Այսօր վճռական է լինելու

Այսօր վճռական է լինելու
Երեկ Մաշտոցի պուրակում, ժամը 14:30-ի սահմաններում կրկին մի խումբ քաղաքացիներ՝ թվով վեց հոգի, բանվորական հագուստներով, ձեռքներին հարթաշուրթ, փորձեցին ճեղքել մետաղե ցանկապատը, որով ոստիկանները մեկուսացրել էին կրպակները հասարակությունից, որպեսզի կարողանան իրագործել ապամոնտաժման միջոցառումը: Խումբը ցանկապատից դուրս մի ամբողջ պտույտ կատարեց կրպակների շուրջ՝ ոստիկանական սպայակույտի ուղեկցությամբ, իսկ ցանկապատից ներս վահաններով ու մահակներով զինված շարքային ոստիկանները կրնկակոխ հսկում էին, որ հանկարծ սահմանը չխախտեն ու հասարակական չարիք դարձած անհատի սեփականությանը չմոտենան: Իսկ հետնապահ ոստիկանները բավական աշխույժ սրամտում էին. «Էս առաջինն ա, երեք անգամ պտտվեն՝ կվերցնենք»: Այդուհանդերձ ապամոնտաժել փորձողները հորդորում էին ոստիկաններին միասին իրականացնել միջոցառումը, բայց ոստիկաններն անդրդվելի էին եւ երդվյալ հավատացյալի պես պաշտպանում էին իրենց կուռքերին, որ այս անգամ օլիգարխներին պատկանող կրպակների տեսքով էին:



Ապամոնտաժման առաջին փորձը շաբաթ օրն են արել՝ տասը հոգով, սակայն նրանց ոչ մի կերպ չի հաջողվել ոստիկանների պատնեշից ներս անցնել: Կիրակի օրը ապամոնտաժողների մեկ այլ խումբ է նոր փորձ արել, սակայն դարձյալ ապարդյուն: Իսկ երեկ քաղաքացիներից կազմված բոլորովին այլ խումբ էր, որ նորից բախվելով ոստիկանների պատին՝ չէր կարողանում կրպակներին մոտենալ: «Եկել ենք ապամոնտաժելու, պիտի փորձենք, տեսնենք, թե ինչ է հնարավոր անել: Պետք է ամեն անգամ մոտենանք եւ բանակցությունների կամ մի ուրիշ ձեւով փորձենք ոստիկանների այս պատնեշից ներս անցնել: Վերջապես այս ամենը կրպակատերերի գիտակցությանը հասնի, հասկանան, որ ճիշտ քաղաքացի լինելու համար պետք է ոչ միայն իրենց շահի մասին մտածեն, այլ նաեւ հանրային շահի: Մեր պատմության ընթացքում մենք միշտ հանրային շահը գերադասել ենք անհատականից, բայց այսօր մեր ազգային դիմագիծը կորցրել ենք, պիտի վերադառնանք դրան»,- ասում է ապամոնտաժողներից Լալա Մնեյանը:



Ապամոնտաժել փորձողների խումբն ամեն օր փոխվում է, նոր կամավորներ են ընդգրկվում եւ պատրաստակամություն հայտնում միջոցառումն իրականացնել: Պայքարելու են մինչեւ վերջ եւ վստահ են, որ մի օր հասնելու են արդյունքի: Իսկ թե որքան է շարունակվելու իշխանության եւ հասարակության այս տեսակ հարաբերությունը, դժվար է գուշակել: Հասարակությունն իր իրավունքներն է պաշտպանում, իսկ իշխանությունն ամեն կերպ ձգտում է չընկրկել այդ իրավունքները ոտնահարելուց, ավելին՝ ոտնահարողներին ամեն գնով պաշտպանելուց: Բայց մի բան պարզ է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր այլեւս չեն հանդուրժում այս տեսակ հարաբերությունն ու ապրելակերպը, եւ հենց Մաշտոցի պուրակում է ձեւավորվում ժողովրդավարության ձգտող հասարակության կորիզը: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ չեն կարող հաշվի չնստել այդ մարդկանց պահանջի հետ, եւ հենց այդ վճռականությամբ էլ տրամադրված՝ այսօր, ժամը 12-ին նրանք ի վերջո ապամոնտաժելու են կրպակները. օրը վճռական է լինելու:



Ֆելիքս Եղիազարյան