Ոչ զոմբիացմանը, այո միասնությանը

Ոչ զոմբիացմանը, այո միասնությանը
Այսօր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներն ակցիա էին կազմակերպել` ընդդեմ աղանդավորների: Նրանք իրենց այս քայլով ձգտում են պաշտպանել իրենց իրավունքները եւ վերջ տալ հոգեւորսությանը: «Ես առաքելական եմ» խորագրով պաստառներով եւ ստորագրություններ հավաքելով` շարժման մասնակիցները Սարյանի այգուց հասան մինչեւ Աժ եւ նախագահական նստավայր:



«35 հազար ստորագրություն ենք բերել, որոնք ներկայացնելու ենք ԱԺ եւ նախագահական նստավայր: Ուզում ենք, որ հստակեցվի օրենքն, ու հոգեւորսությանը վերջ տրվի»,- ասաց երթի մասնակիցներից Աննա Կարապետյանը:



Մեկ այլ մասնակից  էլ` Գայանե Սահակյանը առաջարկում էր պատիժ  սահմանել հոգեւորսությամբ զբաղվողների նկատմամբ: Նրա համոզմամբ` աղանդավորական շարժումները ճնշում են ժողովրդին եւ խախտում նրա իրավունքները` դիմելով բռնությունների: Իսկ անցորդներից 50-ամյա Սիրան Վարդանյանը մեղադրում էր պետությանն ու եկեղեցուն. «Ճիշտ ակցիա են կազմակերպել, ուղղակի ես ինքս եկեղեցուն սխալ եմ համարում: Իրենք են մեղավոր, որ այսօր այսքան աղանդներ կան:



Պետությունը չպետք  է ընդուներ օրենք, որով թույլ է տրվում աղանդավորներին ազատ գործել: Ինչ խայտառակություն է, ինչ է նշանակում 50 հոգով աղանդ հիմնադրել եւ մարդկանց ուղեղները լվանալ: Մի բուռ ժողովուրդ ենք, որ էսպես 50-50 բաժանենք, ի՞նչ կլինի ազգի վիճակը»:



Ակցիայի մասնակիցներն աղանդավորականներին դեմ իրենց ստորագրությունները  ներկայացրին Հովիկ Աբրահամյանին եւ Սերժ Սարգսյանին: Նրանք ակնկալում են, որ շուտով նոր օրենք կսահմանվի, որով եկեղեցին վերջ կդնի աղանդավորական շարժումների գործունեությանը:



Ռուբինա Սաֆարյան