեսզի քո գոյության իմաստն ընդհանրապես վերանա: Այնպես որ, չափավորիր քեզ եւ կարգավիճակդ մի գերազանցիր:



Կյանքի` այս վերջին խոսքերը մահին հանեցին հունից եւ նա համարյա գոռալով ասաց. այ ակնթարթի տեւողությամբ կյանք, դու իսկապե՞ս չես հասկանում, որ քո գոյությունը պայմանավորված է միմիայն ինձանով եւ հենց ոտքս քաշեմ, դու իսպառ կվերանաս: Իմացած եղիր, դա է քո «կյանքի» անատոմիան: Ճիշտ են ասում էլի. փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում: Բա չե՞ս հասկանում, որ մեկ էլ ու հանկարծ բարկանամ  եւ հիմնովին տեղափոխվեմ իմ մշտական վայրը` երկինք, այդ դեպքում` դու շատ կարճ ժամկետում լրիվ կոչնչանաս: Քանի որ, երկիրն ու տիեզերքը` երկուսն էլ հավերժ են, ուրեմն` ես միշտ կլինեմ: Ու գիտես նաեւ ինչու՞, քանի որ ես միշտ անկեղծ եմ ու բարի, իսկ դու մշտապես ինտրիգների, խաղերի մեջ ես ու չար: Կարծում եմ, գոնե հեքիաթներից տեղյակ կլինես, որ բարին հավերժ է, իսկ չարը` ժամանակավոր: Այնպես որ, քեզ կարճ ժամանակ եմ տալիս խորհելու  եւ ինձ պատասխանելու. դու կարո՞ղ ես քեզ նախկինի պես պահել, թե՞ ինձ կտրեմ քեզանից եւ միայնակ շարունակեմ ճանապարհս:



Կյանքը հոգոց է հանում ¨եւքողարկելով իրական կերպը, կեղծ ժպիտով պատասխանում. մահ ջան, ինչու՞ ես այդքան վրդովվում, կատակ էր` արեցինք էլի, չէ որ իմ կյանքն առանց քեզ, այսինքն` առանց իմ կեսի, գրոշ իսկ չարժե: Փոխանակ մտածենք, թե ինչպե՞ս լավացնենք մեր «կյանքը», ամեն ինչին մի քիչ հումորով նայենք, ընդհակառակը` ամեն ինչ լրջացնում ենք եւ պրոբլեմներ ստեղծում: Կարծես, առաջին օրն ես ինձ ճանաչում: Միլիոնավոր անգամներ դեմ առ դեմ հանդիպել ենք եւ առանց իրար նեղացնելու` հանգիստ լուծել ենք մեր հարցերը եւ առանց որեւէ հակասության` բաժանվել: Հիշեցնեմ, որ այս ամենը` դեռ առաջին մարդու ծննդյան պահից է գալիս եւ այնքան բնականոն ընթացք ունի, որ անիմաստ է այդ հարցում որեւէ բան փոխել: Էլ չեմ ասում, որ նաեւ` հազար ու մի չուզող ունենք, ինչու՞ ուրախացնենք մեր չուզողներին:



Ի՞նչ ուզող, ի՞նչ չուզող, էս խելքդ լրիվ թռցրե՞լ ես այ կյանք, ի՞նչ ես վերացական տերմիններ օգտագործում, - մի տեսակ զարմացած ասում է մահը: Այս աշխարհն ընդամենը` ճիշտ երկու շերտից է կազմված` կյանք եւ մահ: Էլ ի՞նչ երրորդ, չորորդ …  նոր շերտեր ես հորինում, էս ու՞մ ես հիմարի տեղ դնում:



Այ ցավդ տանեմ, - մի տեսակ ինքնախոստովանական տոնով ասում է կյանքը, արի մի պահ տեղափոխվենք մարդկության ամենահին, ամենասկզբնական վայրը` Հայաստան աշխարհ եւ ուշադիր նայենք. արդյո՞ք մարդկային շերտն այնտեղ իրոք բաղկացած է քո ասած երկու շերտից` կյանք եւ մահ: Այդ` 3-3.5 միլիոն մարդկանց համարյա կեսը` ոչ ապրում է, ոչ էլ մեռած է: Կույր ե՞ս, չես տեսնում այդ ամենը: Ասեմ, որ այդ ամենը նաեւ նրանից է, որ ոչ դու ես քո պարտականությունները նորմալ կատարում, ոչ էլ` ես:



Ինչ մեղքս թաքցնեմ,- տխուր տոնով ասում է մահը, արդեն բավականին ժամանակ է ես ականատես եմ այդ վիճակին: Ինձ թվում էր, թե միայն ես եմ տեղակ այդ վիճակից եւ չէի ասում, որպեսզի քեզ նույնպես չտխրեցնեմ: Բայց, քանի որ ամեն ինչ արդեն բաց է, արի մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք կարգավորել այս անբնական վիճակը: Այս վիճակը մենք չենք կարող շտկել, - լացակումած ասում է կյանքը, դա մեր ուժերից վեր է: Այս վիճակը կարող է շտկել միմիայն ժողովուրդը, այն էլ ոչ հեշտությամբ: Էնպես որ, արի բզեզի բունը ոչ մի բան չմտցնենք եւ լուռ ու մունջ շարունակենք մեր «կյանքը»: Իսկ եթե ժողովրդին իրոք անհանգստացնում է այս վիճակը, ապա թող ինքն էլ շտկի: Իսկ եթե ոչինչ չանի, ուրեմն` իրեն ձեռք է տալիս այս վիճակը եւ չարժե, որ մենք մեր ծանր տեղը թեթեւ անենք եւ պատեհ-անպատեհ` բոբիկանանք ու մտնենք ջուրը:



Միշտ հիշիր. երկու շատ մեծ բան կա, որոնց նույնիսկ` մենք իրավունք չունենք խառնվելու` ճակատագիրը եւ Աստծո նախախնամությունը…



Անանիա Մաղաքյան