«Ոչ ընդդիմություն եմ, ոչ իշխանություն. ժողովրդի հետ եմ»

«Ոչ ընդդիմություն եմ, ոչ իշխանություն. ժողովրդի հետ եմ»
Հարցազրույց «Արաբո» ջոկատի հրամանատար, թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու



Մանվել Եղիազարյանի հետ



-Դուք հայտնի եք որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի հրամանատար, ինչո՞ւ որոշեցիք փոխել Ձեր իմիջը եւ զբաղվել քաղաքականությամբ:



- Մենք հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում, քանի որ հասկանում էինք, որ հաղթանակն օդ ու ջրի պես պետք է հայ ժողովրդին, եւ դա մեր մեծագույն ձեռքբերումն էր: Բայց պատերազմից անցել է 15-17 տարի, եւ մենք անընդհատ սպասում ենք, որ մեր երկրում իրավիճակը լավանա, մարդիկ նորմալ ապրեն, մեր ժողովուրդն իր երկրում տեսնի իր ապագան, հայ մարդը կարողանա ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել: Բայց մենք տեսնում ենք, որ մեր հայրենիքում վիճակը չի փոխվում, անընդհատ վատանում է ու վատանում: Իմ ընկերներն ինձ պարտադրեցին, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը եւ պիտանի լինեմ խաղաղ կյանքում, բարձրաձայնեմ յուրաքանչյուր անարդարություն, պահեմ հաղթանակած զինվորի կերպարը, որը կարող է ներքին կյանքում էլ պայքարել իր ժողովրդի ոտնահարված իրավունքի համար:



- Մտածում եք, որ եթե պատգամավոր դառնաք, կկարողանա՞ք մարդկանց իրավունքները պաշտպանել կամ երկրում արդարություն հաստատել, սոցիալական իրավիճակը լավացնել:



- Ոչ, ոչ, էական նշանակություն չունի՝ ես այդ խնդիրները կկարողանամ լուծել, թե ոչ: Իմ համար կարեւորն այն է, որ եթե մարդը չի ըմբոստանում, չի փորձում իրավիճակ փոխել, չի մատնանշում սուտը, չի պայքարում ճշմարտության համար, մարդու ներքինը ոչնչանում է, մարդը դառնում է ոչնչություն: Սուտը մատնանշելով, ճշմարտությունը բարձրաձայնելով՝ ես հաղթանակ եմ տանում:



- Խորհրդարան եք ձգտում ոչ միայն Դուք, այլեւ պատերազմի շատ այլ վետերաններ, որոնք մտածում են, որ եթե իրենք կռվել են, հաղթել են, ապա այս երկիրը, նրա տնտեսությունը, իշխանությունը պատկանում են իրենց, եւ իրենք պետք է լինեն ամենուր, այդ թվում եւ խորհրդարանում: Գուցե Դուք է՞լ եք այդպես մտածում:



- Պատերազմը 17 տարի է՝ վերջացել է. կարո՞ղ է ինչ-որ մեկն ասել, թե ես մեր երկրում ինչ սեփականություն ունեմ: Ինչ է, Դուք մտածում եք ես չգիտե՞մ, որ մարդիկ, ովքեր շատ քիչ բան են արել կամ ոչինչ չեն արել, տիրացել են ամեն ինչի, իսկ ես ոչինչ չունեմ: Ես դա գիտեմ, բայց ես այնքան դաստիարակված եմ, որ չեմ ուզում խոսել ուրիշների մասին: Պատերազմն ավարտվել է, ուղիները բաժանվել են. մեկը դարձել է որսորդ, մեկը՝ որս: Ինչ է, պատերազմում բոլորը նույն տեսակի մարդի՞կ էին, իհարկե ոչ: Բոլորն էլ հանուն մի նպատակի են կռվել, բայց ունեցել են տարբեր մտածողություն, տարբեր բնավորություն, որը դրսեւորվել է պատերազմից հետո: Ես ընդամենը մի բան եմ ուզել. ունենալ նորմալ հայրենիք, ապրել նորմալ երկրում: Եթե սովորական քաղաքացին ունի նման պահանջների իրավունք, իմ իրավունքը կրկնակի է. իմ նյարդերը քայքայվել են, իմ առողջությունն է քայքայված, ես մի քանի տեղից վիրավորվել եմ, ինչ է, ես իրավունք չունե՞մ լավ երկրում ապրելու: Թե՞ մեզ պետք է ասեն. դուք կռվեցիք, դե լավ, գնացեք, պատի տակ նստեք, մենք էլ խաղաղ ժամանակի լավ տղերքն ենք, մենք կլինենք միլիարդատեր, մենք կլինենք իշխանավոր, մենք կլինենք պատգամավոր, մենք կլինենք մարմնավաճառ՝ ամեն ինչը մենք ենք: Այդպես էլ է անարդար, այդպես չի կարող լինել:



- Մինչեւ Ձեր առաջադրվելը բազմաթիվ պատերազմի վետերաններ, ջոկատի հրամանատարներ դարձել են պատգամավոր, եղել են իշխանության մեջ, բայց Ձեր մատնանշած հարցերը չեն լուծվել: Ինչո՞վ եք Դուք նրանցից տարբերվելու:



- Մարդու կյանքում երկու բան է մնում՝ ճշմարիտ խոսքն ու բարի համբավը: Ես ուզում եմ ասել իմ ճշմարիտ խոսքը եւ պահել իմ բարի համբավը: Կարող է այն մարդիկ, ովքեր եղել են, ճիշտ ընտրված չեն եղել: Ես ինքնագովեստով չեմ ուզում զբաղվել, բայց մենք արդեն 20 տարի է՝ ապրում ենք, եւ ժողովուրդն ինքը տեսնում է, թե ով իրեն ոնց է պահել: Ես ուզում եմ խորհրդարան տանել իմ տեսակը, իսկ թե ինչ կփոխվի արդյունքում, թող ժողովուրդը դատի:



- Դուք քննադատում եք իշխանությանը, բայց նաեւ ընդդիմության հետ չեք: Որտե՞ղ է Ձեր տեղը քաղաքական բաժանման մեջ:



- Այո, իմ կարգախոսն է՝ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, իմ տեղը ժողովրդի հետ է: Մի՞թե չեք նկատում, որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը կտրված են ժողովրդից, ժողովուրդը մտամոլոր կանգնած է եւ չգիտի ուր գնալ, ում հավատալ, որովհետեւ միշտ խաբվել է, բոլորի կողմից է խաբվել: Դրա համար ժողովուրդը սպասում է ճշմարիտ խոսքի, ես ասելու եմ այդ խոսքը. ինչքան կստացվի, ինչքան կհավատան ինձ, ես չեմ կարող ասել: Ես զինվոր եմ եւ պատրաստ եմ նաեւ պարտության, քանի որ չի պարտվում նա, ով չի պայքարում: Բայց եթե պայքարում ես, արդեն դա հաղթանակ է:



- Հիմա շատ է խոսվում ընտրողներին կաշառելու, ձայներ գնելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր մրցակիցները դիմեն նման քայլերի, եւ ընտրողն անտեսի Ձեր ճշմարիտ խոսքը:



- Ո՞նց կարող է իմ դեմ փող բաժանեն, փող բաժանեն մի մարդու դեմ, ով իր երկրից ոչինչ չի վերցրել: Թե նման բան անեն, ես մամուլով հրապարակավ կհայտարարեմ. ժողովուրդ, այդ կուսակցությանը ձայն մի տվեք, որովհետեւ նրանք կաշառում են ձեզ, շեղում են իրական ազգային արժեքներից: Եթե ամեն ինչ փողով որոշվեր, մարդիկ իրենց երեխաներին պետք է ասեին. արա, փող աշխատեք, փող շինեք, ինչ հայրենիք, ինչ ազգ, ինչ ազնվություն: Փող աշխատեք, որ դեպուտատի մանդատ առնեք, երկիրը ձեզնով անեք: Բա լավ, վաղը որ պատերազմ սկսվի, էդ դաստիարակությամբ ո՞նց են երկիրը պահելու: Ես դեմ եմ նման դաստիարակությանը, ես դեմ եմ նման ճանապարհով մանդատ առնելուն:



- Դուք դաշնակցական եք, ՀՅԴ-ն սատարելո՞ւ է Ձեզ:



- Ես դաշնակցական եմ եղել միայն Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, քանի որ Դաշնակցությունն ասում էր, որ եթե զենք եք ուզում, պետք է մտնեք կուսակցություն: Ես այդ զենքի համար եմ դարձել դաշնակցական, ոչ թե գաղափարի: Զենքը վերցրել ենք, գնացել-մեր կռիվը տվել ենք, վերջում զենքը հանձնել ենք Մեղրյան Շահենին: Դաշնակցություն չէ՝ անունը ինչ ուզում ես դիր, եթե նա օգնում է մեզ հաղթել թշնամուն, ես նրա հետ եմ: Ուզում եմ ասել, որ ես պահել եմ պայմանը եւ Դաշնակցության հետ եմ եղել Մարտունաշենի պաշտպանության ընթացքում: Իսկ թե ում կպաշտպանի Դաշնակցությունը, դա էլ իրենց խնդիրն է:



Ավետիս Բաբաջանյան