Հայհոյանքից 5 րոպե պակաս

Հայհոյանքից 5 րոպե պակաս
Դերասան Նարեկ Դուրյանի կարծիքով, սերիալների խնդիրը Հայաստանում արդեն պետական անվտանգության հարց է դարձել, որը ոչ միայն մշակույթի հետ ընդհանուր կապ չունի, այլեւ պրոպագանդում է սերիալային այդ կենսաձեւն ու մտածելակերպը: «Ինձ ահավոր նեղում են սերիալները»,- ասում է դերասանն ու ռեժիսուրայի եւ դերասանական խաղի կողքին նախեւառաջ մատնանշում սերիալների լեզուն եւ բռնությունը.



«Ագրեսիա կա այդ սերիալներում, իսկ դա լավ չի երեխաների համար, ու պետք չի, որ նոր սերունդն այդպես դաստիարակվի ու մեծանա: Իսկ լեզուն ուղղակի ահավոր ա, արդեն հայհոյանքից 5 րոպե ա պակասում: Կարող ես «ա»-երով խոսել, ասենք՝ գնում ա, գալիս ա, բայց ոչ թե՝ էթում ա»: Դերասանի կարծիքով, լեզուն էլ դեգրադացման մի քանի աստիճան ունի, ու անգամ այդ տարբերակն էլ կընդուներ, եթե սերիալում եթե մեկ հոգի լիներ այդպիսին, որպեսզի «փորձենք սովորացնել, որ այդպես պետք չի խոսել, ու մնացածն էլ սկսեն շնորհքով խոսել կամ գոնե այնպես անեն, որ իրենց վերաբերմունքից՝ իրոնիայից, քմծիծաղից գոնե հասկանանք, որ չեն ընդունում այդպիսի խոսքը»:



Նարեկ Դուրյանը չի ընդունում նաեւ մարդկանց այն արդարացումը, թե սերիալներն արտացոլում են գոյություն ունեցող իրականությունը. «Մեկ-երկու հոգի կարող են այդպես լինել, բայց ոչ բոլորը, հիմա Դուք նորմալ խոսում եք: Ինչ է, Դուք չկա՞ք այդ իրականության մեջ, բա մենք ո՞ւր ենք՝ նորմալ խոսողներս, իրականության մեջ չե՞նք: Նայեցեք մեր հին ֆիլմերը՝ «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները». այդ ֆիլմերում ոչ ոք կլոր-կլոր չի խոսում, «զահրմար» էլ են ասում, «դավաճան հայվան» էլ են ասում, բայց ինչքան համով ա էդ ամեն ինչը»:



Դերասանը նշեց, որ սերիալներից եւ ոչ մեկը անունով չգիտի ու ամենաշատը, որ կարողանում է դիմանալ՝ 10-15 վայրկյանն է. «Ես փորձում եմ չնայել, սփյուռքահայերը մի խոսք ունեն, ասում են՝ նեղություն կու գա վրաս, նույնն էլ իմ դեպքում: Լուրջ եմ ասում՝ իմ վրա նեղություն ա գալիս: Ահավոր է, էս վերջերս հեռուստատեսությամբ ինչ-որ մի սերիալում այնպիսի ահավոր, վատ խոսքեր ասվեցին, որ ես կամաչեմ անգամ այդ խոսքերը հիմա կրկնեմ. դե պատկերացրեք՝ շատ-շատ վատ խոսքեր էին, այնքան, որ ալիքը միանգամից փոխեցի: Չնայած Հայկո-Մկոն էլի բաց են խոսում, կլոր «օ»-երով չեն խոսում, բայց նայվում ա, ծիծաղում ես, ռեակցիա ես տալիս, նեուժելի՞ չի կարելի մի քիչ լուրջ մոտենալ հարցին»:



Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջարկ ստացե՞լ է մեր տեղական սերիալներում խաղալու, Դուրյանը նշեց, որ նախ չի ստացել ու չի կարծում, որ իրեն նման բան առաջարկեն, բայց. «Ժամանակին, որ նոր եկա, շատ հեռվից շոշափեցին այդ հարցը, բայց ասեմ, եթե լավ սերիալ լինի՝ կխաղամ»: Խոսելով սերիալների դերասանական խաղից, Դուրյանն այն օրինաչափ համարեց, մատնանշելով, որ երբ պրոֆեսիոնալ դերասանն իր գինն է ասում, նրան ասում են՝ գիժ ե՞ս, ու վրա բերում, որ «ասենք թե՝ 10 դրամով այնքան նկարվող կա»: Իսկ երբ չես ուզում դրամ դնել դերասանի, սցենարիստի, ապարատուրայի մեջ՝ «ահավասիկ արդյունքը»:



«Օրինակ «Ալաբալանիցան» ես չեմ տեսել, բայց գովազդային հոլովակներից երեւում է, որ մակարդակ կա: Սակայն զարմանալին այն է, որ սերիալի նույն ժողովուրդն ա, բայց ուրիշ ձեւ ա ներկայացված, համենայնդեպս, սերիալ չի, սյուժե կա, խաղ կա, կամերան, լուսավորությունը ճիշտ է դրված: Ուրեմն հնարավոր է, չէ՞, անել, չի կարելի խոպանի նման դնել ու թխել: Ինչն ա Հակոյի-Մկոյի ուժը. տղերքը «տրուդագոլիկ» են, ու դա իրենցից չես վերցնի, իրանց աշխատասիրությունը երեւում ա, որը բերում է արդյունքի: Նույնպես նաեւ սերիալ անելուց պիտի լինես, գրես-պատռես, աշխատես, բայց էդ խեղճ տղաները ո՞նց գրեն-պատռեն, երբ իրենց անընդհատ հրամայում են, որ վաղը սերիալը պատրաստ լինի: Իհարկե, չեն կարող, հո վունդերկինդ չե՞ն. Շեքսպիրն էլ չէր գրի»:



Եվ Եթե Հայաստանում սերիալները ժամ ու պատարագ չունեն, ապա Ֆրանսիայում, ըստ Դուրյանի, այդ հարցը սկզբունքորեն այլ կերպ է դրված: «Ֆրանսիայում սերիալները ցուցադրվում են առավոտյան ժամը 10-ին՝ նրանց համար, ով չի աշխատում, եւ գիշերը 2-ին՝ նորից նրանց համար, ով չի աշխատում ու քնած չի: Թեժ ժամերին սերիալ չկա կամ կարող է լինել կաբելային հեռուստատեսության վրա, որոնք հնարավորություն չունեն լավ ֆիլմեր առնելու՝ էժան սերիալներ են ցուցադրում»,- նշեց դերասանն ու հավելեց, որ սերիալները միշտ էլ աշխարհում անտեսված երեւույթ են համարվել, ու մի պահ էր դա՝ 15 տարի առաջ՝ «Սանտա Բարբարաների» ժամանակ, որ մեջտեղ եկան ու էլի անհայտացան, ինչը մեր երկրում ծիլեր տալուց բացի արդեն խոր արմատներ է գցում: