Առ եւ տուր

Առ եւ տուր
Նախընտրական շրջան է, եւ բոլորի ուշադրությունը սեւեռված է ընտրողի վրա: Յուրաքանչյուր քվեն թանկ է, յուրաքանչյուր ընտրող կարեւոր է: Այս շրջանում հիշում են ամենամոռացված մարդկանց անգամ՝ հաշմանդամներին, անապահովներին, ազգային փոքրամասնություններին, ծերերին ու հեռավոր սահմաններում բնակվողներին: Ընտրողն էլ գիտի, որ իրեն միայն այս շրջանում են հիշելու, եւ աշխատում է օգտվել այս եզակի՝ հինգ տարին մեկ պատահող հնարավորությունից: Երեկ մեր լրագրողներից մեկը պատմում էր, թե բոլոր քիչ թե շատ կոմպակտ համայնքներում, ընտանիքներում, ազգուտակերում այս օրերին ինչ քննարկումներ-զրույցներ են գնում: Մի քիչ ցածր մակարդակում հաշվում են, թե քանի հազար դրամով կարող են վաճառել իրենց ձայնը: Մի քիչ ավելի խոշոր համայնքների դեպքում, ասենք, հավաքվում է գյուղի ծերակույտը եւ քննարկում, թե տվյալ ընտրատարածքի թեկնածուից ինչ պահանջի: Մի տեղ գյուղի ճանապարհն են նորոգել տալիս, մյուսում ջրագիծ են պահանջում, երրորդում պարարտանյութ կամ վառելիք են պոկում: Քաղաքներում խնդիրներն ուրիշ են՝ տանիք, ասֆալտ են ուզում կամ համատիրությունների պարտքերը փակել տալիս: Այս 10-15 տարվա ընթացքում ընտրողին հիմնովին «փչացրել են»: Նա հասկացել է, որ միեւնույնն է` իր քվեն գողանալու են, իր ձայնը ոչինչ չի որոշելու, ուստի միակ «քյարն» այս ընթացքում իր կորզածն է պատգամավորացուներից: Կանխիկ գումարն ու կոնկրետ արված գործը: Նրանք, ովքեր չեն հաջողում ինչ որ բան ստանալ, իրենց խաբված՝ «քցված» են զգում, նրանք, ովքեր մի բան պոկում են՝ բավարարված են զգում եւ ընտրությունների արդյունքներից չեն բողոքում: Թեկնածուներն ընտրողներին ստորացնում են նրանց գնելով, ընտրողները թեկնածուներին ստորացնում են նրանց գրպանները դատարկելով: