Մաքո՜ւր, խաղա՜ղ, հանգի՜ստ

Մաքո՜ւր, խաղա՜ղ, հանգի՜ստ
«Մենք պատրաստվել ենք ընտրություններին ոչ միայն մասնագիտորեն կամ մեր լիազորությունների շրջանակում, այլ փորձել ենք հայթայթել լրացուցիչ ռեսուրսներ, որ ավելի արժանահավատ զեկույց պատրաստենք ընտրական գործընթացների մասին եւ օգնենք մեր քաղաքացիներին»,- երեկ լրագրողներին հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:



Իսկ ՄԻՊ գրասենյակի լիազորություններն ընտրական գործընթացում խորհրդատվական եւ դիտորդական են. սա է ամբողջ գործառույթն ընտրությունների ընթացքում: «Երկուշաբթի օրվանից սկսած՝ ունենալու ենք 20 շրջիկ մեքենաներ, որոնք իրավաբանների հետ արագ արձագանքելու են ցանկացած արձագանքին: Մեր թեժ գիծը ծառայելու է նաեւ ընտրությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում մեր արագ արձագանքող խումբը կհայտնվի ահազանգի վայրում»: Արդյունավետ աշխատելու համար ՄԻՊ-ը բացելու է եւս 6 գրասենյակ՝ Կապանում, Եղեգնաձորում, Իջեւանում, Գավառում, Վանաձորում, Գյումրիում. «Հեռակա մարզերը ծածկելու ենք մեր մարզային գրասենյակների աշխատակիցների օգնությամբ, իսկ Երեւանը եւ մերձակա մարզերը ծածկելու ենք Երեւանում գտնվող մեր աշխատակազմի եւ մեքենաների օգնությամբ»:



Մարդու իրավունքների պաշտպանը ենթադրում է, որ խնդիրները լինելու են նախընտրական փուլում՝ մինչեւ քվեարկություն օրը. «Քվեարկության օրը լինելու է բավական մաքուր, խաղաղ, հանգիստ»: Գտնում է, որ եթե կան մեղադրանքներ, դրանք դառնան իրավական գործընթացի մաս. «Դա նաեւ ընդդիմության փորձությունն է, այսինքն՝ ոչ միայն աղաղակել այդ խնդիրների մասին, այլեւ դրանց համար ապահովել լավ իրավական բազա»: Իսկ խաբված ընտրազանգվածի փողոց դուրս գալու վերաբերյալ վստահեցնում է. «Փողոցն ավելի քիչ օգնություն է տալիս տարբեր ուժերի, եւ իրավական գործընթացները, դատարանի որոշումներն ավելի արդյունավետ կլինեն»: Միեւնույն պահին դատարանների անկաշառության եւ վստահության առումով նշեց. «Կյանքը նաեւ ցույց է տալիս, որ դատարանների որոշումները Հայաստանում ոչ միայն անարդար են, այլեւ այդպես են ընկալվում հասարակության կողմից: Նրանց արժանահավատությունը բավարար չէ»: Այդուհանդերձ ասաց, որ եթե ինքը լիներ քաղաքական որեւէ ուժի ծիրում. «Ես, միեւնույնն է, այս դատական համակարգում կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որ քո բողոքները լինեն արժանահավատ թե հասարակության, թե միջազգային հանրության, թե բոլորի համար»:



Անդրեասյանը մի կողմից նշում է, որ դատարաններն անարդար են, մյուս կողմից էլ հորդորում է վստահել դատարաններին: Նման դատական համակարգ ունեցող երկրում արդարությունը բարձրաձայնելու միակ միջոցը հրապարակ դուրս գալն է: Հատկապես, որ ունենք Սահմանադրական դատարանի որոշման նախադեպեր՝ կեղծված ընտրությունները բողոքարկելու առումով: Գուցե դատարաններին վստահելու հորդորը հետեւանք է այն համոզման. «Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ես այսօր էլ չեմ մեկնաբանում ՍԴ որոշումները, որովհետեւ դրանք ինձ համար վերջնական են եւ պարտադիր են ընդունելու համար»:



Ինչ վերաբերում է նախընտրական ճնշումներին՝ Անդրեասյանը կարծում է. «Բնական է, որ ավելի ուժեղն ավելի շատ կարող է ճնշել, եւ այսօր ավելի ուժեղն իշխանություններն են, իշխանական տարբեր կուսակցություններն են, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ»: Իսկ հասարակության խնդիրն է լինելու, թե ինչպես հասնի մայիսի 6-ին. «Արդյո՞ք ընտրությունը կատարվելու է մինչեւ մայիսի 6-ը, եւ մայիսի 6-ը լինելու է ընդամենը տեխնիկական արձանագրման օր՝ խաղաղ ժպիտով եւ կրկնակի ցինիզմով, որ դուք գնացեք-արեք ձեր գործը, բայց ամեն ինչ որոշված է, թե՞ մենք այդ լարման ինտրիգի մեջ հասնելու ենք նրան, որ իսկապես դեռ հարցերը քննարկվելու են»:



Ֆելիքս Եղիազարյան