Փիթեր Սուրյան. «Դարպասը»

Փիթեր Սուրյան. «Դարպասը»
Ամերիկայում այսօր ապրում են ազգությամբ հայ անգլիագիր տաղանդավոր գրողներ, որոնց մի մասի ստեղծագործություններին ծանոթանում ենք թարգմանիչ Արամ Արսենյանի աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ: «Հրապարակի» նախկին համարներից մեկում ես անդրադարձել էի հայազգի գրողներից մեկի` Փիթեր Նաջարյանի «Վերջին հայը» վեպին, որ, ցավոք, նորից անտարբերության եւ անփութության ստվերի տակ է` ուշադրությունից ու դիսկուրսից զրկված: Վեպը մինչեւ հիմա էլ դեռ վաճառվում է գրախանութներում, բայց դրա հանդեպ հետաքրքրությունն այնքան նվազ է, որ հայկական բաժիններում գրադարակների վրա այն ընկալվում է որպես հերթական անօգտակար բրոշյուր: Եթե նույնիսկ այսօր հանճարեղ ու ցնցող մի գործ ստեղծվի, մեկ է՝ սկզբում ընկալվելու է էլի որպես բրոշյուր, որի հանդեպ ուշադրություն առաջացնելու եւ մատուցելու համար հսկայական ջանքեր են պետք` օգտագործելով հնարավոր եւ անհնար ինչ-որ միջոցներ: Անգլերեն լեզվի եւ գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանի «Դարպաս» վեպը (Երեւան, ՀԳՄ հրատարակչություն, 2011թ., թարգմանությունն անգլերենից՝ Արամ Արսենյանի) պատմում է Արեւմտյան Հայաստանում սկզբնավորված Ստեփանյանների գերդաստանի մասին, որոնք կոտորածների հետեւանքով հաստատվում են Ամերիկայում եւ փորձում ապրել` ընտելանալով այդ  նոր տարածության մշակույթին ու կենսաձեւին: Կենդանություն տալով անցյալին՝ Փիթեր Սուրյանը, իր իսկ խոսքերով, հիմնավորում է, որ անցյալը կարող է ավելի անմիջական լինել, քան անմիջական ներկան: Գրքի վերջում Ռիչարդ  Սուլիվանը վեպի մասին այսպես է գրում. «Կուռ, ուշագրավ, հիացմունքի արժանի վեպ: Ընտանեկան սեր, հատկապես հայր-որդի հարաբերություններում, քաղաքական զգոնություն, ազգային ուժգին զգացում, կրքոտ հայրենասիրություն եւ հեգնական մահ»: Արամ Արսենյանի թարգմանությամբ 2010 թվականին հայերենով առաջին անգամ լույս էր տեսել նաեւ Փիթեր Սուրյանի «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն: 2010 թվականին գրքի շնորհանդեսի կապակցությամբ Սուրյանը ժամանել էր Հայաստան եւ, հանդիպելով ԵՊՀ ուսանողների հետ, ընթերցել «Գրականության դերի մասին» դասախոսություն: Ինչքան հիշում եմ՝ իր վաստակի եւ գործունեության համար Հայաստանում Փիթեր Սուրյանին նաեւ մրցանակ է շնորհվել, բայց այս ուշագրավ արձակագրի, էսսեիստի, գրականության պրոֆեսորի, ում իր ուսանողները «Գրականության առյուծ» են անվանում, արժանի գնահատանքը կլինի հայ ընթերցողների կողմից նրա ստեղծագործությունների ճանաչումն ու դիալոգի սկիզբը:



Համարյա մեկ դար ապրելով` Փիթեր Սուրյանը Արամ Արսենյանի թարգմանությունների շնորհիվ ներկայանում է իր հայրենակից ընթերցողներին արդեն 21-րդ դարում: Իսկ ընթերցողին պարզապես մնում է հետաքրքրվել, վերցնել նրա գրքերը՝ թեկուզ գրադարաններից, եւ փորձել տեղափոխվել սուրյանական իրականություն, ուր հնարավոր է գտնվեն հարազատ պատմություններ ու զգացողություններ:



Գիրքը կարելի է գտնել Երեւանի փոքրաթիվ գրախանութներից մեկում: