Ինքնաբացարկ որդու ազատության դիմաց

Ինքնաբացարկ որդու ազատության դիմաց
Ապրիլի 6-ի լուսադեմին ծեծի ենթարկված թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը ապրիլի 7-ի կեսօրին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Մխոյանին ծեծի էին ենթարկել, քանի որ նա հրաժարվել էր հանել իր թեկնածությունը եւ չխոչընդոտել ՀՀԿ-ական թեկնածու Ալեքսան Պետրոսյանի ընտրությանը: Քանի որ Մխոյանը հրաժարվեց դա անել առանց բռնության եւ ուժի գործադրման, նրան ուղղակի ստիպեցին: Մերուժան Մխոյանն ուղեղի ցնցում է ստացել:



Թվում է, թե ծեծից հետո Մխոյանը պետք է լցվեր վճռականությամբ, եւ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու նրա կամքը պետք է որ ավելի ամրապնդվեր: Մանավանդ, որ ծեծից հետո նրա վարկանիշը զգալիորեն բարձրացել է. հասարակությունը միշտ էլ պաշտպանում է ծեծվածին եւ հետապնդվողին: Ընտրողները հասկացան նաեւ, որ եթե Մխոյանին պարտադրում են հրաժարական տալ, նշանակում է, որ նա իրենից լուրջ ուժ է ներկայացնում: Մի խոսքով, բոլորի համար հասկանալի էր, որ եթե մինչեւ ծեծը Մերուժան Մխոյանն ընտրություններում հաղթելու քիչ հնարավորություն ուներ, ապա ծեծից հետո նրա հնարավորությունները կրկնապատկվել էին:



Բայց Մերուժան Մխոյանը պարտադրված է եղել ինքնաբացարկ ներկայացնել, քանի որ նրա որդին՝ Արթուր Մխոյանը, դանակահարել է իր հորը ծեծի ենթարկողներին: Արդեն գրել ենք, որ Մխոյանին տարել են Սարդարապատի գերեզմանատուն եւ դաժան ծեծի ենթարկել՝ պահանջելով, որ նա ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Որդին, օգնության հասնելով հորը, դանակահարել էր նրան ծեծողներին: Ոստիկանությունը կարող էր քրեական գործ հարուցել երկու կողմերի նկատմամբ էլ, եւ այդ դեպքում պետք է ձերբակալվեին եւ քրեական գործեր հարուցվեին եւ թեկնածուին ծեծողների, եւ դանակարողի նկատմամբ: Բայց քանի որ ոստիկանությանը հետաքրքրում է ոչ թե օրենքն ու օրինականությունը, այլ ընդամենը իշխանության արդի քաղաքական շահերի սպասարկումը, նրանք Մերուժան Մխոյանին պարզ գործարք են առաջարկել. դու ինքնաբացարկ ես ներկայացնում՝ որդիդ ազատվում է քրեական հետապնդումից: Մխոյանը կարող էր հրաժարվել գործարքից եւ փորձեր շարունակել պայքարը: Բայց այդ դեպքում նրա որդին, որպես քրեական հանցագործ, կհայտնվեր կալանավայրում: Սա հայկական բարոյականության մեջ չի տեղավորվում. ինչ կասեն մարդիկ՝ հանուն իր քաղաքական շահերի որդուն զոհեց, ինքն ուզում էր խորհրդարանում նստեր, իսկ տղան՝ բանտում: Մանավանդ որ տղան մարդ էր դանակահարել հորը պաշտպանելու համար: Պարզ է, որ ոչ մի հայր իր որդուն նման ճակատագիր չէր ցանկանա: Եվ Մխոյանը հենց այս հանգամանքները հաշվի առնելով  է ինքնաբացարկ ներկայացրել: Ոստիկանության գործն էլ հեշտացավ. կողմերը բողոքներ չեն գրի, մի թեթեւ քրեական գործ կհարուցվի, հետո աննկատ կկարճվի:



Իսկ մեզ մնում է շնորհավորել ՀՀԿ թեկնածու Ալեքսան Պետրոսյանին. նա կարող է համարել, որ արդեն ընտրված պատգամավոր է: Ընդ որում՝ նվազագույն ծախսերով: Չար լեզուներն ասում են, որ այս ծեծի հիմքում հենց փող չծախսելու խնդիրն է դրված եղել: Թիվ 21-ում եւս երկու թեկնածուներ կան՝ ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից», բայց նրանք ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում հանրապետական թեկնածուի համար: Նրանց որեւէ մեկը չի պահանջի ինքնաբացարկի դիմում գրել:



Անի Առաքելյան