Կոտրել են թեկնածուի քիթը (ֆոտոշարք)

Կոտրել են թեկնածուի քիթը (ֆոտոշարք)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մալաթիա Սեբաստիա համայնքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի առաջին օրը ուղեկցվել է բազմաթիվ խոչընդոտներով և օրվա վերջում խոչընդոտները նույնիսկ հասել են Փաշինյանի կողմնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելուն: Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամները, թեկնածուի կողմից համայնքի բնակիչներին հասցեագրված նամակները բաժանելու ընթացքում, անընդհատ հանդիպել են կանանց նույն խմբին, ովքեր ամեն անգամ վիրավորական արտահայտություններով և բացականչություններով խոչընդոտել են շտաբի աշխատանքները: Օրվա կեսին Փաշինյանի շտաբին է միացել նաև Ավան վարչական շրջանում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանի նախընտրական շտաբը՝ պատգամավորի թեկնածուներ Զոյա Թադևոսյանի Գայանե Առուստամյանի և Բաբկեն Գորոյանի գլխավորությամբ: Ժամը 18-ի սահմաններում Սվաճյան 46 շենքի շքամուտքում պատգամավորի թեկնածուների խմբի վրա են հարձակվել անհայտ անձիք և սկսել են հայոյել ու հարվածել նրանց, պահանջելով հեռանալ իրենց շենքից, քանի որ իրենք պաշտպանում են Սամվել Ալեքսանյանին և չեն թողնի, որ իրենց տարածքում բաժանեն Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը: Միջադեպի արդյունքում այդ մարդիք պատգամավորի թեկնածուների ձեռքից ուժով խլել են քարոզչանյութերը, հարվածել են Գայանե Առուստամյանին և ծեծի են ենթարկել Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված Բաբկեն Գարոյանին, ինչի հետևանքով կոտրվել է Գարոյանի քիթը: Միջադեպից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի, իսկ Բաբկեն Գարոյանին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց: Դեպքի առթիվ պատգամավորի թեկնածուները դիմել են ոստիկանություն: Նիկոլ Փաշինյանի շտաբը, չնայած ողջ օրվա ընթացքում ուղեկցված ապօրինությունների, շարունակել է քարոզարշավը` ոստիկանների ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ վաղը Փաշինյանի շտաբը պատրաստվում է շարունակել քարոզարշավը Մալաթիա Սեբաստիա համայնքում: