Ազատություն Ռագըփ Զարաքոլուին

Ազատություն Ռագըփ Զարաքոլուին
Հայ դատի պաշտպան, թուրք անվանի հրատարակիչ, գրող եւ հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն հերթական անգամ բանտարկված է թուրքական իշխանությունների հրահանգով: Դատավարության ընթացքում նա հայտարարել է. «Սա իմ դեմ լարված նոր ծուղակ է, սակայն հույս ունեմ, որ դատարանն ինձ իմ գրքերից չի բաժանելու»: Զարաքոլուին ձերբակալել են հինգ շաբաթ առաջ՝ համալսարանական մտավորականների մի քրդական ժողովի մասնակցելու համար եւ մեղադրում են զինված ահաբեկչության կազմակերպության հրահանգիչներից մեկը լինելու մեջ: Իսկ երեկ Հայաստանի գրողների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր.



«Մենք՝ հայ գրողներս, դատապարտելով Զարաքոլուի անհիմն ու միտումնավոր բանտարկությունը, մեր ձայնն ենք միացնում նրան անհապաղ ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին»: ՀԳՄ Կլոր սրահում գրողների հավաքի ժամանակ քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեն իր ելույթում նշեց, որ Հայաստանում բնակվող քուրդ մտավորականները նույնպես միանում են այս հայտարարությանը: Այսօր Եվրոպայում ծավալվել է Զարաքոլուին պաշտպանող մտավորականների շարժում, այդ թվում նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողներ, որոնք դատապարտում են թուրքական իշխանության բանսարկությունը եւ պահանջում ազատ արձակել խիզախ մտավորականին:



Զարաքոլուն իր կնոջ՝ թուրքական զնդաններում երկար տարիներ անցկացրած, այժմ հանգուցյալ Այշե Նաուրի հետ 1977 թվականից Կ. Պոլսում հիմնադրած իր «Բելգե» հրատարակչության կողմից բազմաթիվ գրքեր է տպագրել, որոնցում  ներկայացվում է ճշմարտությունը Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ճնշումների, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին, ինչի պատճառով բազմիցս ենթարկվել է հալածանքների եւ բանտարկության:



«Ամուսիններով նվիրվել են լուսավորության գործին եւ վիթխարի աշխատանք կատարել: Այսօր Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքում ոչ մի հրատարակչություն, մարդու իրավունքների պաշտպան, որեւէ մտավորական չի արել այն, ինչ արել է Այշե Նաուր եւ Ռագըփ Զարաքոլու զույգը հանուն մարդկության, հանուն քաղաքակրթության, հանուն իրենց երկրի իսկական պատմությունն իմանալու»,- հավաքի ժամանակ գրողներին ներկայացրեց ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, որը Զարաքոլուի հայրենակիցն է ու մտերիմը: Ամուսինների նպատակն է Թուրքիայի պաշտոնապես, պետականորեն մատուցած պատմությանը հակադրել իրական պատմությունը՝ ցույց տալով, թե Արեւմտյան Հայաստանում ինչ վիթխարի քաղաքակրթություն եւ ինչպիսի հզոր մտավորականություն է ոչնչացվել: Թարգմանել ու հրատարակել են եւ հայ հեղինակների գրքեր, եւ այդ ամենն ապացուցող արխիվային նյութեր: Իրենց հրատարակած յուրաքանչյուր գրքի համար նրանք անընդհատ մեղադրվել են, ամբաստանվել, անընդհատ դատական պրոցեսների մեջ եղել:



«Այդ մարդիկ որոշել են, որ հայկական հարցի առթիվ Թուրքիայում եղած տաբուն պետք է կոտրվի, եւ հայկական հարցը մինչեւ վերջին մանրամասներով պետք է ծանոթ լինի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մարդուն՝ ինչ ազգության էլ պատկանի»,- ասում է Հացպանյանը:  Այս տարվա փետրվարին, հայաստանյան այցի ժամանակ, Ռագըփ Զարաքոլուն երկարամյա վաստակի համար Ազգային գրադարանի կողմից պարգեւատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով:



Ֆելիքս Եղիազարյան