Հաղթանակի եւ տխրության միջեւ

Հաղթանակի եւ տխրության միջեւ
ԱԺ ընտրություններից հետո դժվար է համակերպվել, հարմարվել չսկսված ու այդչափ սպասելի նոր կյանքին: Իսկ նրան սպասում էր նույնիսկ օդը, բնությունը, մարդկային միտքն ու հոգին: Հայաստանում, ավաղ, նոր կյանք չսկսվեց, «նոր», այսինքն՝ «փոփոխություն», այսինքն՝ երեւակայություն, միտք, ինքնատիպություն, արդարամտություն, ապագայի տեսլական: Մայիսի 9. օր, երբ համայն աշխարհը նշում է հաղթանակը մահվան հանդեպ, հաղթանակը հանուն կյանքի եւ ազատության շարունակության, հանուն ապրելու, երազելու եւ արարելու տեւումի: Ամեն տարի Մայիսի 9-ին մենք գնում էինք պապիկիս տոնը շնորհավորելու: Բաժակ էինք բարձրացնում. ասում էինք՝ շնորհավոր լինի: Պապիկս լռում էր: Ասում էինք` ապրես, որ կռվել ես, հաղթել ես ֆաշիստական տեռորին, իսկ նա տխրում էր ու խմում իր բաժին օղին: Երբեք պապիցս չեմ լսել հերոսապատումներ, հուշեր զոհված մարտական ընկերների մասին, իր գերության ու գերությունից մազապուրծ փախուստի մասին: Չեմ լսել, բայց աներեսի պես մինչեւ մահը հարցրել եմ: Պատասխանը բարի ժպիտն է եղել ու լռությունը: Ես վստահ եմ՝ պապս իրեն երբեք էլ հերոս չի զգացել, երբեք չի ցանկացել զենք վերցնել ու սպանել, տեսնել ականներից ջախջախված իր ընկերներին, այրված գյուղեր ու կյանքեր: Ինձ համար նա միշտ կմնա որպես մարդկային խղճի, իմացության, համեստության եւ պայծառ գիտակցության օրինակ, որ սիրում էր կյանքը՝ առանց ավելորդ բովանդակությունների ու ձեւերի, եւ ատում էր պատերազմը` լռությամբ ու տխրությամբ: Եվ հետաքրքիր է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի շատ ու շատ վետերաններ նույնկերպ լուռ էին, խոհեմ, հերոսական ձեւամոլ կաղապարներից բացարձակապես զուրկ:



Մայիսի 9-ը հայոց ազատագրական պատմության մեջ ամենակարեւոր օրերից մեկն է` Շուշիի հաղթանակը, որ օրհասական ակնթարթներում եւս մեկ անգամ ապացուցում է մեր կարողությունն ու մեր կամքի ներուժը: Առաջին անգամ տեսնելով գեղեցիկ Շուշին, որ ինձ համար ասես վառված դեմքով աղջիկ լիներ, անհավանական էր ըմբռնել այն բոլոր իրադարձությունները, մարտական գործողությունները, որի արդյունքում ձեռք բերվեց ինքնասիրություն եւ խաղաղություն: Շուշին ինքնատիպ էր, գեղեցիկ, բայց վախ ներշնչող, որովհետեւ ամայի էր: Հաղթանակն այն ժամանակ լիարժեք կդառնա, երբ Շուշի քաղաքը պայթի բնակչությամբ, երբ փողոցները լցվեն մարդկանց բազմությամբ, բակերում պայթեն երեխաների երջանկության ճիչերը:



Քանի դեռ Շուշին դատարկ է` ապագան մռայլ է ու անհույս, եւ ոչ մի ակնթարթ պիտի չմոռանանք, որ նրան կորցնելու հավանականությունը բացառվում է: Այսօր ոչինչ չի արվում Արցախի ամայի տարածքները բնակեցնելու ուղղությամբ: Դրանք մնում են լքված եւ օտար` շատ անփառունակ գեներալների ու իշխանավորների համար ծառայելով որպես ցորենի, գարու դաշտեր, նախիրների ու հոտերի արոտավայրեր: Արցախյան հաղթանակից հետո տուն դարձած մարտիկներից շատերն իրենց անբարոյական պահվածքով ու տգիտությամբ ստվեր նետեցին հաղթանակի վրա` քիթները խոթելով քաղաքականության մեջ, պետության ղեկավարման մեջ, բիզնեսի համար իրենց իսկ հայրենիքում գավթելով նորանոր տարածքներ եւ ասեղնահարելով ժողովրդին, ում համար ժամանակին կյանք էին տալիս: Եվ սա պատկերն է այն համատարած անգրագիտության, որ չարորակ ուռուցքի պես բռնել է մեր կոկորդից:



Այսօր շրջում էի քաղաքում, որ ոչ տոնի կարիք ունի, ոչ ուրախության եւ ոչ էլ բարգավաճման, որովհետեւ մի տեսակ դատարկ է, անհույս, ապատիկ կեցությամբ անժամկետ վարակված: Նախընտրական քարոզարշավը եւ ԱԺ ընտրությունները, կարծում եմ, շատ ծանր նստեցին մարդկանց վրա, եւ վերջնական ընտրության արդյունքը ապագայում տեսանելի կլինի: Մայիսի 9-ը ավելի շատ հնարավորություն էր մի փոքր քնելու, հիասթափության, հոգնության հետ կռիվ տալու ու պարզապես տանը լինելու: Ափսոս, որ մեր երկրում վաղուց հաղթանակները մեծ շուքով չեն նշվում: Մարդկային գիտակցության զբաղվածության ու մտագոհության աստիճանը թույլ չի տալիս լիովին ըմբռնել ու գնահատել արժեքի ձեռքբերումը, որովհետեւ մարդիկ տատանվում են՝ մահվան եւ կյանքի արանքով անցնող լարին հազիվ կանգնած: