Արգամիչի մեսիջը

Արգամիչի մեսիջը
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հանրությանը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ «ասելիք», իրենց լեզվով ասած՝ մեսիջ ունեն հանրությանը: Հենց ունենում են, բացում են այդ օրը երկրում նախատեսված իրադարձությունների ցուցակն ու ընտրում ուր գնան, որ մեսիջը փոխանցեն ժողովրդին: Դրա համար պետք չէ զարմանալ, որ մեկ էլ երկրի վարչապետը հայտնվում է մի մանկապարտեզի տարեվերջյան հանդեսին, կամ նախագահը հեռավոր գյուղերից մեկի կուլտուրայի տան ընթերցանության սրահի նորոգման ավարտին է մասնակցում: Դա արվում է նրա համար, որ արարողությունից հետո իր հետ տարած լրագրողները մի երկու հարց հնչեցնեն, ինքն էլ պատասխանի: Հարցերն էլ, ի դեպ, նախապես հուշում-գրում-տալիս են վարժեցված լրագրողներին, որոնք, վստահ եմ, ողջ արարողության ժամանակ անգիր են անում դրանք, որ հանկարծ չշփոթեն: Կեղծիքի մեջ ապրող մեր հասարակության մեջ ընդունված չէ, ասենք, որ երկրիս նախագահը ազնվորեն ու առանց երկիմաստության նստի էկրանի առաջ ու իր ասելիքն ասի իր ժողովրդին: Այս երկար նախաբանից հետո անցնեմ օրինակիս: Երեկ «վաստակած» հանգստից վերադարձած Հովիկ Աբրահամյանն այցելել է «բազեներին» ու մի քանի դարակազմիկ մտքեր ասել: Երեւի վաղուց հասունացած մեսիջ է փոխանցել, ասելով. «Ընդամենը 7 ամիս է մնացել հերթական ընտրություններին. որքանո՞վ է ողջամիտ արտահերթ ընտրությունների անցկացումը»: Ավելին՝ իր իմաստնության բարձունքից նկատել է. «Դա ի՞նչ կտա մեր երկրին, ժողովրդին. յուրաքանչյուր արտահերթ ընտրություն պետության վարկանիշի վրա բացասական ազդեցություն է ունենում: Արտահերթ ընտրությունները պետք է լինեն արտահերթ դեպքերում, ոչ թե ցանկացած պահի…»: Եվ ոչ ոք չի հարցրել Արգամիչին՝ իսկ գուցե երկրի վարկանիշին վնասում են ձեր արած ընտրակեղծիքնե՞րը: