Ամանորյա բաժակաճառ

Ամանորյա բաժակաճառ
Սիրելի ընթերցող, այսօր մեր 2011-ի վերջին համարն է լույս տեսնում: Մենք գնում ենք կարճատեւ արձակուրդ: Հաջորդ համարը կտպագրվի 2012-ի հունվարի 10-ին: Մեր խմբագրակազմը հասկանում է, որ թերթն իրավունք չունի արձակուրդ գնալու՝ մարդիկ լրատվության պահանջ միշտ ունեն, անգամ տոներին, ուստի անընդմեջ աշխատել ենք ողջ տարին եւ անգամ ամառվա տապին: Եվ այս երկու շաբաթը միակ հնարավորությունն է փոքր-ինչ հանգստանալու, դադար առնելու, արածի ու չարածի մասին մտորելու համար: Այնպես որ ներողամիտ եղեք եւ մեզ բարի հանգիստ մաղթեք: Մենք էլ ձեզ ենք ուրախ եւ խաղաղ Ամանոր մաղթում: Ուզում ենք, որ այս Ամանորը տարբերվի մյուսներից: Ավելի շատ տոն լինի, քան կերուխում: Այն դիմավորեք ձեր սիրելի մարդկանց շրջապատում, եւ ոչինչ թող չմթագնի այն լավատեսությունը, որ կունենաք դեկտեմբերի 31-ի գիշերը՝ 2012 տարվան ընդառաջ: 2011-ը հեշտ տարի չէր՝ թերեւս այնպես, ինչպես նախորդ բոլոր տարիները, բայց 2012-ը կարող է ավելի բարդ տարի լինել՝ չէ՞ որ ընտրությունները մեզանում, որպես կանոն, փորձությունների, հուսալքման, դաժան պայքարի թատերաբեմ են հիշեցնում: Հուսանք, այս տարին կլինի բացառություն: Հուսանք, որ տարին նաեւ բարեբեր կլինի, արտագաղթը կնվազի, բանակում պատահարներ ու զոհեր չեն լինի, ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում էական տեղաշարժ կարձանագրենք: Ներքաղաքական կյանքում՝ եթե անգամ հաշտություն չլինի, պատերազմներից ու արյունահեղությունից զերծ կմնանք: Երկրի տնտեսական վիճակը բարելավվի, կրթության եւ գիտության ոլորտում նոր ձեռքբերումներ արձանագրենք: Ապաշնորհները պաշտոն չստանան, իսկ արժանիները գնահատվեն ու առաջ գնան: Շատ երեխաներ ծնվեն: Եվ իհարկե՝ մարդիկ հաճույք ստանան իրենց ապրած կյանքից: Մի խոսքով՝ առատ, ուրախ եւ երջանիկ տարի թող լինի: