Պատիվն ու արժանապատվությունը 6 միլիո՞ն արժեն

Պատիվն ու արժանապատվությունը 6 միլիո՞ն արժեն
Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին



Մեծարգո նախագահ, մարդու իրավունքների հարգելի պաշտպան



Ձեզ դիմելու շարժառիթը 2011թ. հոկտեմբերի 5-ին հայկական մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Օգնեք «Հայկական ժամանակին»» ծանուցումն է, որով թերթը դիմել է ՀՀ քաղաքացիներին` օգնության խնդրանքով, որպեսզի կարողանա կատարել ԴԱՀԿ ծառայության կողմից իրեն ներկայացված կատարողական թերթիկի պահանջը, այն է` հայտնի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին փոխանցել 2 միլիոն 44 հազարական դրամ, որպես փոխհատուցում այդ մարդկանց վերաբերյալ իր հրապարակումների:



Նույն ծանուցման համաձայն, հեռախոսային կարճ հաղորդագրությունների ու բանկային փոխանցումների միջոցով հավաքվել է ավելի քան 3 մլն դրամ: Մեր հաստատ համոզմամբ՝ շատ կարճ ժամկետում կհավաքվի անհրաժեշտ գումարը եւ կփոխանցվի հիշատակված պատգամավորներին` որպես նրանց հասցված վիրավորանքի փոխհատուցում:



Դուք արդյոք գտնո՞ւմ եք, որ ժողովրդական հանգանակությամբ հավաքված վեց միլիոն դրամ գումարը լիովին բավարար է պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար:



Անձամբ ինձ թվում է, որ պարոնայք պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը գործող օրենքի պատճառով շատ ավելի ոտնահարվեց, քան այն հրապարակումներից, որոնց պատճառով դատ հարուցվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ եւ կայացվեց այսպիսի որոշում:



Ուստի կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած դատը «շահելուն», ՀՀ հիշյալ քաղաքացիները մի բան էլ տուժել են` հասարակության աչքում ձեռք բերել կեղեքիչի, ազատ խոսքի իրավունքի դեմ պայքարողի, ոչ ձեռնտու լրատվամիջոցը փակման եզրին հասցնողի իմիջ: Նրանց վիճակը չի թեթեւացնում նաեւ այն հայտարարությունը, թե այդ գումարն իրենք փոխանցելու են մանկատներին ու ծերանոցներին կամ էլ նվիրաբերելու են «Համահայկական հիմնադրամին»:



Նվիրատվություններն ու բարեգործություններն արվում են սեփական գրպանից, եւ մենք ավելի քան վստահ ենք, որ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Լեւոն Սարգսյանը մեզնից վատ չգիտեն այդ մասին եւ մեկ անգամ չէ, որ կատարել են իսկական նվիրատվություններ ու բարեգործություններ: Այս դեպքում նրանք զանց են առնում հայտնի ճշմարտությունը եւ փորձում շորթած գումար զոհաբերել բարի նպատակների համար, ինչը, կներեք, քրիստոնեական պահվածք չի կարող դիտվել:



Հետագայում նման անհեթեթությունները բացառելու նպատակով խնդրում եմ ձեւավորել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ եւ քննարկման արդյունքում ստեղծել մի օրենք, որ թույլ կտա մարդուն իսկապես պաշտպանված լինել, այլ ոչ թե հերոս կամ պատժված երեւալ դատարանի կայացրած այս կամ այն որոշման արդյունքում:



Մամուլի եւ լրատվության միջոցների մասին գործող օրենքի ընդունումից ի վեր արդեն կան մեկուկես տասնյակ գործեր եւ այդքան էլ դատարան դիմելու սպառնալիքներ: Արդյոք դա նպաստե՞լ է, որ հրապարակումների հերոսները զգաստանան, կամ լրատվամիջոցները լեզուներն իրենց քաշեն: Թույլ տվեք ասել, որ վիճակն ավելի անմխիթար է դարձել: Արդյունքն էլ սա է, այս ծանուցումը, ինչի մասին ցանկացանք ձեզ լրացուցիչ տեղյակ պահել:



Էդիկ Անդրեասյան



լրատվամիջոցի դեմ հարուցված երկու գործով



պատասխանող կողմ