Բեմում էր առաջին տիկինը

Բեմում էր առաջին տիկինը
Պարզվում է՝ Հայաստանում շնորհալի երեխաների պակաս չկա: Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կազմակերպած համերգը: Հիմնադրամն օգնություն է ցուցաբերում օնկոհեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի առաջին տիկինն է` Ռիտա Սարգսյանը:



Դահլիճը լեփ-լեցուն էր երեխաներով եւ բարձրաստիճան կանանցով: Բեմի վրա նույնպես երեխաներ էին: Զարմանալի էր, որ Հայաստանում այդպիսի ժամանակակից, ճաշակով եւ գեղեցիկ բեմադրություններ են կարողանում անել: Գեղեցիկ եւ մտածված էր ամեն ինչ` բեմից մինչեւ վերջին զգեստը: Հանդիսատեսին հետաքրքիր անակնկալ էր սպասվում ամենավերջում: Պարզվեց, որ հիմնադրամի հիմնի երաժշտությունը գրել է ինքը` տիկին Ռիտան: Կոնֆերանսիե Ավետ Բարսեղյանն իջավ դահլիճ եւ ուղեկցեց առաջին տիկնոջը ռոյալի մոտ: Հիմնը կատարում էին Տիգրան Պետրոսյանը եւ երեխաների երգչախումբը, նրանց նվագակցում էին մեծ նվագախումբը եւ տիկին Ռիտան: Հատկապես աչքի զարնեց այն, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ` կառավարական օթյակներում բոլոր  նստածները,տիկին Ռիտային եւ երեխաներին զուգահեռ, երգում էին հիմնը: Հանդիսատեսը շատ գոհ էր եւ ծափահարում էր հոտնկայս:



Մարիամ Մարգարյան