Մարդն ափի մեջ

Մարդն ափի մեջ
Հնարավո՞ր է ապրել այնպես, որ անխոցելի լինես՝ եթե քեզ գաղտնալսեն, բանալուդ անցքից 24 ժամ հետեւեն, քո բոլոր արարքներն ու խոսքերն արձանագրեն: Կարո՞ղ ես ապրել այնպես, որ այդ ամենում ոչ մի մեղադրելի բան չլինի, որից կարելի է ամաչել, եւ որը քեզ կստիպի արդարանալ: Չէ՞ որ մեր օրերում այդ ամենն ընդամենը տեխնիկայի հարց է՝ նորագույն տեսանկարահանող սարքերի, ինտերնետի, հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ: Մեր աչքի առաջ մի կնոջ անձնական կյանքը դարձավ լայն հանրության քննարկման առարկա, իսկ այնպիսի արեւելյան երկրում, ինչպիսին Հայաստանն է, դա կարող է ողբերգական ավարտ ունենալ նրա համար: Մեր աչքի առաջ բազում պաշտոնյաներ հայտնվեցին «Վիքիլիքսի» մերկացումների օբյեկտիվում, եւ պարզվեց, որ ամենաերկաթյա գաղտնիությունն անգամ երաշխիք չէ՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումդ կարող է դառնալ լայն հանրության սեփականությունը: Մեր աչքի առաջ հզոր ու պաշտպանված մարդկանց են կալանավորում ու դատում, եւ պարզվում է, որ գործերը հարուցվել են «օպերատիվ տվյալների» հիման վրա, որը ոչ այլ ինչ է, քան «կագեբեի» տրամադրած նյութերը: Աջուձախ լսում ենք՝ այսինչի հեռախոսազանգերի վերծանումն են հանել, այնինչի հարբած խոսակցություններն են ձայնագրել ու դրել համապատասխան սեղաններին: Եվ արդյունքում այլեւս չենք զարմանում, երբ բարձրաստիճան պաշտոնյան մի քանի օրում զրկվում է եւ պաշտոնից, եւ ունեցվածքից, եւ ազատությունից: Սակայն երբ այս ամենը տեղի էր ունենում խորհրդային կագեբեական անցյալ ունեցող Հայաստանում, դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ նույն մեթոդներն են սկսում աշխատել ամբողջ աշխարհում, երբ պարզվում է՝ ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը ոչնչով չեն տարբերվում «կագեբեի» նյութերից, հասկանում ես, որ մարդը հայտնվել է ափի մեջ: Հասարակության ափի: