Երկխոսության քառասունքը

Երկխոսության քառասունքը
Հուլիսի 18-ին սկսված երկխոսությունների թեման կարելի՞ է արդյոք համարել փակված: Եթե այո, ապա փաստորեն, այս գործընթացի քառասունքն անգամ չլրացավ: Ինչպես անհասկանալի սկսվել էր, այնպես անհասկանալի էլ ավարտվեց՝ ապացուցելով, որ քաղաքական երկխոսության, համագործակցության, անգամ բանավեճի կուլտուրան մեզ խորթ է: Սակայն պետք չէ այս փաստից ողբերգություն սարքել: Նախ՝ ոչինչ արհեստական հնարավոր չէ հրահրել: Քաղաքական պրոցեսները պետք է հասունանան եւ հասարակական պահանջմունքի արդյունքում ծնվեն: Ապա՝ ոչինչ անհետ չի կորչում: Եթե անգամ հաշվի չառնենք երկուստեք կազմված մեծածավալ փաստաթղթերը, որոնք դրվեցին հանրության սեղանին, ապա երկխոսության փորձառության ձեռքբերման առումով այն արժեքավոր է: Եվ երրորդ՝ հասարակությունն այս փուլում ոչ թե երկխոսություն, այլ առճակատում ու պայքար է ուզում: Նա համաձայն չէ իշխանություն-ընդդիմություն խաղաղ գոյակցությանը: Մենք դեռ Եվրոպա չենք եւ բազում հարցեր ունենք լուծելու: Մեր տիպի երկրներում ոչ թե էվոլյուցիա, այլ ռեւոլյուցիա են տենչում: Եվ մեր ժողովրդի վատ ապրող, իր կյանքից ու երկրի ղեկավարությունից դժգոհ հատվածը հենց այդ հեղափոխության պատվիրատուն է, այլ ոչ թե քաղաքակիրթ ու համերաշխ բանակցությունների: Ի վերջո, ավելի լավ է անկեղծ ատելություն, քան կեղծավոր ժպիտներ, որից պարզապես խաբեության հոտ է փչում: Նաեւ պետք է հաշվի առնել, որ այլեւս անիմաստ է երկխոսության իմիտացիա անելը՝ ընտրություններ են մոտենում, եւ յուրաքանչյուրը պետք է իր էլեկտորատին հստակ դիրքորոշում ներկայացնի ու մատնացույց անի իր թշնամիներին: Նրանց, ում պետք չէ քվե տալ: Միայն այդ պարագայում կարող են ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ձայներ ստանալ: Հակառակ դեպքում շահողը ԲՀԿ-ն ու տարբեր նորահայտ ուժեր կլինեն: