Ինչո՞ւ նա եւ ոչ ես

Ինչո՞ւ նա եւ ոչ ես
Այս ընտրություններն արդեն բավականին զվարճացրել են մարդկանց՝ մեկը «քցվածների» ցուցակն է հրապարակում, որն ավելի երկար է, քան մենք պատկերացնում էինք նախապես: Մյուսը ցուցակներում հայտնված «կուրյոզ» դեմքերին է խմբավորում: Եվ այս ցուցակն էլ չի զիջում նախորդին: Երրորդն արդեն պատկերացնում է այս «ունիկալ» խորհրդարանի առօրյան եւ ձեռքերը շփում՝ մեզ հետաքրքիր շոու է սպասվում: Դե, նման բան, որ պատգամավորացուներից մեկը մի հինգ անգամ մտքափոխ կլիներ՝ առաջադրվի, թե չառաջադրվի ու վերջում որոշի առաջադրվել, նախկինում երբեւէ չի եղել: Եվ վստահ եղեք՝ այդ չեմուչում անող մականունավոր անձը, որին թվում է՝ պետք է ընտրողը տարրական ինքնասիրությունից մղված «ջնջեր», կընտրվի ու կանցնի խորհրդարան: Կամ՝ ո՞վ կսպասեր, որ ողջ գիտակից կյանքում մի կուսակցության անդամ եղած անձը հենց միայն կրկին պատգամավոր դառնալու համար կուսակցություն կփոխի եւ կծվարի մեկ ուրիշի հզոր թեւի տակ, եւ հասարակությունը դրան նորմալ կվերաբերվի: Մի խոսքով՝ մեր ժամանակների ու մեր ժամանակի «հերոսների» անամոթությունից, լկտիությունից ու անսկզբունքայնությունից ապշել կարելի է՝ որքան էլ վերջին տարիներին մենք բոլորս կորցրել ենք զարմանալու ունակությունը: Սակայն այս ընտրությունները, կարծում ենք, մեր պատմության մեջ կմնան հատկապես «աբիժնիկների» մեծ բազմության շնորհիվ: Նախորդ ոչ մի ընտրության ժամանակ նեղացածների այսչափ մեծ քանակ չի արձանագրվել: Ո՞րն է պատճառը: Կարծում եմ, շատ պարզ է. Ազգային ժողովի վարկանիշն այնքան է ընկել, որ բոլորն անխտիր հավակնում են հայտնվել այնտեղ, եւ նրանք, ովքեր դուրս են մնացել ցուցակներից, իրենց համեմատելով հայտնվածների հետ, վիրավորվում են: Ինչո՞ւ նա եւ ոչ ես՝ մտածում են նրանք: