Էջեր սերվանտեսագիտությունից

Էջեր սերվանտեսագիտությունից
Հիմա առավել եւս, քան երբեք, մենք կարիքն ունենք հռչակավոր հիդալգո, մեծն ասպետ, հողմերի դեմ անողոք պայքար մղող լամանչեցի Դոն Կիխոտի եւ նրա հավատարիմ զինակիր Սանչո Պանսայի: Հայ իրականության մեջ դոնկիխոտությունը գուցեեւ փրկության իսկական ու հաստատուն գաղափարական կողմնորոշում լինի, ճանապարհ դեպի վերջնական հաղթանակ:



Ես միշտ մտածել եմ, որ ասպետ Դոն Կիխոտը հոր կամ մոր կողմից դժվար թե հայ լիներ, բայց Սանչո Պանսայի ազգային պատկանելության հարցը կասկածից դուրս է. ինձ համար Սանչոն տիպիկ հայ է` իր բոլոր առավելություններով եւ թերություններով: Իսկ ահա միթեւանի Միգել դը Սերվանտես Սաավեդրան իսկական բռնկուն իսպանացի էր, պատերազմների մասնակից, գերեվարություն ճանաչած, մեծահոգի ու հանճարեղ մի զինվոր, որ պատրանքներ էր երեւակայում:



«Էջեր սերվանտեսագիտության պատմությունից» դեղնավուն, փափուկ կազմով գիրքը տեսնելն սկզբում անակնկալ էր, բայց հետո, մտածելով, որ մենք՝ հայերս, միշտ էլ հատուկ վերաբերմունք ենք ունեցել Դոն Կիխոտի նկատմամբ, գրքի ստեղծումն ու ներկայությունը լրիվ օրինաչափ թվացին: «Էջեր սերվանտեսագիտության պատմությունից» ժողովածուի մեջ զետեղված են հայագիր մամուլում տպագրված այն բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնք վերաբերել են Սերվանտեսի գլուխգործոցին:



Գրքի առաջաբանում Իսպանագետների միջազգային ընկերության անդամ Վահան Սարգսյանը գրում է. «Ժողովածուն իր մեջ ամփոփում է ավելի քան երկու տասնյակ հրապարակում` հայ սերվանտեսագիտության հիմնական ձեռքբերումները վերջին երկու հարյուրամյակների ընթացքում: Գրքում մեծ տեղ են զբաղեցնում «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանությունների հետ կապված նյութերը` թարգմանությունների հետ կապված առաջաբաններն ու գրախոսությունները, որոնք ի ցույց են դնում  «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանության վերաբերյալ ձեւավորված մոտեցումներն ու սկզբունքները:



Ըստ մեր ունեցած տվյալների՝ «Դոն Կիխոտը» հայերեն թարգմանվել է ութ անգամ, որոնցից միայն մեկն է ամբողջական եւ կատարված է ռուսերենից: Հարկ է նշել, որ «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանությունները կատարվել են տարբեր լեզուներից եւ լույս տեսել տարբեր երկրներում եւ քաղաքներում` Պոլսում, Երեւանում, Եգիպտոսում եւ Բեյրութում: Առաջին թարգմանությունը, որ լույս է տեսել 1868 թվականին, եղել է հայատառ թուրքերենով:



Թարգմանիչը Հովհաննես Տերոյանցն է, որն իր թարգմանությանը կցել է ընդարձակ առաջաբան: «Դոն Կիխոտի» հայերեն առաջին թարգմանությունը լույս է տեսել 1874 թվականին, Պոլսում: Ըստ մամուլում տպագրված տեղեկությունների, թարգմանությունը կատարել է Պոլսի «Սահակյան վարժարանի սաներից մինը»: Հրապարակումներից շատերն իրենց վրա կրում են ժամանակի գաղափարախոսության հարկադրական կնիքը, եւ այս փաստին պետք է մոտենալ ըմբռնությամբ»:



Ահա այսպիսի ինքնատիպ մի գիրք նրանց համար, ովքեր հետաքրքրվում են աննկուն ասպետի մասին գրված հրաշք-պատմությամբ եւ ընդհանրապես անցյալում մեր մամուլի, գրականության նկատմամբ վերաբերմունքով: Ժողովածուում զետեղված են նաեւ գրքերի հին հրատարակությունների տիտողասաթերթեր եւ նկարազարդումներ: Սերվանտեսի եւ Շեքսպիրի հանդեպ մեր վերաբերմունքն իհարկե տարբերվում է:



Մենք ավելի շատ ենք կապված ու ավելի շատ ենք սիրում այս երկու հանճարեղ գրողների ստեղծագործությունները: Շեքսպիրի հարցում, եթե պատճառը հրաշալի թարգմանություններն են, ապա «Դոն Կիխոտի» պարագայում ոգին է, հոգեհարազատությունն ու մեր իրականության մեջ քաջ ասպետի մշտակա կարիքը:



«Էջեր սերվանտեսագիտության պատմությունից» գիրքը վաճառվում է Երեւանի փոքրաթիվ գրախանութներում: