Ինչ-որ բան այն չէ

Ինչ-որ բան այն չէ
Հովիկ Չարխչյանը եւ Արեւշատ Ավագյանն ասում են, որ «Չարենցի գերեզմանը պղծվել է»: Բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն ու մշակույթի նախարարությունն էլ պնդում են, թե «ոչ մի գերեզման էլ չկա, ո՞վ է Հովիկ Չարխչյանին խնդրել, որ մի պատահական տեղ խաչ կանգնեցնի»: Տեսակետը կիսում է նաեւ ՀԳՄ-ն: Անգամ Չարենցի թոռը: Չարխչյանը չէր կարող «ինքնագլուխ, ինչ-որ պատահական տեղ» խաչ կանգնեցնել: Քանի որ այդ «ինչ-որ պատահական» տեղը Երեւանի վարչական տարածքում է:



Եթե նա խաչ կանգնեցրել է միայն «իր հաճույքի համար», որպեսզի «բավարարած լինի ուսումնասիրողի սեփական հավակնոտությունը», ապա իշխանությունն ինչո՞ւ եւ ինչպե՞ս է  դա հանդուրժել: Այլ` գիտական հիմքերով Չարենցի անգերեզման մնալն ապացուցող շրջանակներն ինչո՞ւ չեն բողոքել Չարխչյանի  «ինքնագործունեության» դեմ:



Չարենցը մահացել է Երեւանի բանտում: Իսկ մահացածին միայն հողին են հանձնում: Այն տարիներին Երեւանում դիակիզարան չի եղել: Այսօր էլ չկա: Երեւանի կենտրոնական բանտը, բնականաբար, պետք է  ունենար «ներքին» գերեզմանոց: Բանաստեղծի մահը, ըստ կարգի, արձանագրվել է բանտային բժիշկների կողմից, կազմվել է համապատասխան եզրակացություն, կատարվել են նման դեպքերում պարտադիր ձեւականությունները:



Հարց է առաջանում. բանտային իշխանությունն ինչո՞ւ չպիտի Չարենցի մարմինը հողին հանձներ իր շուրջօրյա հսկողության տակ գտնվող փակ տարածքում, այլ  «ազատ կալանավորի կանչեր եւ հանձնարարեր, որ տանի, ամայի վայրում հուղարկավորի»:



Արտառոց է, սակայն, որ դրանից հազիվ մեկուկես-երկու տասնյակ տարի անց, երբ բանաստեղծի գործը վերանայվել է, եւ նա արդարացվել է, ոչինչ չի արվել նրա գերեզմանը հայտնաբերելու, աճյունը վերահուղարկավորելու եւ հուշաքար կանգնեցնելու ուղղությամբ: Մի՞թե բանտային իշխանությունները  չեն համարակալել գերեզմանը: Մի՞թե հուղարկավորման փաստը չի արձանագրվել: Բանտային «կարգուկանոնը» նման ձեւականություններ նախատեսո՞ւմ էր, թե՞ ոչ: Ըստ երեւույթին` նախատեսում էր: Պետք է որ նախատեսեր: Եվ եթե Չարենցի գերեզմանը չի հայտնաբերվել, ապա մնում է հարցնել.



«Իսկ ստո՞ւյգ է, որ Չարենցը մահացել է Երեւանի բանտային հիվանդանոցում»: Հարց, որ առաջին ընկալմամբ չափազանցություն է թվում: Բայց եթե բանաստեղծն իրոք Երեւանի բանտային հիվանդանոցում է վախճանվել, ապա ինչո՞ւ հուղարկավորման տեղի եւ հանգամանքների մասին ոչ մի փաստաթուղթ չի գտնվել: Այսքանից հետո իմաստ չունի՞ վարկածել, որ...  Չարենցը մահկանացուն կնքել է Հայաստանից հեռու` ինչ-որ տեղ: Գուցե Թիֆլիսի՞, գուցե Բաքվի՞, գուցե Վլադիմիրի՞ բանտում:



Չարենցը ձերբակալվել է որպես  «հակախորհրդային շարժման գաղափարախոս եւ առաջնորդ»: Իր իսկ ասած` «իդեական վոժդ»: Այդ մակարդակի «հանցագործին», որի մասին գիտեր անձամբ Ստալինը, «հարցաքննելու» հաճույք կունենային ոչ միայն Հայաստանում: Այս նկատառմամբ է  թվում, որ Չարենցին, հավանաբար, Երեւանից  տեղափոխել են հսկայական երկրի մի որեւէ, ավելի խիստ ռեժիմի բանտ: Իսկ թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է վրա հասել մահը` մնում է չբացահայտված: Խորհրդային բռնապետության համար առանձին դժվարություն չէր ներկայացնելու Երեւանի բանտային հիվանդանոցի բժիշկներին «դիահերձման արձանագրություն» ստորագրել տալը:



Եթե սա իրականության հետ կապ չունի, ապա մնում է ենթադրել, որ Չարենցի մահվան հետ կապված մի այլ հիմնավոր գաղտնիք կա, որ բացահայտել «չի կարելի»:



ՀԳ - 1936-37թթ. բռնադատված եւ դժոխքից փրկված գրողների հուշերից պարզ է դառնում, որ «գործի նախաքննության» ընթացքում նրանք պահվել են ոչ թե կենտրոնական, այլ` ՆԳԺԿ ներքին բանտում: Չարենցի «գործով» նախաքննությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ առհասարակ չի էլ անցկացվել: Ուստի նրան ինչո՞ւ պիտի բացառության կարգով պահեին կենտրոնական բանտում, որտեղ պայմանները ՆԳԺԿ զնդանի համեմատ «տանելի էին»:



Վերջապես. եթե Չարենցը շուրջ 4 ամիս պահվել է Երեւանում, ապա ինչո՞ւ «քննիչները» նրա եւ նույն գործով մյուս «մեղադրյալների» միջեւ ոչ մի առերեսում չեն կազմակերպել: Դժվա՞ր էր «Չարենցին մերկացնել» նրա իսկ գրչընկերների «խոստովանական ցուցմունքներով»:



Ուսումնասիրողներին նման փաստեր ծանոթ չեն: Ուստի մնում է կրկին ենթադրել, որ ձերբակալությունից կարճ ժամանակ անց Չարենցին Երեւանից տեղափոխել են կամ Թիֆլիս, կամ Բաքու, կամ Ռուսաստանի որեւէ քաղաք, որտեղ էլ նա  վախճանվել է: Կամ գուցե մահկանացուն կնքել է աքսորի ճանապարհի՞ն...



Վահրամ Աթանեսյան