Համաշխարհային բանկը ՀՀ ԱԺ-ն զինել է ժամանակակից տեխնիկայով

Համաշխարհային բանկը ՀՀ ԱԺ-ն զինել է ժամանակակից տեխնիկայով
ԱԺ ազգընտիրները ուրբաթ օրը ԵԱՀԿ նախագահ Ռոմպոյի ելույթն ունկնդրում էին «թոփ» վիճակում` բառի ամենաուղիղ իմաստով: Նրանց բոլորի առջեւ դրված էին նոր «լափ-թոփեր»` «Ասեո» ֆիրմայի: ԱԺ «հարվարդյան տղերքն» սկսեցին շատ արագ խորանալ-տնտղել, փորձելով հասկանալ ինչն ինչից հետո է: Իսկ գործարար-գեներալական խավը «մոտ չգնաց» դրանց, չզգաց էլ, որ հսկա մոնիտորները փոխարինվել են առավել մոբիլ-ժամանակակից, իրենց աշխատանքը հեշտացնող տեխնիկայով: Այս «ինտելեկտուալ» խավի անտարբերությունն ունի նաեւ մեկ այլ պատճառ՝ նոր համակարգիչները միացված չեն ինտերնետին, եւ սաունաներից, ռեստորաններից ԱԺ դահլիճ տարհանված ազգընտիրները չեն կարող այնտեղ «հետաքրքիր» ֆիլմեր, սայթեր, նկարներ դիտել: Ինտերնետի բացակայության պաշտոնական բացատրությունն այն է, որ վիրուսներ չգան: Հատկապես ինչ վիրուսներ՝ չասացին:  Նոր համակարգիչներն ԱԺ «ինտելեկտուալներին» է տրամադրվել Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Հները, ասացին, առայժմ պահեստավորված են, հետո կբաժանվեն ֆրակցիաներին ու աշխատակազմին: