Վանոյի հերթն է

Վանոյի հերթն է
Շուրջ 12 տարի առաջ Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից: Քրեական գործի դատաքննությունը հասել էր որոշակի փուլի, եւ ոչ ոք չէր կասկածում, որ նրան պատժելու են: Պատժելու են դաժանաբար: 12 տարի անց կատարվածին անդրադառնալը, նրա մեղավորության կամ անմեղության մասին խոսելը որքան ուշացած է, նույնքան էլ անիմաստ: Ի վերջո, 12 տարի շարունակ գտնվել հայրենիքից հեռու, թաքնվել ու չաշխատել, չլինել քո սիրելի վայրերում, չշփվել քո սիրելի մարդկանց հետ, դաժան պատիժ է: Թերեւս Վանոյի պարագայում դատապարտվելուց ավելի դաժան պատիժ: Հավասարազոր չապրելուն: Այս բաժակը Վանոն ըմպեց ցմրուր: Առողջ ու կանգուն է այն հասարակությունը, որը ներելու, մոռանալու ունակություն ունի: Որը մեծահոգի է իր սայթաքած զավակների նկատմամբ: Ուժեղ է այն իշխանությունը, որը ոչ ստանդարտ, համարձակ լուծումների է գնում: Մեր հասարակությունը կարոտ է ցնցումների: Վեհանձնության եւ խելահեղության հասնող քայլերի: Հասարակական այս հուսալքված ու անկումային վիճակում իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ ներում շնորհի Վանո Սիրադեղյանին: Նման օրինակներ մենք արդեն ունենք. Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին, որը մեղադրվում է Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեջ, ազատ արձակեցին, Էդուարդ Մադաթյանին, որը մեղադրվում էր բարձրաստիճան անձանց վրա մահափորձ կազմակերպելու մեջ, Ռուսաստանից ետ բերեցին ու գործը կարճեցին: Նույնը կատարվեց «Կրեդիտ-Երեւան» բանկի նախկին սեփականատեր Մարտին Հովհաննիսյանի պարագայում, որին մեղադրում էին խոշոր յուրացումների մեջ: Այս բոլոր դեպքերում քաղաքական որոշումներ կայացվեցին: Հերթը Վանո Սիրադեղյանինն է: Պարոն նախագահ, ձեռնարկեք այդ քայլը: Այն պատիվ կբերի Ձեզ եւ երկրում հանդուրժողականության մթնոլորտ կձեւավորի: