Քծնանք, թե ակտիվություն

Քծնանք, թե ակտիվություն
Երիտասարդական ակտիվության դրսեւորումներից որոնք են բնական ու հանդուրժելի եւ որոնք մերժելի: Երբ երիտասարդը կարիերա անելու ձգտում ունի, դա անշուշտ լավ է: Բայց երբ դա անում է, «գրական» հայերենով ասած, օճառվելու ճանապարհով, զզվելի է: Երբ տեսնում ես, թե ինչպես է նա ծռմռվում, քծնում ու հաճոյանում նրանց, ումից կախված է պաշտոնեական սանդուղքով իր վեր խոյանալը, նողկանք ես ապրում: Ուզում ես ծեծված մտքեր ասել, որ ամեն նպատակ չէ, որ արդարացնում է միջոցները: Հակառակը՝ միջոցները երբեմն ավելի կարեւոր են ու արժեքավոր, քան վերջնանպատակը: Քանզի նպատակին հասնելուց հետո կարող ես պարզել, որ դեմքդ ես կորցրել, ինքնությունդ: Երեկ բնապահպանական մի խումբ կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ ուղղված վարչապետին: Նրանք իրենց «խորին շնորհակալությունն» էին հայտնել Տիգրան Սարգսյանին «Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում Գիլան պետական արգելավայրի ստեղծման վերաբերյալ մեր խիստ մտահոգությունը եւ բերված փաստարկները հաշվի առնելու, խնդիրը եւ ընդունված որոշման հետեւանքները եւս մեկ անգամ քննության առնելու կապակցությամբ»: Ես դեմ չեմ, որ լավ որոշումը պետք է ողջունել, բայց մի՞թե ՀՀ կառավարության պարտականությունը չէ հենց նման որոշումներ ընդունելը: Երիտասարդական ջանասիրության մեկ այլ դրսեւորում կարելի է դիտել նաեւ մի խումբ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը: Օրական մի քանի հայտարարություն են տարածում սրանք՝  թացը չորի հետ խառնելով, չպարզված ու անհստակ, երբեմն վնասակար ու անիմաստ տեղեկություններ տարածելով: Այդ շարժումներից մեկն էլ երեկ անդրադարձել էր Իջեւանում գտնվող Կիրանցի վանքին, առիթն օգտագործելով «ձեռքի հետ» վրացիներին կպնելու համար: