Դատավճռին սպասելիս

Դատավճռին սպասելիս
Մեկ տարի առաջ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ սկսվեց աղմկոտ քրեական հետապնդում: ՀՀ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ իշխանության սիրելին չարաշահել է իր պաշտոնը, ուղղորդել քրեական գործերի քննությունն իր ուզած ուղղությամբ, եւ արդյունքում անմեղները հայտնվել են բանտում, մեղավորները՝ ազատության մեջ: Կատարվածն աննախադեպ էր. մի կողմից մենք սովոր չէինք, որ իշխանությունն իրեն ծառայություններ մատուցած անձին, այն էլ իրավապահ համակարգի ներկայացուցչին, կարող է պատժել: Մյուս կողմից՝ առաջին անգամ էր, որ բարձրաստիճան պաշտոնյան բացահայտվում էր եւ անգամ կալանավորվում իր կատարած ապօրինությունների համար: Հետո, իհարկե, այլ մանրամասներ ի հայտ եկան, եւ Թամամյանի դեմ ներկայացվող փաստերի անառարկելիության հանդեպ կասկածներ ծագեցին, բայց նրա կալանքն արդեն իրողություն էր, եւ հասարակությունը սկսեց սպասել դատավարությանը, որ ինքնուրույն եզրահանգման գա, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Սակայն ամիսներն անցնում էին, իսկ դատավարությունն այդպես էլ չէր սկսվում: Քրեադատավարական օրենսգիրքն իհարկե թույլատրում է ծայրահեղ բարդ դեպքերում մինչեւ մեկ տարի քրեական գործի քննությունը երկարացնել, բայց այդ ձգձգումը կարող էր մի բան նշանակել՝ կամ ապացույցներ հավաքելն է բարդ, կամ ապացույցները բավարար չեն, որ մեղադրական դատավճիռ արձակվի: Իսկ մարդն արդեն մեկ տարի բանտում է, եւ մեղադրական դատավճիռն անպայման պետք է արձակվի: Ինչեւէ, դատաքննությունն արդեն մեկ ամիս է՝ մեկնարկել է, բայց այդպես էլ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են: Երեկ էլ դատավոր Արշակ Վարդանյանը՝ Կենտրոն դատարանի երկարամյա նախագահ Ժորա Վարդանյանի որդին, դատական նիստը հետաձգել է մինչեւ մարտի 15-ը: