Եթե սեփականատերերը հրաժարվեն, ես էլ կհրաժարվեմ պուրակից

Եթե սեփականատերերը հրաժարվեն, ես էլ կհրաժարվեմ պուրակից
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երեկ կառավարության նիստից դուրս գալով, հայտնվեց ինչ-որ բանի համար իրեն շնորհակալություն հայտնող քաղաքացիների գրկում եւ հաճույքից հալվեց: Ցավոք սրտի, Մարգարյանին այդպես չեն դիմավորի Երեւանի այլ վայրերում, ասենք՝ Մաշտոցի այգում, որտեղ կրքերը դեռ չեն հանդարտվել: Ամիսներ շարունակ բնապահպանները պայքարում են այգին բետոնապատելու քաղաքապետարանի  որոշման դեմ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Նրանք փորձում են արգելել, որ Աբովյան փողոցի կրպակների սեփականատերերը հիմա էլ հանգրվանեն այս այգում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով, անգամ կրպակների սեփականատերերն են պատրաստ, հանուն հասարակական պահանջի, հրաժարվել իրենց հատկացված ժամանակավոր տարածքներից, սակայն Տարոն Մարգարյանը չի հրաժարվում, որովհետեւ չի ուզում «կոտրվել»: Օրերս էլ սեփականատերերից մեկը՝  նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը, հայտարարել էր, որ ինքը Մաշտոցի պուրակում սեփականություն չունի, իսկ ժամանակավոր վարձակալությունից պատրաստ է հրաժարվել: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Տարոն Մարգարյանի հետ:



- Պարոն Մարգարյան, ի՞նչ կասեք Յուրա Բեգլարյանի հայտարարության մասին:  



- Ես բազմիցս եմ ասել, որ դա համայնքային սեփականություն ա, իրականում այնտեղ ոչ մի անհատ սեփականություններ չունի: «Կենտրոն» կանաչապատման կազմակերպությունն է  տեղադրումն իրականացրել, մենք պետք է բանակցելով՝  Աբովյան փողոցի որոշ սեփականատերերի տեղ տրամադրենք: Իսկ ինչ մնում է Մաշտոցի պուրակի հետ կապված, այնտեղ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվում այգին վերականգնելու համար, ինչից հետո եւս կքննարկենք կրպակների հարցը:



- Մեր տեղեկություններով, կրպակների սեփականատերերը պատրաստ են հրաժարվել հանուն հասարակության պահանջի, սակայն Դուք դեմ եք՝ համարում եք Ձեր սկզբունքի հարցը: 



- Չէ, սկզբունքի հարց չկա, եթե քաղաքացիները պատրաստ են հրաժարվել, ես շնորհակալ եմ իրանցից:



- Այսինքն, Դուք դեմ չե՞ք լինի, որ սեփականատերերը հրաժարվեն:



- Ոչ, եթե իրանք պատրաստ են հրաժարվել, ես իրանցից շնորհակալ եմ, ու էդ պրոցեսն ավելի կարագացվի:



- Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ զիջելով՝ Ձեր հեղինակությունը կվնասվի:



- Ոչ , ոչ, Դուք լավ գիտեք՝ ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը եւ մանավանդ կրպակներին դեմ եմ ընդհանրապես: Ես բոլորին հավաստիացնում եմ, որ քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով կանաչ տարածքների ընդլայնման խնդիր է դրված, եւ մենք բյուջեով նախատեսում ենք մեծ գումարներ, որոնք մեր կանաչ տարածքները կընդլայնեն: Ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը:



 - Երբ Դուք Ավանի թաղապետն էիք, բավականին բարձր վարկանիշ ունեիք, իսկ որպես քաղաքապետ՝ երբեմն հասարակության քննադատության թիրախն եք դառնում:  Չե՞ք կարծում, որ քաղաքապետի պաշտոնը շատ բարդ է Ձեզ համար, Դուք  դրան դեռ պատրաստ չեք:



- Ես պատրաստ եմ, ի՞նչ ա եղել: Քննադատություններն էլ նորմալ եմ համարում, եթե մի քայլ կատարվում է, ու քաղաքացիները դժգոհ են կամ հասարակական կազմակերպություններն ու բնապահպանները, ես պատրաստ եմ նստեմ իրանց հետ քննարկեմ ու ճիշտ լուծումներ տամ:



 - Այդ դեպքում ինչո՞ւ չեք գնում Մաշտոցի պուրակ՝  հանդիպելու ակտիվիստների հետ:



- Ես Մաշտոցի պուրակի ակտիվիստներին հրավիրել եմ քաղաքապետարան, հանդիպել եմ, խոսել եմ եւ ոչ միայն իրանց, այլ շատ բնապահպանական կազմակերպությունների: Իմ պատրաստակամությունը հայտնել եմ, որ միասին մենք իրականացնենք ծրագրերը, նույնիսկ Մաշտոցի պուրակում:



- Պարոն Մարգարյան, վերջին հաշվով այգում Ձեր հասակակիցներն են: Միգուցե Ձեր պատվից վե՞ր եք համարում այնտեղ գնալը:



- Ոչ, ես պատվիցս վեր չեմ համարում: Տարեց-երիտասարդ քաղաքապետի խնդիրը չի այստեղ, ես մեր քաղաքացիների հետ ամենօրյա շփման մեջ եմ եւ ամեն օր լսում եմ նրանց բարձրացրած հարցը:



- Ձեր երբեմնի բարի համբավից հետո կոպիտ քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:



- Մեր քաղաքացիներն այս տարվա եւ մյուս տարիների աշխատանքի շնորհիվ կզգան, որ աշխատանքները շարունակվում ու ընդլայնվում են:



- Ինչո՞ւ քաղաքապետի առաջին տեղակալ չի նշանակվում, ի՞նչն է խնդիրը:



- Իմ տեղակալի հարցը դեռ չի քննարկվում, որտեւ Հանրապետական կուսակցությունը պետք է քննարկի, քանի որ Հանրապետական կուսակցության ավագանու անդամները մեծամասնություն են քաղաքապետարանում: Դեռ առաջարկություններ չկան, երբ կլինի՝ կքննարկենք:



- Լուրեր կան, որ Ձեր ենթակայության տակ գտնվող գերատեսչություններին, կրթական հաստատություններին  ստիպում եք քվեարկել ՀՀԿ-ի օգտին:



- Ես նման բան չեմ լսել, մենք, որպես քաղաքային իշխանություն, հավասարության դաշտը պահպանել ենք բոլոր քաղաքական ուժերի համար, որ հավասար քարոզչություն տեղի ունենա:



- Ձեր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը հրապարակավ մեծ հույսեր կապեց Ձեզ հետ, Ձեր գնահատմամբ՝ արդարացնո՞ւմ եք այդ հույսերը (Սերժ Սարգսյանն ասել էր. «Տարոն, դու մեզ հուսախաբ անելու իրավունք չունես»):



- Ինձ թվում է՝ այդ հարցն ինձ պետք է չտաք, որովհետեւ կարճ ժամանակ է, ինչ աշխատում ենք, եւ ամբողջ քաղաքապետարանի թիմն ու ամբողջ պատասխանատուներն օր ու գիշեր աշխատում են, եւ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան:



- Իսկ ընտրություններից հետո կշարունակե՞ք ղեկավարել:



- Ընտրություններից հետոն ի՞նչ կապ ունի, քաղաքապետի ընտրությունները մայիսի 13-ին է: Սա Ազգային ժողովի ընտրություններ են:



- Խոսակցություններ կան, որ ընտրություններից հետո կարող է Բեգլարյանը վերադառնալ:



- Ես նման բան չեմ լսել, չգիտեմ:



- Կարծիքներ կան, որ Դուք շատ եք փոխվել քաղաքապետ դառնալուց հետո, ավելի ամբիցիոզ եք դարձել:



- Ինչի՞ ամբիցիաներ պիտի լինեն: Քաղաքապետի պաշտոնն ինձ չի փոխել, ես իմ ընկերների, կուսակցական ընկերների ու բնակչության հետ ամենօրյա կապի մեջ եմ: