Օրինական եւ անօրեն թալան

Օրինական եւ անօրեն թալան
Գեղանկարիչ Մովսես Թադեւոսյանի հետ հուլիսի 28-ի մեր հարցազրույցը Հրազդանի պետական պատկերասրահի մասին էր: Հնչեցրած ահազանգը, ցավոք, որեւէ լուրջ արձագանք չգտավ պատասխանատուների շրջանում: Պատասխանատու ասելով՝ նկատի ունենք Փարավոն Միրզոյանին` Հայաստանի պետական պատկերասրահի տնօրենին, որի ղեկավարած հաստատության մասնաճյուղն է հանդիսանում Հրազդանի պետական պատկերասրահը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին (չար լեզուներն ասում են, որ վերջինիս հովանավորությունն է վայելում Հրազդանի պատկերասրահի ներկայիս տնօրենը):



Եվ իհարկե՝ ՀՀ մշակույթի նախարարությունը:



Նախկինում գազալիցքավորող աշխատած Արամ Ղազարյանը շարունակում է տնօրինել պատկերասրահը, ինչը, վերջինիս «շնորհիվ», ավելի շուտ հիշեցնում է ազարտային ժամանցի սրահ, քան արվեստի օջախ: Կտավները, որ գողացվել են նախկին տնօրենի ժամանակ, այդպես էլ չեն հայտնաբերվել:



Մեր տեղեկությունների համաձայն՝ գողացված աշխատանքները որոշ ժամանակ հանգրվանել են կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի առանձնատանը (վերջինս ծնունդով մոտակա Աղավնաձոր (նախկին Բաբակշի) գյուղից է), որից հետո հետքը կորել է, եւ արձագանքներն էլ մարել են: Մեզ թույլ տանք ենթադրել, որ ազգային լուրջ արժեք ներկայացնող նման կտավները պատկերասրահից հենց այնպես, ինչ-որ արկածախնդրի ձեռքով չեն անհետանում: Հրազդանցի նկարիչները վստահ են, որ սրա հետեւում մի շարք ազդեցիկ մարդիկ են կանգնած, ովքեր, վահան դառնալով, մեկը մյուսի թիկունքն են պահում, քանի որ պատահական մեկը չի կարող արվեստի գործը երկրից դուրս տանել, իսկ այդ դեպքում նրան պարզապես պետք չէ նման գողոնը:



Գողացվածից բացի, ինչ էլ որ մնացել էր, «էքսպերտիզացիայի» անվան տակ տեղափոխվել է Երեւան եւ մինչ օրս չի վերադարձվել պատկերասրահին: Պատկերասրահից ընդհանուր թվով անհետացել է արվեստի 118 գործ, որից 18 կտավ գողացվել է, իսկ 100 աշխատանք` 30 գրաֆիկա, 15 քանդակ, 73 կտավ, տեղափոխվել Երեւան:



«Ինչո՞ւ Փարավոն Միրզոյանը Հրազդանի պատկերասրահին պատկանող աշխատանքները տեղափոխեց Երեւան, փոխարենը բերելով ցածրարժեք, անորակ աշխատանքներ, այդ թվում նաեւ իր աշխատանքները: Մի՞թե Հրազդանի բնակիչները չեն հասկանում կամ գնահատում բարձրարժեք արվեստը: Ո՞ւր են տարվել աշխատանքները: Ովքե՞ր են կանգնած դրա հետեւում: Արդյո՞ք դա մշակույթի նախարարության հարցը չէ եւ օրինապահ մարմինների խնդիրը»,- հարցնում է Մովսես Թադեւոսյանը:



Քաղաքի միակ արվեստի կենտրոնը, որ իր շուրջն էր համախմբում նկարիչներին ու արվեստասերներին, փաստորեն, միայն անունով գոյություն ունի, եւ ամեն ինչ արվում է հաստատելու, որ Հրազդանի համար ավելորդ շքեղություն են արվեստը, նկարիչը:



Այդպես են մտածում՝ եթե ոչ այդ վիճակի նախաձեռնողները, գոնե քաղաքի նկարիչները. «Պատկերասրահը վերածվել է Վերնիսաժի մակարդակ ունեցող աղբանոցի»: Նկարիչներին մնում է Հրազդանից արտագաղթել կամ մոռանալ արվեստի մասին:



Մեր զրուցակիցը տրամադրեց գողացված կտավների եւ անհետացած աշխատանքների ցանկը, ինչն էլ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:



(գողացված կտավներ)



Սարյան - 1 հատ, «Ինքնադիմանկար», Այվազովսկի - 1 հատ, «Ծով», Թերլեմեզյան - 1 հատ, «Սեւանի եկեղեցին», Զարդարյան - 1 հատ, «Նատյուրմորտ», Սուրեն Սաֆարյան - 1 հատ, «Մոր դիմանկարը», Եղիշե Թադեւոսյան - 4 հատ, «Բնանկար», Խաչիկ Եսայան - 2 հատ, «Սեւանի եկեղեցին», «Պեյզաժ»,  Աղաջանյան - 1 հատ, «Դիմանկար», Սեդրակ Առաքելյան - 4 հատ, «Նատյուրմորտ», Մարիամ Ասլամազյան - 2 հատ «Բանան ծախող կինը», «Նատյուրմորտ»,



(տեղափոխված աշխատանքների հեղինակների ցանկը)



Երվանդ Քոչար, Հակոբ Կոջոյան, Գրիգոր Խանջյան, Հարություն եւ Արմինե Կալենցներ, Բաժբեուկ-Մելիքյան, Սարգիս Մուրադյան, Հակոբ Հակոբյան, Էդվարդ Իսաբեկյան, Լեւոն Թոքմաջյան, Արա Բեքարյան, Դմիտրի Նալբանդյան, Զուլում Գրիգորյան, Մհեր Աբեղյան, Հովհ. Մինասյան, Ղեւոնդյան, Շարամբելյան, Արփենիկ Նալբանդյան, Մանուկ Աբեղյան, Սուրեն Չիլինգարյան, Բաշինջաղյան, Առաքելյան,  Գյուրջյան, Ալեքսանդր Գրիգորյան



Ֆելիքս Եղիազարյան