Ստատուս քվոն պահպանվեց

Ստատուս քվոն պահպանվեց
Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ, որպես այդպիսին, չեն կայացվել: Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թեւերի միջեւ պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես եւս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ: ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես ԳԺ-ի քննարկման թեմա չէ, ԳԺ-ն ոչ թե անձերի, այլ մասնակցության սկզբունքներն է  քննարկում, այնուհանդերձ, հավերժական վեճը, թե ով պետք է լինի ՀՅԴ նախագահի թեկնածու, կա: Մանավանդ որ Հրանտ Մարգարյանն արդեն իսկ տասը տարվա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ ՀՅԴ Ընդհանուր ժողովն այլեւս կարող է առաջարկել, որ նա առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, ինչը Հ. Մարգարյանը մերժում է սկզբունքորեն:



Խնդրի նրբությունն այն է, որ ՀՅԴ թեկնածուն ավանդաբար հաղթող չի համարվում, եւ մասնակցությունն ընտրություններին լոկ օլիմպիական է, այդ իսկ պատճառով մինչ այժմ ընկեր Հրանտին հաջողվել է ուրիշներին պարտադրել թեկնածություն դնել: ՀՅԴ այս ԳԺ-ում ԳՄ անդամները 9-ից դարձել են 11: Նախկին ԳՄ անդամները հիմնականում վերընտրվել են: ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը: «Ուժային» հարաբերակցությունը ԳՄ-ում Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան տանդեմում մնացել է նույնը: Բայց եթե հաշվի առնենք այն, որ Ռուստամյանը պահպանել է իր «պոստը», իսկ Հրանտ Մարգարյանին չի հաջողվել իր «մարդուն» դարձնել ԳՄ ներկայացուցիչ, ապա այս տպավորությունը եւս խաբուսիկ է: