Բաց նամակ

Բաց նամակ
Ես խնդրում եմ ՀՀ դատախազ Ա. Հովսեփյանին, արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, Արդարադատության խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին քրեական գործ հարուցել եւ պահանջել դատավոր Ռ. Հակոբյանից հեռացնել իմ 4142-05-09 գործից կեղծ դիմումը, որն իմ ինքնության հետ որեւէ կապ չունի: Այդ դիմումը ստորագրված եւ ներկայացված չէ իմ կողմից, ինչպես նաեւ նշված չէ իմ հասցեն: Համաձայն օրենքի՝ անստորագիր դիմումները ենթակա չեն քննարկման եւ սահմանված կարգով ոչնչացվում են: Դիմումը չի քննարկվում այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են, սակայն վարչական դատարանի դատավոր Ռ. Հակոբյանի կողմից այդ դիմումը միտումնավոր քննարկվել եւ կցվել է իմ գործի նյութերին՝ ստեղծելով պատրանք, թե ինքը գործում է օրենքի շրջանակներում, ինչպես նաեւ, որ ես ի վիճակի եմ կրելու դատական ծախսերը: Դատավորը դրանով փորձել է արդարացնել իր կողմից կայացված 08.06.11 եւ 06.08.11 թթ. ակնհայտ անարդար որոշումները եւ խուսափել է կիրառել արտոնություններ՝ սահմանված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 4-րդ կետով:



Վճռաբեկ դատարանի դատավոր Տ. Պետրոսյանն իմ 23.01.12 եւ 06.02.12 թթ. վճռաբեկ բողոքները նետել է աղբամանը, քանի որ իմ կողմից ներկայացվել են ապացույցներ վարչական դատարանի դատավոր Ռ. Հակոբյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու մասին: Վճռաբեկ դատարանի դատավոր Տ. Պետրոսյանը շրջանցել է, որ դատավոր Ռ. Հակոբյանը 17.12.10 թ. որոշմամբ հրաժարվել է սեփական նախաձեռնությամբ իրականացնել օրենքով վերապահված իր լիազորությունները եւ արդարադատություն իրականացնել իմ հայցի պահանջով ու  սեփական նախաձեռնությամբ փոփոխել է դիմումիս առարկան եւ հայցիս հիմքը՝ կոպտորեն խախտելով իմ սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Չնայած, համաձայն վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրության, իմ վճռաբեկ բողոքները գրանցվել եւ հանձնվել են դատավոր Տ. Պետրոսյանին: Վերջինս իր 08.02.12 թ. կայացրած որոշմամբ լռել է եւ չի կատարել արդարադատություն: Կեղծ դիմումն այդպես էլ կցված է իմ գործին եւ քննարկվել է դատավոր Ռ. Հակոբյանի կողմից, հակառակ այն բանի, որ իմ 06.02.12 թ. վճռաբեկ բողոքով խնդրել էի հեռացնել կեղծ դիմումն իմ դատական գործից:  Հակոբյանն իր 17.12.10 թ. որոշմամբ ինձ արգելել է ծանոթանալ իմ արխիվային անձնական գործի նյութերին, որը միտումնավոր, դեռ 2002 թ. չի տրամադրվել ՆԳՆ-ին, իբրեւ թե ՆԳՆ համակարգի արխիվային անձնական գործերը չեն ուղարկվում այլ կազմակերպություններ, քանի որ իմ անձնական գործում կան ապացույցներ, որոնք կարող են մատնանշել ոստիկանական համակարգի թույլ տված ապօրինությունները, եւ ես հնարավորություն կունենամ ստանալու իմ բազմամյա ծառայության կենսաթոշակն ու մարդավայել, արժանապատիվ ապրել: Ստացվում է շատ մեծ տարօրինակություն՝ ոստիկանությունն իր հայցադիմումի պատասխանի մեջ 22.10.09 թ. վդ4142-05-09 գործով նշում է, որ չի առարկում, որ ծանոթանամ իմ արխիվային անձնական գործի նյութերին, սակայն մյուս կողմից Հակոբյանն է իր որոշմամբ արգելում ծանոթանալ իմ անձնական գործին: Ստացվում է, որ դատավոր Հակոբյանն ապօրինի զրկել է ինձ իմ դատական պաշտպանության իրավունքից: Բացի դա, ես 14.12.11-ին վարչական դատարանի գրասենյակից տարօրինակ գրություն ստացա, որ, համաձայն իմ դիմումի, փոստով ինձ են ուղարկել ՎԴ 4142-05-09 վարչական գործով նիստի ձայնային կրիչը: Բայց տարօրինակն այն է, որ իմ կողմից նիստի ձայնագրառման կրիչ ստանալու պահանջով դիմում չի ներկայացվել: ՀՀ վարչական դատարանի գրասենյակի վարիչի պնդմամբ հաստատվում է, թե իբրեւ իմ կողմից է ներկայացվել դիմում, հաշվի չառնելով, որ դիմումն անհասցե է, նշված չեն իմ լրիվ տվյալները` հայրանունը, գլխավորը՝  առկա չէ  իմ ստորագրությունը: Բայց նրանք ճգնում են հիմնավորել, որ դիմումը ես եմ մուտք արել: Այս ձեւով Է. Մելքոնյանը ջանում է թաքցնել կեղծված դիմումի մասին փաստը, որն օրինական գրանցում է ստացել եւ կատարվել վարչական դատարանի կողմից: Խնդրում եմ ուսումնասիրել, ընթացք տալ այս գործին եւ կանխել այս բացահայտ ապօրինությունները, որոնք կիրառվում են իմ նկատմամբ:



Էմմա Կարապետյան